ՄԻԵԴ դատավորը Սուրիկ Խաչատրյանի ազգականն է

ՄԻԵԴ դատավորը Սուրիկ Խաչատրյանի ազգականն է

ՀՀ նախկին օմբուդսմեն, ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է։ Մեր այս տեղեկությունը հաստատեց ինքը մարզպետը։ Հարցին, թե ինչ ազգակցական կապ կա իր և նախկին ՄԻՊ Հարությունյանի միջեև, նա պատասխանեց․ «Նա իմ «դվայուրդնի քրոջ» տղան է»։ Փաստորեն, ի թիվս Հայաստանի դեմ ներկայացվող այլ գանգատների, Արմեն Հարությունյանը քննելու է 2 տարի առաջ մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի բողոքն ընդդեմ Հայաստանի։ Ազգակցական կապը կասկածի տակ է դնում Հայաստանը ներկայացնող դատավորի անաչառությունը։ Հիշեցնենք, որ Էմիլ Բուդաղյանն իր բողոքում արձանագրել է արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի, կյանքի և տեղեկություն ստանալու իրավունքի խախտումներ։ Իհարկե, կարելի էր հուսալ, որ Հարությունյանը կմոռանա իր կապերը՝ ազգակցական և միանգամայն օգտակար, կփորձի դատել արդար։ Բայց նրա կենսագրությունը նման հույսի տեղ չի թողնում։ Օրինակ, նա Սուրիկ Խաչատրյանի համար Պետական կառավարման ակադեմիայի դիպլոմ է «դասավորել»։ Մարզպետն այդ ակադեմիայում սովորել է 2000-2003 թվերին և ստացել է «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությունը։ Իսկ Արմեն Հարությունյանն այդ ժամանակ՝ 2002-2006 թթ., նշյալ ակադեմիայի ռեկտորն էր։ Արմեն Հարությունյանի եղբայրը՝ Տիգրան Հարությունյանը, հարազատ Սյունիքում դատախազ է աշխատել։ Նա նաև Արմավիրի դատախազութունում է քննչական աշխատանքով զբաղվել, իսկ 2004 թվականին տեղափոխվել է Երևանի դատախազություն, ավագ քննիչ նշանակվելով։