«Զարզանդը վայելում է մեր դպրոցի կոլեկտիվի ու աշակերտների հարգանքն ու սերը».դպրոցի տնօրեն

«Զարզանդը վայելում է մեր դպրոցի կոլեկտիվի ու աշակերտների հարգանքն ու սերը».դպրոցի տնօրեն

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտնի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը երեկ սեպտեմբերի 1-ին նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղեկալ: Տխրահռչակ Զարզանդ Նիկողոսյանի անունը հիշատակվում է Սուրիկ Խաչատրյանի հետ կապված բոլոր աղմկահարույց պատմություններում, նա համարվում է մարզպետի աջ ձեռքը, նրա կեղտոտ գործերի իրականացնողը: Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով նա նույնպես մեղադրյալ էր: Ամիսներ առաջ էլ մեզ հետ զրույցում խոստովանել էր, որ հարձակվել է Լիսկայի դեմ մահափորձ կատարելու գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի խանութի վրա, կոտրել խանութի ապակիներն ու դռները: Նիկողոսյանին թերեւս արժանին են մատուցում բոլոր «սխրանքների» համար, որոնք նա իր «տիրոջ» համար արել է: Որ ամենազարմանալին է՝ նա համատեղելու է Լիսկայի թիկնապահի կարգավիճակն ու ու դպրոցի փոխտնօրենի պաշտոնը: Զարզանդ Նիկողոսյանին իր տեղակալ նշանակած Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ Զարզանդ Նիկողոսյանի գնահատականը ոչ թե «հանրության գնահատականն է, այլ մի քանի բամբասկոտների, չարամիտների եւ չարախոսների», իսկ իրականում նրան սիրում են բոլորը:



-Բա, իհարկե, ես եմ ստորագրել Զարզանդ Նիկողոսյանի հրամանը, ո՞նց կարելի է իմ հրամանի տակ ուրիշ մեկը ստորագրի: Հրամանը ես եմ տվել, նրան անձամբ ես եմ հրավիրել մեր դպրոց, դեռեւս անցած ուսումնական տարվանից համատեղության կարգով աշխատել է մեր դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, համապատասխան գիտելիքների, հմտությունների, որակների շնորհիվ կարողացել է կարճ ժամանակահատվածում ձեռք բերել երեխաների, ծնորղների, ամբողջ կոլեկտիվի հարգանքն ու սերը, ունի համապատասխան փաստաթուղթ, ընդ որում՝ երկու կարմիր դիպլոմ:



Ի՞նչ կրթություն է ստացել Զարզանդ Նիկողոսյանը:



-Ավարտել է Երեւանի ֆիզկուլտինստիտուտը եւ Գորիսի պետական համալսարանը՝ կարմիր դիպլոմով, դիպլոմի մեջ էլ գրած է մանկավարժ:



Հիմա, փաստորեն, նրան նշանակել եք Ձեր փոխտնօրեն՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով, ո՞րն է լինելու նրա առաքելությունը ձեր դպրոցում:



-Իր առաքելությունը դասղեկների հետ աշխատանքն է լինելու, երեխաների հետ դաստիարակչական աշխատանք, երեխաների մասնագիտական կողմնորոշման հետ կապված աշխատանքներ, դպրոցի աշակերտական խորհրդի հետ անմիջական աշխատանքն կազմակերպող:



Դուք կարծում եք, որ Զարզանդը կարո՞ղ է սերունդ դաստիարակել, նա հանրությանն առավելապես հայտնի է իր ծեծելու, ջարդելու, խոշտանգելու, ահաբեկելու եւ նման այլ կարգի հատկանիշներով:



-Հավատացեք, ինձնից ավելի մտահոգ ոչ ոք չի կարող լինել, ես իմ բոլոր նշանակումների համար պատասխանատու եմ եւ Ձեզ բարձրաձայն կարող եմ վստահեցնել, որ Զարզանդ Նիկողոսյանի գնահատականը ոչ թե հանրության գնահատականն է, այլ մի քանի բամբասկոտների, չարամիտների եւ չարախոսների, ովքեր ընդունակ են անգամ ինձնից, ձեզանից խոսել: Իսկ Զարզանդ Նիկողոսյանը բացի լավից, բացի դրականից, բացի երեխաների նկատմամբ բարյացակամությունից եւ ճիշտ մոտեցումներից որեւէ վատ բան չի արել ու չի կարող անել, որովհետեւ ոչ թե որպես տնօրենի նախ ես չեմ թույլ տա, այլ կոնկրետ այդ մարդն այդպիսին է: Ես շատ կցանկանայի, որ իրեն որպես մարդու տեսակի ճանաչեիք, ոչ թե այլ ասեկոսությունների հավատայիք:




Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի վաղվա համարում