Հարգելի գործընկերներ, Քոչարյանն ընդդիմություն չէ

Հարգելի գործընկերներ, Քոչարյանն ընդդիմություն չէ

Եթե առանձնաբար Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելը դժվար է, ապա կրկնակի դժվար է պայքարելը նրանց դեմ, երբ նրանք միասին են: Հայրենի ընդդիմությունը սա պետք է հասկանա: Հայրենի ընդդիմությունը պետք է հասկանա նաեւ, որ եթե Քոչարյանը «ոչ» է ասում սահմանադրական բարեփոխումներին, ապա ասում է ոչ թե որովհետեւ ընդդիմադիր է եւ պաշտպանում է ընդդիմության տեսակետը, այլ որովհետեւ ինքը, ի տարբերություն որոշ ընդդիմադիրների, լուրջ պատճառներ ունի «ոչ» ասելու այս բարեփոխումներին: Քոչարյանը, շատ ներողություն, թքած ունի, թե բարեփոխումների մասին ինչ են մտածում ՀԱԿ-ը, ԲՀԿ մնացորդացը, «Ժառանգությունը» եւ, մանավանդ, ՕԵԿ-ը: Քոչարյանը որեւէ կապ ու շփման եզր չունի օրվա ընդդիմության հետ: Այլ խոսքով՝ Քոչարյանն ընդդիմություն չէ:



Ես զարմանում եմ իմ այն գործընկերների վրա, ովքեր ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչներին հարց են տալիս՝ կհամագործակցե՞ք արդյոք Քոչարյանի հետ, եթե նա գլխավորի «ոչ»-ի ճակատը: Այդ հարցը պետք է ուղղել Քոչարյանին՝ կհամագործակցի՞ նա ՀԱԿ-ի, «Ժառանգության» կամ կորած-մոլորած որեւէ այլ «ոչ» ասողի հետ:
Զարուհի Փոստանջյանը, ասես Քոչարյանի վերադարձն իրենից է կախված, հայտարարել էր, որ մերժում է Քոչարյանի վերադարձը, իսկ Լեւոն Զուրաբյանն էլ Քոչարյանի հետ համագործակցելու մասին հարցից վատացել է, թե ո՞նց կլինի՝ մեր մեջ մարտի 1-ի արյուն կա: Բա չասե՞ս, տղա ջան, այդ արյունը քո ղեկավարը վաղուց է ջրել իր քաղաքագիտական վերլուծություններով:



Կա նաեւ մեդալի մյուս երեսը: Բարեփոխումներին «ոչ» ասողները նույնիսկ միմյանց միջեւ չեն կարողանում պայմանավորվածությունների գալ, ուր մնաց կազմակերպված ձեւով Քոչարյանի ճամբար անցնեն: Մինչդեռ Քոչարյանը զինվորական դիսցիպլինա սիրող մարդ է:



Քոչարյան-հայրենի ընդդիմություն համագործակցության հարցը փակված համարելով՝ փորձենք հասկանալ, թե ինչպես է հնարավոր Քոչարյանի վերադարձը: Նախապես ասենք, որ եթե որեւէ մեկը ցանկանում է այս մասին գիրք գրել կամ ֆիլմ նկարահանել, ապա պարտավոր է որպես մեկնակետ ընդունել այն նրբությունը, որ Քոչարյանն անձամբ չի ուզում վերադառնալ, այսպես ասենք՝ ցանկություն չունի կրկին մտնել մեծ պատասխանատվության տակ: Քոչարյանն այս պահին նաեւ սեփական քաղաքական հենարան չունի, ինչը նշանակում է, որ նա կմերժի նաեւ պայքարով վերադառնալու ճանապարհը: Ուստի մնում է, որ Քոչարյանը վերադառնա, Թումանյանի ասած՝ բազմած լուսնի նուրբ շողերին, հովի թեւին թռչելով…, որ նույնն է՝ հանգամանքների բերումով կամ մի որոշակի խմբի խնդրանքով, որը, իհարկե, կփորձեն ներկայացնել որպես բազմաչարչար հայաստանցիներիս խնդրանք:



Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա դրանք ամենեւին էլ արգելք չեն Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձի համար: Ասենք՝ նա չի էլ հեռացել այդ քաղաքականությունից, եւ նրա վերադարձը քաղաքականություն ֆորմալ բնույթ է կրում: Պայքարներ սպասել պետք չէ: Քոչարյանին կարող են սիրով վարչապետ կամ նույնիսկ նախագահ նշանակել, իսկ մնացածն արդեն տեխնիկայի հարց է: Արժե՞ երկար-բարակ խոսել այն աջակցության մասին, որ Քոչարյանն ունի դրսից, նաեւ ներսից՝ ի դեմս պետական ապարատում կաղնիացած իր կադրերի եւ հավատարիմ օլիգարխների: Այսպիսի ռեսուրսով կարելի է նաեւ հետագայում վերանայել խորհրդարանական կառավարման համակարգի նպատակահարմարությունը եւ ամեն ինչ վերադարձնել ի շրջանս յուր, այն է՝ նախագահական համակարգի, կամ առնվազն որդեգրել Թուրքիայի կառավարման մոդելը, որտեղ ավելի շատ իրավունքներ ունի նախագահը եւ ոչ թե վարչապետը:



Ահա եւ մի շատ հետաքրքիր հարց է ծնվում: Ինչպե՞ս է ավելի հեշտ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը՝ նախագահական ուղիղ ընտրություններո՞վ, կռիվ-ղալմաղալո՞վ, թե՞ քաղաքակիրթ ձեւով, Թումանյանի ասած՝ բազմած լուսնի նուրբ շողերին, հովի թեւին թռչելով…



Ընդունելի՞ տարբերակ է սա ժողովրդի համար, թե՞ ոչ, դա արդեն բոլորովին այլ հարց է, որի պատասխանը կախված է ժողովրդի հիշողությունից: Չմոռանանք, որ ինչքան էլ գրեցինք ու վատաբանեցինք Քոչարյանին, միեւնույն է, նա հանրության հիշողության մեջ մնաց որպես մի ղեկավար, որի օրոք ներգաղթ է արձանագրվել, տնտեսական նկատելի աճ է գրանցվել, գիշերվա երազում տեսած թանկացումներ չեն արձանագրվել, կառավարությունն այսքան անճարակ չի եղել: