«Էյր Արմենիան» փակում է իր գրասենյակը Մոսկվայում

«Էյր Արմենիան» փակում է իր գրասենյակը Մոսկվայում

«Էյր Արմենիա» ավիաընկերության Մոսկվայի մասնաճյուղը փակվում է։ Այն չի երկարաձգելու իր գրանցման ժամկետը, եւ սա այն պարագայում, երբ «Էյր Արմենիան» նոր ներդրող ունի։ Այդ ներդրողը East Prospect Fund-ն է, որը գրանցված է Վիրջինյան կղզիներում, սակայն կառավարվում է Կիեւից։ Ինչպես հայտնեց «Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանը, ներկայում East Prospect Fund ընկերությունն իրավաբան է վարձել եւ զբաղվում է «Էյր Արմենիայի» հաշիվներից կալանքները հանելով։ «Էյր Արմենիա» ավիաընկերության թռիչքների դադարեցումը տեղի ունեցավ 2014 թվականի սկզբին, իսկ մինչ այդ ընկերությունը Մոսկվայում ներկայացուցչություն բացեց, որի նպատակը դեպի ՌԴ քաղաքներ եւ հակառակ ուղղությամբ թռիչքների արդյունավետ կազմակերպումն էր։ Հենց այդ ժամանակ էլ հայկական ավիաընկերությունում սկսվեցին ֆինանսական բարդություններ։ Պատճառը ռուսական ընկերությունների դեմպինգն էր, որի հետեւանքով թռիչքներն ի վերջո դադարեցվեցին։



Մոսկվայի համայնքը դժգոհ է հայկական ավիաընկերության գրասենյակի տնօրենից



Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը, որը չցանկացավ ներկայանալ, վստահեցնում է, որ Մոսկվայի գրասենյակի վատ աշխատանքն էր «Էյր Արմենիայի» սնանկացման պատճառը։



«Էյր Արմենիայի» Մոսկվայի գրասենյակի տնօրենը Սամվել Ժորայի Պողոսյանն է, որը, տարատեսակ գործարքների մեջ մտնելով ռուսաստանաբնակ հայերի հետ, համայնքին տրամադրել է իր դեմ։ Համայնքի ներկայացուցիչները պատմում են, որ նա տարբեր մարդկանց խոստացել է փողով գործեր անել եւ խաբել է։ Գուցե սա է պատճառը, որ մոսկվացի հայերի շրջանում բացասական կարծիքներ են ձեւավորվել հայկական ավիաընկերության գրասենյակի տնօրենի մասին։ Անգամ «Էյր Արմենիայի» անհաջողությունները մարդիկ հակված են բացատրել Պողոսյանի անձով, ասելով, թե նա տապալեց ամբողջ աշխատանքը։ Հիմա էլ գրասենյակը, ըստ նրանց, չի գործում։ Մենք զանգահարեցինք ավիաընկերության Մոսկվայի ներկայացուցչություն, տեղեկանալու, թե ինչ է այս ամենի մասին մտածում Սամվել Ժորաեւիչը։ Արդյոք տնօրենը տեղյա՞կ է իր մասին տարածվող լուրերից, եւ ինչո՞ւ չի աշխատում գրասենյակը։ Մոսկվայի գրասենյակի տնօրեն Պողոսյանը զարմացավ՝ լսելով մեր հարցերը։ «Մեր ներկայացուցչությունն օֆիցիալ գրանցված է, հարկայինից սկսած, ՌԴ տրանսպորտի նախարարությունով վերջացրած, մենք օրինական ենք աշխատել, հաշվապահությունը մաքուր է։ Ամեն ինչ օրենքի դաշտում է։ Մենք հիմա էլ աշխատում ենք»,- ասաց տնօրենը, սակայն պարզվեց՝ գրասենյակը շուտով փակվելու է․ «Պարբերաբար վերագրանցվում էինք, բայց այս անգամ այլեւս չենք երկարաձգելու գրանցման ժամկետը»։ Թե ինչու՝ չպատասխանեց։ Ինչո՞վ է զբաղված գրասենյակն այս պահին։ «Ունենք նաեւ այլ հարցեր, ոչ միայն ավիակամպանիայի հետ կապված»։ «Դուք անձամբ ինչ-որ գործարքների մե՞ջ եք մտել՝ գումարային, անկախ ավիաընկերության աշխատանքից»։ «Սա ներկայացուցչություն է, որը գործարքներ անելու իրավունք չունի իրավաբանորեն։ Մենք անգամ մեկ կոպեկ տալ՝ առանց վերեւի իմանալու, առանց համապատասխան առաջադրանքի, չենք կարող, մենք գումարներ վերցնելու իրավունք չունենք»,- կրկին իր անձից թեման շեղեց Պողոսյանը։



