Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հաղթության Ս. Մյուռոնով կատարվել է Ջրօրհնեքի արարողություն

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հաղթության Ս. Մյուռոնով կատարվել է Ջրօրհնեքի արարողություն

Հոկտեմբերի 4-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ: 



Այս կապակցությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Պատարագին Սրբազան Հայրն իր քարոզում մասնավորապես անդրադարձավ խաչի խորհրդին` նշելով. «Այս շրջանը Խաչի տոների շրջանն է: …Երբ մենք հիշատակում ենք խաչը, նկատի չունենք միմիայն նյութական` փայտից կամ որևէ մետաղից պատրաստված խաչը, այլ նկատի ունենք Խաչյալին, Ով խաչը կրեց մինչև Գողգոթայի բարձունքը և նրա վրա գամվեց:



Երբ խոսում ենք խաչի զորության մասին, խոսում ենք Խաչյալի զորության մասին, Ով Իր խաչով Գողգոթայի բարձունքից մարդկանց ցույց տվեց երկրից դեպի երկինք բարձրանալու ճանապարհը: Եվ ավելին` խաչով չէ, որ վերջացավ մեր հավատքի ուժը կամ Քրիստոսի առաքելությունը, որովհետև խաչից հետո Գողգոթային հաջորդեց դատարկ գերեզմանը, հարությունը և, ինչպես ասում է առաքյալը, եթե Քրիստոս հարություն չի առառել, անիմաստ է մեր հավատքը: Ուրեմն` խաչը գերագույն զոհողության, զոհաբերության և համբերության նշանն է, և Քրիստոս, առած այդ խաչը, բարձրացավ մինչև Գողգոթա և այնտեղ Իր արյամբ ու խաչելությամբ վերցրեց նաև մարդկանց մեղքերը` ցույց տալով փրկության ճանապարհը»: