Սեպտեմբերի 4-ի խորհրդարանական լսումներին 25-ից ավել կազմակերպություններ են մասնակցելու

Սեպտեմբերի 4-ի խորհրդարանական լսումներին 25-ից ավել կազմակերպություններ են մասնակցելու

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 4-ին տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ սահմանադրական փոփոխությունների թեմայով։ Լսումներին մասնակցելու համար տրամադրվել է հանձնաժողովի հեռախոսահամարը, որով զանգահարում են շահագրգիռ անձինք և գրանցվում։ Hraparak.am-ը զանգեց տվյալ հեռախոսահամարով՝ հետաքրքրվելու, թե հիմնականում ինչ շրջանակներից են եղել զանգահարողները, ովքեր են և քանի հոգի է արդեն դիմել իրենց այդ հարցով։



Հանձնաժողովի աշխատակցուհին ասաց, որ մանրամասներ չի կարող ասել՝ ովքեր են եղել, քանի հոգի, սակայն նշեց, որ հետաքրքվողները կազմակերպություններ և ՀԿ-ներ են եղել, նաև քաղաքական ուժերից են դիմողներ եղել։ «ՀԿ-ներից են ճնշող մեծամասնությունը և կուսակցություններից»,-ասաց նա։ Իսկ վստահ լինելու համար, որ զանգահարողն իսկապես ճիշտ է ասում, իրենք հեռախոսահամար են վերցնում նրանից, նաև ստուգում են՝ կա՞ արդյոք նման կազմակերպություն, թե՞ ոչ, և եթե ինչ-որ խնդիր է լինում, իրենք լրացուցիչ կապ են հաստատում նրանց հետ։ Գրանցման վերջնաժամկետն այսօր է՝ մինչև 18։00-ն։



Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն ավելի շատ լուսավորեց մեզ այս հարցում։ Նա նախ ասաց, որ ցանկը դեռ մշակվում է, ուստի տվյալները դեռ չեն ամփոփել, որ անվանական ասի՝ ովքեր են դիմողները։ Բայց և հաստատեց, որ դրանք հասարակական կազմակերպություններ են, արտախորհրդարանական ուժեր, տարբեր կազմակերպություններ։



«Այս պահի դրությամբ՝ նախնական 25-ից ավել կազմակերպություններ ներկայացրել են հայտ, դրանց մեջ մտնում են նաև արտախորհրդարանական քաղաքական ուժեր, ՀԿ-ներ և այլն»,-ասաց պարոն Սահակյանը։



Իսկ ինչպե՞ս են ընտրում՝ ու՞մ ընդունել, ու՞մ՝ ոչ։ «Բոլորին էլ ընդունում ենք, յուրաքանչյուր կազմակերպություն մեկ ներկայացուցիչ կարող է ուղարկել՝ հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, որպեսզի նստելու հետ կապված խնդիրներ չլինեն»,-ասաց հանձնաժողովի նախագահը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