Գումարները վճարեցինք, դարձանք սպիտակ մարդ

Գումարները վճարեցինք, դարձանք սպիտակ մարդ

«Գումարները վճարեցինք, դարձանք սպիտակ մարդ»․ այսպիսի պատասխան տվեց մեզ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ի պատասխան մեր հարցին, թե արդյոք հարկայինի հետ իրենց խնդիրներն ավարտվե՞լ են, գործը փակվե՞լ է, թե՞ ոչ։ «Մենք ունեինք հարկայինի հետ խնդիրներ, գումարները վճարեցինք, դարձանք սպիտակ մարդ եւ սպիտակ մարդու նման օրենքի առաջ պարզ ման ենք գալիս, ապրում ենք, աշխատում ենք։ Թող յուրաքանչյուր մարդ էլ, ով որ ունեն նման խնդիրներ, այսպես մեզ նման մաքուր լինի։ Ոչ թե մարդիկ ասեն՝ սրա կռիշի տակ է, նրա կռիշի տակ է, սրա հովանավորության տակ է, այլ բոլորն էլ տեսան, որ մենք ոչ մի հովանավորչություն չունենք։ Մենք սխալ էինք հաշվարկ արել, մեր հաշվապահը սխալվել էր, եւ մենք տուգանվեցինք եւ դրա համար մեծ գումարներ վճարեցինք պետությանը։ Հայաստանի Հանրապետության օրենքն այդպես է, եթե հարկային պարտավորությունները վճարվում են, գործը կարճվում է»։



Դե, քանի որ օրենքի հետ խնդիրներ չկան, եւ, ինչպես ինքը՝ գործարարն է նշում, ապրում-աշխատում են, ուրեմն «հոգեւոր-մշակութային» գործունեությունն էլ պետք է որ լավ լինի։ Եվ չսխալվեցինք, Հակոբ Հակոբյանի նոր ֆիլմի սցենարը, որը, համոզված ենք, նույնքան «պոպուլյար» կլինի, քննարկման փուլում է։ Եթե հիշում եք, Հակոբյանը որոշել էր հոկտեմբերի 27-ի իր հիշողությունները պատմել ֆիլմի միջոցով, սակայն ձերբակալված ժամանակ «հոգեւոր հեղաշրջում» էր տեղի ունեցել՝ նոր ֆիլմը պատմելու է Գրիգոր Լուսավորչի կյանքի մասին․ «Մենք 3 ռեժիսորներ ենք հրավիրելու Իսրայելից, Իտալիայից եւ Հայաստանից մեկ ռեժիսոր ենք ընտրելու։ Դեպքերը լինելու են Իսրայելում, Հորդանան գետի հենց հարեւանությամբ, Իտալիայում եւ Հայաստանում։ Այնտեղ դրվագներ կան, որոնք որ վերաբերում է Քրիստոսին, Գրիգոր Լուսավորիչի մասին է, բայց պատմություն է։ Հիմա աշխատանքներ ենք տանելու, տեսնենք, թե այդ մարդիկ ինչքանով ներգրավված կլինեն, եւ փորձն ենք նայում նմանատիպ ֆիլմերի»։
Իսկ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Հիշողությունը», որը մի քանի ամիս առաջ «ֆուրոր» առաջացրեց դեռ ֆիլմը չդիտած քաղաքացիների մոտ, 14 օր ցուցադրվել է «Սինեմա սթար» կինոթատրոնում․ «Հիմա աշնանը մենք «Մոսկվա» կինոթատրոնում պետք է ցույց տանք»։ Պրն․ Հակոբյան, ասել էիք, թե «Հիշողություն» ֆիլմը ցանկացել են գնել թուրքերը։ «Այո, ֆիլմը ցանկացել են գնել, հետո, երբ մենք սկսեցինք ավելի խորանալ, տեսա, որ լրջանում է, պետք է գնել, պարզապես, որպես ֆիլմի տեր, ցանկացա իմանալ, թե որտեղ են ցույց տալու։ Հետո տեսա չեն կարողանում պատասխանել, կասկածներ առաջացան իմ մոտ։ Պայմանագրի մեջ կետ ավելացրեցի, որ եթե մեկ տարվա ընթացքում գնած ֆիլմը չցուցադրեն, ապա մեկ տարի հետո մենք իրավունք կունենանք մենք ցուցադրենք։ Իրենք այդ պայմանագրին դեմ եղան, իրենց պատվիրատուն Մոսկվայից էր, իրենք դիլլերական կազմակերպություն էին։ Հետո տեսանք, որ լուրջ բանի մասին է խոսքը, հասկացա, որ ֆիլմը գնում են չցուցադրելու համար, թուրքական բան նկատեցի։ Հրաժարվեցինք մենք»։ Ժամանակին հայտարարում էիք նաեւ, որ Ազգային ժողովի որոշ պատգամավորների «մատը խառն է» դրան։ «Այո, գիտեք, ոչ թե մարդիկ գիտեին, որ ֆիլմը թուրքերն են առնելու, պարզապես ինձ մտերիմ մարդիկ միջնորդել էին, նման առաջարկություն կա, իրենց ընկերներն են, միջնորդել են։ Պարզապես ծանոթացրել են այդ մարդկանց հետ, թե չէ իրենք շահագրգիռ կողմ չէին ոչ ֆինանսական, ոչ այլ բանով, պարզապես իրենց միջոցով էին։ Երբ ես բացահայտեցի, իրենք էլ զարմացան, վատ զգացին»։