Տղամարդ տղայա, էլի, կարող ա մեկին էլ ծեծի․ Սյունիքի մարզպետը՝ Զարզանդի մասին

Տղամարդ տղայա, էլի, կարող ա մեկին էլ ծեծի․ Սյունիքի մարզպետը՝ Զարզանդի մասին

Այսօր առավոտյան լուր տարածվեց, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին նշանակել են Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն։ Մամուլում աղմուկ բարձրանալուց ժամեր անց, սակայն, նրա նշանակումը չեղյալ հայտարարվեց։ Բոլորը սկսեցին քննադատել, թե ծեծուջարդերի մասնագետ, կրիմինալ համբավ ունեցող «ախրանիկը» նշանակվել է դպրոցի փոխտնօրեն։ Այս լուրը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց նաև տվյալ դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը՝ գովասանքի դավթարը բացելով Զարզանդի մասին, թե շատ լավ տղա է, բարյացակամ, հոգատար, վայելում է ուսուցիչների և աշակերտների սերն ու հարգանքը, մի խոսքով՝ իսկը անբասիր վարքով 40 տարվա վաստակաշատ մանկավարժ։ Մամուլում բարձրացված աղմուկից հետո, սակայն, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արագ արձագանքեց եւ իր ֆեսյբուքյան էջում ավետեց․ «Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը»։ Դեռ մի բան էլ շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին՝ «օպերատիվ աշխատանքի համար»։ Ասել է թե, մամուլը սթափեցրեց իրեն և բոլորին, հետո էլ կբողոքեն մամուլից, թե գաղջ մթնոլորտ ենք ձևավորում։
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս հարցով Hraparak.am-ի հետ զրույցում իրարամերժ պատասխաններ տվեց՝ ակամա սուտ հանելով դպրոցի տնօրենին, հասցրեց վիրավորել այս և իր մասին մեկ այլ ինֆորմացիա հրապարակած լրատվամիջոցին ու լրագրողին։



-Պարո՛ն Խաչատրյան, Ձեր թիկնապահին նշանակեցին դպրոցի փոխտնօրեն, հետո նորից ազատեցին, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։



-Ոչ նշանակել են, ոչ էլ ազատել։



-Այսինքն՝ չի՞ նշանակվել փոխտնօրեն։



-Զարզանդը չի նշանակվել, չգիտեմ՝ Ձեզ ով ա ինչ ասել, բայց Զարզանդը փոխտնօրեն չի նշանակվել։



-Բայց դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում հաստատեց, ասաց՝ այո, նույնիսկ գովեց, թե շատ լավ տղա է։



-Որ լավ տղայա, չի նշանակում, որ վատ տղայա, դե լավ տղայա, ինչ անենք, որ լավ տղայա, դպրոցի տնօրենն ասի՝ վա՞տ տղայա․․․ ես ասում եմ, որ չի նշանակվել, հիմա ինձանից հարցնում ես՝ նշանակվել ա, թե չէ, ես ասում եմ՝ չի նշանակվել։



-Փաստորեն տնօրենը ճիշտ չի՞ ասել։



-Տնօրենը քեզ հաշվետու՞ ա, որ ճիշտ ասի կամ սխալ ասի։ Ինչո՞վ ա հաշվետու Ձեզ, խնդրում եմ հլը ինձ ասա։



-Հաշվետուի հարց չի այստեղ, բայց մամուլ ենք, զանգում ենք հստակ տեղեկություն իմանալու․․․



-Բա ինչի՞ մասին ես խոսում, տնօրենը հո ձեզ հաշվետու չի՞։ Դե մամուլ եք, զանգում եք, հիմա, եթե դուք ձեզ թույլ եք տվել մտնեք դպրոցի բաների մեջ, թե դպրոցի տնօրեն ով ա նշանակվել, ով ա ազատվել, տնօրենն էլ կարա ձեզ ոչ ճիշտ պատասխանի։



-Բայց դա, ըստ Ձեզ, էթիկապես ճի՞շտ է, որ ճիշտ ինֆորմացիա չտան։



-Իսկ ճիշտ ա, որ մի շաբաթ առաջ գրում էիք, որ քաղաքապետի եմ ծեծել, երբ ընդհանրապես նման բան չի եղել, էդ ճի՞շտ էր, որ գրել էիք։ Ոչ մի անգամ էդ ճիշտը ձեզ չի վերաբերում, հա՞, ուրիշներին ա վերաբերում էդ ճիշտը։ Բա մի անգամ էլ դուք ձեզ ճիշտ պահեցեք, էլի, ոչ թե ուրիշներից էդ ճիշտը պահանջեցեք։



-Էդ նյութը մենք չենք գրել, իհարկե, բայց․․․



-Դե, հիմա, ես գրողին էլ եմ ասել, ասել եմ՝ անողի հերն էլ անիծած, գրողին էլ։ Հիմա դա ի՞նչ ա նշանակում, սուտ, սուտ, էդ կարգի՞ սուտ։



-Բայց Ձեր կարծիքով դա հիմք է տալիս, որ տնօրե՞նն էլ խաբի լրատվամիջոցներին։



-Դե, եթե լրատվամիջոցները իրանց տենց են պահում, տնօրենն էլ արդեն իրա գործը գիտի։



-Մի խոսքով՝ Դուք պնդում եք, որ Զարզանդը ոչ նշանակվել է, ոչ ազատվե՞լ։



-Էսպիսի բան չի եղել, ոչ էլ էդպիսի հրաման ա եղել, ընդհանրապես էդպիսի հրաման չի եղել, դա կարող ա ցանկություն որպես էդպիսին եղել ա, որովհետև Զարզանդը իսկապես․․․ նա հինգ տարվա մանկավարժական ստաժ էլ ունի, կոլեկտիվում էլ իրեն դրսևորելու ձև էլ գիտի, չափորոշիչները Դուք ինձ ասեք, տեսնեմ՝ ի՞նչ չափորոշիչներ են, որ․․․ խի Զարզանդը էդ իրավունքը չունի, հա՞, մենակ ինձ էդ ասեք՝ խի՞ Զարզանդը էդ իրավունքը չունի։



-Բոլորն էլ իրավունք ունեն, պարզապես Զարզանդի անունը կապվում է ավելի շատ ծեծի ու նման երևույթների հետ։



-Տղամարդ տղայա, էլի, կարող ա մեկին էլ ծեծի, էլի, ի՞նչ կա դրա մեջ։



-Այդ ձևով սերու՞նդ դաստիարակի՝ ծեծելով։



-Խի, ուրեմն․․․ դու Սյունիքի դպրոցների մասին երևի տեղյակ չես, էստեղ սերունդներին չեն ծեծում, էստեղ բոլորը սյունեցի են, նրանց պետք ա հայրենասեր առաջնորդ, որ իրենք էլ հետները․․․ Ուրեմն կարելի ա պատերազմական ժամանակներում թույլատրել, որ Զարզանդը հինգ տարի զինղեկ աշխատի, զինվոր դաստիարակի, էսօր դպրոցում չենք ուզում Զարզանդին վստահենք։



-Ի վերջո, ցանկություն, նման փորձ եղե՞լ է փոխտնօրեն նշանակվելու։



-Նման առաջարկ էլ ա եղել կոլեկտիվի, տնօրենի կողմից, որ էս մարդը իսկապես արժանի ա, էս մարդուն կարելի ա դնել փոխտնօրեն։



-Իսկ հետո ինչու՞ չեն նշանակել։



-Դե, հետո չեն նշանակել, որովհետև ես էստեղ չեմ եղել, ինձանից չեն հարցրել, ես էսօր եկել եմ, ասել եմ, որ չեք նշանակում։



-Իսկ այն, որ մամուլում աղմուկ բարձրացավ այս թեմայով, գուցե դա՞ է զսպող հանգամանք հանդիսացել, որ չնշանակեն։



-Չէ, է, չէ, որ մամուլում աղմուկը հաշվի առնենք, Հայաստանի կեսը պետք է Հայաստանից գնա։



-Ամեն դեպքում՝ հրամանով նշանակում չի՞ եղել։



-Չի եղել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