Եթե Ռուզաննա Խաչատրյանին հարվածելու ցանկություն լիներ

Եթե Ռուզաննա Խաչատրյանին հարվածելու ցանկություն լիներ

Ինչպես նախորդ՝ «Ինչո՞ւ Ռուզաննա Խաչատրյանի դեմ չկա զրպարտություն» հոդվածում գրել էինք, Ռուզաննա Խաչատրյանին հարվածելու որեւէ ցանկություն «Հրապարակի» խմբագրությունը չի ունեցել եւ չունի: Երկու պատճառով․ առաջինը, որովհետեւ տիկ. Խաչատրյանը որեւէ պատասխանատու պաշտոն չի զբաղեցնում եւ չի վնասում Հայաստանին: Երկրորդ, որովհետեւ Սեյրան Օհանյաննի կինն է, ում հանդեպ հատուկ վերաբերմունք չունենք՝ ոչ առանձնահատուկ ակնածանք, ոչ արհամարհանք, ոչ ատելություն: Ավելին՝ խմբագրությունում որեւէ խնդիր չենք տեսել Ռուզաննա Խաչատրյանի ուղարկած հերքումը տպագրելու հարցում, ինչպես նախօրեին իր ղեկավարած ՀԿ-ից ստացած գրությունն էինք տպագրել։ Եթե Խաչատրյանը, իր փաստաբանը եւ փաստաբանի օգնականն օրենքը հարգեին եւ մեկ շաբաթվա փոխարեն մի օր էլ չանցած՝ դատարան չդիմեին, գուցե երկրորդ գրությունն էլ տպագրեինք:



Մինչդեռ հայցավոր Խաչատրյանը եւ իր փաստաբանը կատարյալ անպատասխանատվությամբ բարձրաձայնում են, թե իբր «Հրապարակը» Ռուզաննա Խաչատրյանին վարկաբեկելու, արժանապատվությունը վիրավորելու, հարվածելու մտադրություն կամ ցանկություն ունի: Եվ, պատկերացնո՞ւմ եք… այնքան անկարող է, որ տիկնոջը հարվածելու համար, որպես միջոց ու ճանապարհ, դիմում է սոցիալական ցանցերում կամ այլուր շրջանառվող նյութերին: Դժվար է չժպտալ…



Հավատացնում ենք, տիկ. Խաչատրյանին հարվածելու համար բավական է իր ցանկացած, թեկուզ նույն՝ «ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԽՐԱՆՔ, ՔԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԶՈՀԱԲԵՐՎԵԼԸ» հարցազրույցը (http://amda.am/?p=572), որ Խաչատրյանն ինքն է առաջարկել կարդալ իր ֆեյսբուքյան 19.05.2015թ. գրառման մեջ: Անգամ այդ հարցազրույցում տիկինն այնքան իրարամերժ եւ անդրադառնալու արժանի հայտարարություններ է արել, այնքան չհամընկնող եւ կասկածելի իրավիճակներ ու դեպքեր է նկարագրել, որ դրանց հավաստիությանը հետամուտ լինելու դեպքում ոչ միայն տիկնոջ ու իր շրջապատի, այլեւ անգամ պետության համար կարող էին խնդիրներ ծագել: Հարցազրույցի մի մասն ինչ-որ վենդետայի մասին է` արյան ու սպանության նկարագրություններ են անցյալ դարից, մի մասը զավեշտ է, բայց ավելի էականը` հարցազրույցում կան խնդրահարույց դրվագներ, որոնց մի մասի հավաստիությունը ճշտելու համար նամակով օրեր առաջ դիմեցինք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:



Նամակը մեջբերում ենք ամբողջությամբ.



«Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան
Ն. Գ. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին
3 հուլիսի, 2015թ.

Հարգելի պրն. դեսպան,
Թույլ տվեք անհանգստացնել Ձեզ՝ ներքոշարադրյալ երեք հարցերի վերաբերյալ դեսպանատան պաշտոնական պատասխանն ստանալու խնդրանքով:
Նախ՝ նախապատմությունը: ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական եւ «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզան Խաչատրյանը (ով, ի դեպ, մեր թերթի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ պնդելով, թե այլ լրատվամիջոցներում հրապարակված, իր կողմից չհերքված եւ մեր կողմից մասամբ արտատպված տեղեկությունները հանդիսանում են իր հանդեպ զրպարտություն) իր ղեկավարած ՀԿ-ի կայքէջում (www.amda.am) հրապարակել է հարցազրույց՝ «ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԽՐԱՆՔ, ՔԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԶՈՀԱԲԵՐՎԵԼԸ» վերնագրով (http://amda.am/?p=572), որտեղ մի շարք տարակուսելի հայտարարություններ է արել: Մեզ հատկապես հետաքրքրում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան գործունեության եւ Ֆրանսիայի կրթական համակարգի վերաբերյալ տիկ. Խաչատրյանի հետեւյալ հայտարարությունների հավաստիությունը:



