Նրանք՝ «այո», մենք՝ «ոչ»

Նրանք՝ «այո», մենք՝ «ոչ»

Զավեշտն ու ողբերգությունը մեզանում քայլում են կողք կողքի։ Սահմանադրության քարոզչությունը պատռել է քողը, ետ տարել վարագույրը եւ աշխարհին ի ցույց դրել մեր փարիսեցիությունն ու տգիտությունը, մեր անտեղյակությունն ու խեղճությունը, մեր պնակալեզությունն ու ծուլությունը։



Խոսքն անշուշտ իշխանության եւ ընդդիմության մասին է, այլ ոչ թե այս երկուսի ձեռքը գերի դարձած ժողովրդի։ Օրեր առաջ ռեալիթի շոուի, իսկ երեկ մամուլի ակումբներից մեկի ղեկավարները բողոքում էին, թե «ոչ» ասողներ չեն գտնում, որ Սահմանադրության քարոզչությունը հավասարակշռված լուսաբանեն։ «Այո» ասողների պակաս մեզանում չկա՝ բոլորը ձգտում են «ներկա» ստանալ եւ բարձր իշխանության առջեւ ստանձնած պարտավորությունները կատարել։ Իսկ, այ, «ոչ» ասողները չունեն ոչ մի պարտավորություն ոչ հասարակության, ոչ իրենց խղճի առաջ, նաեւ ծույլ են՝ անգամ Սահմանադրության տեքստն են զլացել կարդալ, ինչպես նաեւ ընդունակ չեն գրագետ բանավիճելու, իրենց տեսակետները շարադրելու։



Այս պարագայում միակ ելքը լռելն է, հրապարակային ելույթներից խուսափելը։ Արդյունքում՝ «այո»-ների տարափ է եւ «ոչ»-երի բացակայություն։ Սակայն զավեշտն ու ողբերգությունը սրանով չեն ավարտվում։ Մինչ մենք՝ լրագրողներս, տառապում ենք «ոչ»-երի փնտրտուքից, եւ դրանից կարելի էր անգամ եզրակացնել, որ հանրության մեջ էլ «ոչ» ասողների դեֆիցիտ կա, իրականում լայն զանգվածների մեջ ճիշտ հակառակ պատկերն է՝ այստեղ էլ «այո» ասողներն են բացակայում։ Եվ ստացվել է այնպես, որ երկրի քաղաքական-հասարակական-մտավորական էլիտայի մեջ «ոչ» ասողներ չկան, իսկ հասարակության մեջ՝ «այո» ասողներ։ Սա երկրի բեւեռացվածության, էլիտայի ու հասարակության միջեւ եղած անդունդի մասին վկայող դաժան իրողություն է։