Արսեն Ավետիսյան․ «Ես որեւէ մեկի աշխատանքից գոհ չեմ, սկսած ինձանից»



Մոսկվայի հայերի շրջանում կուտակված դժգոհությունների մասին չգիտեր նաեւ «Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանը, ում ծեծի պատմությունն օրեր առաջ մամուլի թոփ-թեման էր։ «Սամվել Պողոսյանը եղել է մեր ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնությունում, նա զբաղվել է դեպի ՌԴ տարբեր քաղաքներ թռիչքների համար թույլտվություններ ստանալով։ Նա ֆինանսական գործունեության իրավունք չի ունեցել, նույնիսկ տոմսերի վաճառքով չէր կարող զբաղվել։ Նա եղել է, պատկերավոր ասած, մեր դեսպանը ՌԴ-ում, դեսպանի հանձնարարություններ է կատարել, նրանց ընկերությունների հետ է աշխատել, ինչ-որ հարցեր է համաձայնեցրել, իսկ կոմերցիոն գործունեությամբ զբաղվել են գործակալները։ Եթե Սերգեյ Պողոսյանն ինչ-որ մարդկանց ինչ-որ բաներ է խոսք տվել, ապա, երեւի, իր անունից, դա ընկերության հետ կապ չունի, թեեւ ինձ բողոքներ չեն հասել»։



- Գո՞հ եք մոսկովյան մասնաճյուղի աշխատանքից։



- Ես, սկսած ինձանից, որեւէ մեկի աշխատանքից գոհ չեմ։ Եթե մեզանից յուրաքանչյուրն իր պարտականությունները լավ կատարեր, մեր վնասները քիչ կլինեին։ Ամեն մարդ աշխատել է իր կարողության սահմաններում, այսպես ասեմ՝ դաժան մրցակցության պայմաններում։



Եթե ավելի զգույշ մոտենայինք հարցերին, չէինք ճզմվի ռուսական ընկերությունների կողմից։ Բայց մենք ագրեսիվ ձեւով մտանք շուկա, եւ ռուսական ընկերությունները մեզ ագրեսիվ ձեւով դուրս մղեցին։ Բայց ոչինչ, դեռ ուշ չէ։



- Դուք արդեն վերադարձրե՞լ եք տոմսերի համար վճարված գումարները։



- Երբ թռիչքները դադարեցվել էին, այն ժամանակ մենք ունեցել ենք 280 հազար եվրոյի պարտք՝ ավիատոմսերի գծով, հիմա մնացել է 28 հազար եվրոյի, որն այն անձանց գումարներն են, որոնք Երեւանում չեն, մեծ մասը Եվրոպայում բնակվողներ են։



- Ի՞նչ եղավ ծեծի գործով հարուցված վարույթի հետ։



- Քրեական գործը փակվեց, բարիշեցինք՝ գնացինք․ դա ինձ ամենաքիչն է հետաքրքրում։



- Նոր ներդրող ունեք։ Այդ հիմնադրամի հետ կապված աշխատանքներն ի՞նչ փուլում են։



- Հիմա 13-14 կազմակերպություններ ունենք, որոնց գործերով մեր հաշիվների վրա կալանքներ են դրված։ Ներդրող ընկերությունն իրավաբան է վարձել եւ հիմա զբաղվում է այդ հաշիվները բացելու աշխատանքով։ Երբ որ հաշիվների կալանքը հանվի, կստանանք առաջին տրանշը։ 68 մլն․ դոլարին համարժեք արժեթղթեր են մեզ տրամադրվում, ես էլ փորձելու եմ եվրոպական բանկերում սա գրավադրել եւ վարկ վերցնել։ Նույնն էլ նրանք են փորձելու անել։ 68 մլն․-ի դիմաց կարող ենք ակնկալել, լավագույն դեպքում, 48 մլն․ դոլար։