1. «… -Ես ստիպված էի դիմել հոգեբանի։ Նա ինձ խորհուրդ տվեց մի քիչ հանգստանալ: Եկա Հայաստան ու հենց այդ ժամանակ էլ հանդիպեցի Սեյրան Օհանյանին։
- Նա Արցախի պաշտպանության նախարա՞րն էր։
- Այո՛։ Նրան տեսա Ֆրանսիայի հյուպատոսի տանը։ Գեներալական համազգեստով էր, ինչ-որ աննկարագրելի վեհություն ու ակնառու հմայք կար նրա կեցվածքում, ինչ-որ բարձր, ամուր, ազնիվ, հուսալի շեշտ… Ֆրանսիացիները ճաշկերույթ էին կազմակերպել։ Բազմաթիվ բաժակներով, ափսեներով, դանակ-գդալ-պատառաքաղներով բեռնված սեղանի կողքին ֆրանսիացիները սեւեռուն հետաքրքրասիրությամբ նայում էին վերջերս պատերազմ տեսած, նոր անկախացած ու դեռ չճանաչված փոքրիկ երկրի երիտասարդ գեներալին, որը պիտի նաեւ սեղանապետություն աներ»։



Խնդրում ենք Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնական պատասխանը տիկ. Խաչատրյանի խոսքերից բխող հետեւյալ հարցին.
«Արդյո՞ք ԼՂՀ նախարարներին ընդունելը սովորական դրվածք է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանների կամ հյուպատոսների համար: Իրականությանը համապատասխանո՞ւմ է տիկ. Խաչատրյանի պնդումը, թե ԼՂՀ պաշտպանության նախարարները հյուրընկալվում են ՀՀ-ում ֆրանսիացի դիվանագետներին, եւ արդյո՞ք նման հանդիպումներին ներկա են գտնվում ոչ միայն ռազմական կցորդներ, այլեւ պատահական անձինք, դիցուք՝ ատամնաբույժներ»:



2. Նշյալ հարցազրույցում տիկ. Խաչատրյանը հայտարարում է.
«…Ես բարձր գնահատականներով ավարտեցի Երեւանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետը, սկսեցի աշխատել։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ ֆրանսիացի բժիշկները երիտասարդ հայ բժիշկներին վերապատրաստելու ծրագիր էին իրականացնում Հայաստանում։ Մասնակցեցի մրցույթին։ 70 դիմորդներից ընտրվեցին 4-ը, այդ թվում՝ ես:
…Աշխատում էի առավոտից իրիկուն, որպեսզի ոչ ոքի թույլ չտամ խղճալու ինձ կամ վերեւից նայելու (հատկապես արտասահմանցի գործընկերներիս):
…Ես պարապում էի անհավանական ջանասիրությամբ ու ծրագիրը յուրացրի: Սակայն չկարողացա հաղթահարել հոգեբանական պատնեշը եւ հիվանդացա: … Ես ստիպված էի դիմել հոգեբանի։ Նա ինձ խորհուրդ տվեց մի քիչ հանգստանալ: Եկա Հայաստան ու հենց այդ ժամանակ էլ հանդիպեցի Սեյրան Օհանյանին:
…Ես այնպես ներշնչվեցի այդ հերոսական, ազնվակերտ ու վեհանձն գեներալով, այնպիսի ներքին ուժ ստացա նրանից, որ բոլոր վիրավորանքներս, կասկածներս, հիասթափություններս նահանջեցին։ Օրեր անց վերադարձա Ֆրանսիա ու փայլուն հանձնեցի քննություններս»։



Տիկ. Խաչատրյանը, ով ծնվել է 05․01․1968-ին, բարձրագույն կրթություն է ստացել ԽՍՀՄ-ում, ենթադրաբար 1984(85)-1989(90)թթ., իսկ Ֆրանսիա է մեկնել Սեյրան Օհանյանի` ԼՂՀ ՊՆ պաշտոնավարության շրջանում (2000-07), հավատացնում է, որ ինքը Ֆրանսիայում կրթություն է ստացել (դատելով քննությունների հանգամանքից` ենթադրելի է Ֆրանսիայի կառավարության դրամաշնորհային ծրագրով) եւ զուգահեռաբար աշխատել է:
Խնդրում ենք հայտնել. արդյո՞ք Ֆրանսիայի կողմից օտարերկրյա ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների պայմանները վերջիններիս թույլ են տալիս կրթությանը զուգահեռ աշխատել, եթե թույլ են տալիս, ապա ի՞նչ ժամաքանակով, ի՞նչ հաստատություններում եւ ի՞նչ որակավորմամբ:



3. Վերջապես, նույն հարցազրույցում տիկ. Խաչատրյանն ասում է.
«…Աշխատում էի առավոտից իրիկուն, որպեսզի ոչ ոքի թույլ չտամ խղճալու ինձ կամ վերեւից նայելու (հատկապես արտասահմանցի գործընկերներիս): Ես հրաժարվել եմ անվճար տրված անմխիթար հանրակացարանից եւ ապրել եմ բարեկարգ ու հարմարավետ բնակարանում, ֆրանսիացի գործընկերներս ինձ տեսել են ամենանրբաշուք հագուստով ու արդուզարդով…»:



Խնդրում ենք հայտնել, արդյո՞ք օտարերկրացիներին հյուրընկալող ֆրանսիական կրթական հաստատությունների հանրակացարաններում նման անմխիթար պայմաններ են տիրում, որ գերադասելի է դրանցում չապրելը: Արդյո՞ք կառավարական կրթաթոշակներով Ֆրանսիայում գտնվող ուսանողներին թույլատրվում է հատկացվող հանրակացարաններից դուրս հաստատվել եւ ո՞ր դեպքերում:



Կանխավ շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար: Երախտապարտ կլինենք, եթե հարցադրումների պատասխանները դեսպանատան կողմից մեզ ուղարկվեն առաջիկա շաբաթվա ընթացքում»:



Դեսպան Շարպանտյեից ստացանք հետեւյալ պատասխանները.
«…Ձեր առաջին հարցի կապակցությամբ, պնդում եմ, որ դիվանագիտական վարվելակերպից դուրս է մեկնաբանելը, թե օտար պետության այս կամ այն նախարարն ինչպես է հանդիպել իր կնոջը կամ ամուսնուն: Դա կատարելապես անձնական հանգամանք է (Sur votre première question, je persiste à dire qu’il n’est pas dans la pratique diplomatique de faire des commentaires sur la manière dont tel ou tel ministre d’un pays étranger a fait la connaissance de son conjoint. Il s’agit d’une question strictement personnelle)։



Ձեր երկրորդ հարցի վերաբերյալ. Ֆրանսիայի ներկա օրենսդրությունը թույլ է տալիս, որ օրինական կերպով Ֆրանսիայում գտնվող արտասահմանցի ուսանողն աշխատի տարվա ընթացքում առավելագույնը 964 ժամ (Sur votre deuxième question, la législation française actuelle permet à un étudiant étranger résidant régulièrement en France de travailler un maximum de 964 heures par an)։



Ձեր երրորդ հարցի կապակցությամբ. Ֆրանսիայում օտարերկրյա ուսանողներին տրամադրվում են ճիշտ նույնպիսի սենյակներ, ինչ ֆրանսիացի ուսանողներին: Ինչպես կպատկերացնեք, դրանք միեւնույն ստանդարտը չունեն ամբողջ երկրում, եւ մի քաղաքից մյուսը դրանց հարմարավետությունը կարող է տարբերվել: Ինչ վերաբերում է դրանք գնահատելուն, իհարկե, գնահատումը սուբյեկտիվ է, դա ակնհայտորեն ճաշակի հարց է (Concernant votre troisième question, les chambres mises à la disposition des étudiants étrangers sont en France exactement les mêmes que celles attribuées à des étudiants français. Comme vous pouvez l’imaginer, elles ne sont pas standards sur tout le territoire, et les prestations peuvent varier d’une ville à l’autre. Quant à l’appréciation que l’on peut leur porter, elle est subjective ; il s’agit là bien évidemment d’une affaire de goût personnel.)»։



Այսինքն, եթե արտասահմանյան ուսանողին թույլատրվում է առավելագույնը 964, այսինքն, օրը 2-3 ժամ աշխատել, ինչպե՞ս էր տիկ. Խաչատրյանը Ֆրանսիայում առավոտից երեկո աշխատում: Կամ 2-3 ժամվա աշխատավարձով արդուզա՞րդ էր գնում: Սենյակները, որ ֆրանսիացի համալսարանականներին գոհացնում են, տիկ. Խաչատրյանին թվում էին անմխիթար հանրակացարա՞ն: 



Առաջին հարցի կապակցությամբ արժանին մատուցենք դեսպան Շարպանտյեի դիվանագիտական տաղանդին եւ մանեւրին` Ֆրանսիացի դիվանագետների եւ ԼՂՀ նախարարների միջեւ շփումների փաստը հաստատելուց կամ հերքելուց խուսանավելու համար: Չէ՞ որ եւ հաստատումն է խնդիր ստեղծում, եւ հերքումը: 



Այժմ տիկ․ Խաչատրյանը գիտակցո՞ւմ է, թե ինչպես կարող է իր ամեն մի խոսքը խոցելի լինել եւ որքան խնդիրներ կարող է ստեղծել իր, իր ամուսնու եւ անգամ մեր պետության համար: Եվ եթե «Հրապարակը» տիկ. Խաչատրյանի հարցազրույցները չի առել մանրադիտակի տակ եւ վերլուծել, ապա մի պարզ պատճառով՝ նման խնդիր իր առջեւ չի դրել։ Եվ նրա անձին էլ անդրադարձել է խիստ հպանցիկ՝ բոլորովին այլ վերլուծություն, այլ գաղափար ընթերցողին փոխանցելու նկատառումով։



Շարունակելի
«Հրապարակ» օրաթերթ