Վճռաբեկ դատարանը վիճակախաղի պես բան է

Վճռաբեկ դատարանը վիճակախաղի պես բան է

Վերջին տարիներին Հայաստանի փաստաբանները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում ընդդեմ վճռաբեկ դատարանի գործելաոճի։ Փաստաբանները մեղադրում էին վերին ատյանին իր տեղում չլինելու մեջ, կամայականությունների, չպատճառաբանված, չբացատրվող որոշումների, երկակի ստանդարտների կիրառման, ստորին ատյաններում թույլ տրվող խախտումների վրա աչք փակելու մեջ։ 2012 թվականին նրանք հանձնախումբ ստեղծեցին, որը ի մի էր բերում խախտումները։ Հարցով զբաղվեց ՀՀ նախագահը, իր մոտ հրավիրելով փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանին։ 2 տարի առաջ փաստաբանները կրկին «ալեկոծվեցին», արձագանքելով, որ վճռաբեկի գործելակերպը չի փոխվել։ Նրանցից մոտ 50 հոգի մի քանի օր դադարեցին մասնակցել դատավարություններին, քննչական կամ այլ դատավարական գործողությունների: Հայկ Ալումյանի բնորոշմամբ, «դատադուլ» արեցին։ Ի՞նչն է փոխվել այսօր։ Արդյո՞ք ինչ-որ դրական տեղաշարժեր կան։ Այս հարցերն ուղղեցինք ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։



Գևորգ Գյոզալյան․ «Բնականաբար, վճռաբեկի գործելակերպում ոչինչ էլ չի փոխվել։ Կանխում եմ ձեր երկրորդ հարցը, թե ինչու չենք պայքարում էլ ակտիվորեն։ Անկեղծ ասած, չգիտեմ։ Չեմ կարծում, որ փաստաբանները հուսահատվեցին։ Փաստաբանը այն տեսակը չի, որ հուսահատվի։ Ամեն օր ամեն, ժամ պայքարի մեջ է։ Եթե նույնիսկ այն բանից հետո երբ մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակում, նշում է, թե վճռաբեկում ինչ գումարներ են վերցնում, բայց նախագահի ուշադրությունը զրո է, կարծում եմ, որ պայքարն անլուրջ է։ Ի վերջո, մենք հենց նախագահին էինք ուզում ցույց տալ, հասցնել տիրող վիճակը, և ցույց տվեցինք։ Իրականում, երևի թե փոփոխությունն ամբողջ համարկարգում պետք է լինի, ոչ թե միայն վճռաբեկում։ Եթե ոչ, մի առանձին վերցված օղակը չի կարող նորմալ աշխատել»։ 



Հայկ Ալումյան․ «Մի քիչ օրենքն է որոշակիացվեց։ Նախկինում կար դրույթ, որ գործը կարող է ընդունվել վարույթ, եթե դատական ակտը, կամ սխալը ծանր հետևանքեր է առաջացրել։ Այս անորոշ եզրույթը հանվեց, մտցվեց որոշակի հստակություն անորոշ սահմանումների մեջ, և ես սա միանշանակ կապում եմ մեր ակցիաների հետ։ Դեռ գործադուլից առաջ խոստացան, որ կանեն փոփոխություններ, ու փաստորեն, արեցին թեև ժամկետի ուշացումով։ Բայց վճռաբեկ դատարանի կողմից գործը վարույթ ընդունել- չընդունելը մնաց կրկին վիճակախաղի պես մի բան»։ Ըստ փաստաբանի, մեր իրավապահները իրենց հովանավորյալներին օգնելու հետաքրքիր և խորամանկ ձև են գտել նաև։ Եթե ուզում են մեկին օգնել նախաքննության փուլում, մեկի վճռաբեկ բողոքը վարույթ են ընդունում, որը համանման իրավիճակում է, մեկնաբանություն են տալիս, նախադեպ են ստեղծում և օգտագործում են սա նախաքննության փուլում գտնվող հովանավորյալի համար։ Թե որ գործերը նկատի ունի փաստաբանը, նա չասաց, խոստանալով հայտնել առաջիկայում։