1-ամյա ԼԺԿ-ն հասցրել է սատարել Ծառուկյանին, ազատամարտիկներին, հիմա էլ միացել է «Հայկական վերածննդին»

1-ամյա ԼԺԿ-ն հասցրել է սատարել Ծառուկյանին, ազատամարտիկներին, հիմա էլ միացել է «Հայկական վերածննդին»

Ընդամենը մեկ տարվա կյանք  ունեցող Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը միացել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասրյանի հիմնած «Հայկական վերածնունդ» միավորմանը:



Հիշեցնենք, որ ԼԺԿ-ն ժամանակին հայտարարություն էր տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին սատարելու մասին, նրանք նաև սատարում էին ազատամարտիկների նախաձեռնությունը Եռաբլուրում։ Մենք զրուցեցինք ԼԺԿ-ի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ՝ պարզելու, թե ինչու են հիմա էլ որոշել միանալ «Հայկական վերածնունդին»։



Ե՞րբ և ինչու՞ եք որոշել միանալ «Հայկական Վերածնունդ» նախաձեռնությանը։



-Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունն առաջիններից է, որ արձագանքել է Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման գաղափարին: Լինելով միասնականության կողմնակից՝ ինձ համար շատ ոգևորիչ է «Հայկական Վերածննդի» գաղափարը, առավել ևս, երբ այստեղ արդեն իսկ կան հարյուրից ավելի հասարակական և քաղաքական միավորումներ:



Կարծում եմ՝ Ձեզ համար գաղտնիք չէ, որ շատերը համարում են «Հայկական վերածնունդը» ՕԵԿ-ի ռեբրենդինգը, դուք ի՞նչ կարծիքի եք և արդյոք դա Ձեզ չի՞ խանգարել մուտք գործել այս միավորման մեջ։



-Դա իշխանությունների արած արտահայտություններն են, որոնց ուղղակի ուշադրություն չպետք է դարձնել: Մեր երկրում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է այն քաղաքական ուժերին, որոնք իշխանական չեն, դեմ են ներկայիս վարչակարգին և նրանց ապօրինություններին, իշխանությունն ամեն կերպ ցանկանում է ցեխ շպրտել և սևացնել այն: Եթե նախաձեռնությունը ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանինն է, ուրեմն պետք է ներկայացնել այնպես, որ ՕԵԿ-ի ռեբրենդինգն է իրականացվում: Դա ուղղակի աբսուրդ է: Նույն հաջողությամբ կարող էր Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ՕԵԿ-ը համախմբվեր ցանկացած այլ կուսակցության նախաձեռնությանը: Ճանաչելով Արթուր Բաղդասարյանին՝ կարծում եմ, որ առողջ քաղաքական կոնսոլիդացիայի դեպքում նա միանշանակ կմիանար հանուն մեր երկրի՝ մի կողմ դնելով քաղաքական բոլոր ամբիցիաները:



Որպես կուսակցություն՝ ո՞րն է լինելու ձեր ներդրումը միավորման մեջ և ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում։



- Կարծում եմ՝ յուրաքանչյուր նորմալ, ազնիվ նպատակներ ունեցող կուսակցության հիմնական նպատակները և ծրագրերը ուղղված են ի շահ մեր ժողովրդի: Այսօր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք ոչ թե նվազում են, այլ օրեցօր կուտակվում: Գործազրկության աննորմալ բարձր ցուցանիշ, արտագաղթ, աղքատության բարձր շեմ: Սրանք խնդիրներ են, որոնք չլուծելու դեպքում երկիրն ուղղակի կկործանվի: «Հայկական Վերածնունդ» միավորմանը միացած բոլոր ուժերի նպատակը և հիմնական ծրագիրը պայքարելն է վերոնշյալ արատավոր երևույթների դեմ: Միասնական, մեկ հզոր ուժ դարձած, նոր գաղափարներով, նոր որակով, ժողովրդի հետ միասին պայքարելու ենք անօրինություններից ծնված բոլոր այդ խնդիրների դեմ:



Հիշեցնենք նաև, որ այս կուսակցության անունը կապում են Հայաստանի լիբերալ կուսակցության հետ։ Եվ չնայած Դավիթ Հարությունյանը ժխտում է, այնուամենայնիվ Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե ԼԺԿ-ն իրենց կուսակցության երիտասարդական թևն է։