Ֆինանսական եւ դատական խնդիրներ առաջացնելով, փորձում են կանխել Արթուր Բաղդասարյանի հնարավոր քաղաքական ամբիցիաները

Ֆինանսական եւ դատական խնդիրներ առաջացնելով, փորձում են կանխել Արթուր Բաղդասարյանի հնարավոր քաղաքական ամբիցիաները

Նախօրեին լուր տարածվեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող «Հայասի» ընկերությունը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած, ուստի այն ցանկանում է վաճառել, բայց գնորդ չի գտնում։ Մեր տեղեկություններով, սակայն, «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլեւ իրավական խնդիրներ ունի: Շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը, որը, ի դեպ, միայն ինքն իրավունք ունի արտադրել ու վաճառել «Շոտլանդական վիսկի» անվանումով խմիչքը, դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինս, առանց իր հետ որեւէ համագործակցության, «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում ու վաճառում: Դատական գործն Արագածոտնի մարզի դատարանում է, եւ, մեր տեղեկություններով, դատավոր Գ. Նարինյանն արգելանք է դրել «Հայասիի» ապրանքների վրա: Իսկ սա նշանակում է, որ դատարանն արգելել է ընկերության արտադրանքի վաճառքը: Եվ եթե ֆինանսական խնդիրների մասին տեղեկությունները ճիշտ են, ապա դատարանի որոշումն ավելի կվատացնի վիճակը: Չի բացառվում, որ իշխանություններն այսկերպ՝ ֆինանսական եւ դատական խնդիրներ առաջացնելով, փորձում են կանխել Արթուր Բաղդասարյանի հնարավոր քաղաքական ամբիցիաները: Հակառակ պարագայում կարելի է ենթադրել, որ դատավորն առյուծի կաթ է խմել իշխանության հետ սերտ կապեր ունեցող Արթուր Բաղդասարյանի ընկերության հետ կապված նման որոշում կայացնելիս: