Ստյոպ, իքիբիրդ խաղա, հա՞

Ստյոպ, իքիբիրդ խաղա, հա՞

Մինչ օրս ես մեկ մեծախոս մարդ էի ճանաչում՝ ի դեմս հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանի, հիմա արդեն՝ երկուսին: Ստեփան Սաֆարյանը լրացրեց ցանկը:



Հենց սկզբից ասեմ, որ խոսքը քաղաքական մեծախոսության մասին է, եւ ես ամենեւին էլ վստահ չեմ, որ նրանք կյանքում էլ են այդպիսին:



Նշվածները, չգիտեմ՝ պատահաբար, թե շատ մեծ հետաքրքրությունից դրդված, արձագանքել են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարությանը, որով, ըստ էության, ՀՀ երկրորդ նախագահը գնահատականներ է տալիս հանրաքվեի ընթացքին եւ կասկածի տակ առնում ընդունված Սահմանադրության լեգիտիմությունը:



Ռոբերտ Քոչարյանի տեսակետը սահմանադրական բարեփոխումների մասին բոլորին է հայտնի: Նա դեմ էր երկրի կառավարման մոդելի փոփոխությանը, եւ այս արձագանքն այդ առումով նորմալ էր: Փոխարենը նորմալ չէ, երբ Կարեն Ավագյանն ու Ստեփան Սաֆարյանն են նույնկերպ արձագանքում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ քննադատաբար:



Երեւի շատերը նկատեցին, որ ընդդիմադիր մամուլը լիովին համաձայնեց Քոչարյանի հնչեցրած գնահատականներին: Փոխարենը ՀՀԿ-ն փշերով ընդունեց այն, եւ Կարեն Ավագյանի այն հայտարարությունը, թե Սահմանադրության լեգիտիմության հետ կապված ինքն ավելի շատ հարցեր ունի երկրորդ նախագահին, լիովին հասկանալի է: Բայց ես չեմ կարողանում հասկանալ Ստեփան Սաֆարյանին, երբ նա ասում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը չափազանց թույլ, իշխանազուրկ մարդու հայտարարություն էր»: Ուրիշ բան չասեմ, Սաֆարյանն այդ հայտարարությունը որակեց «ընդդիմության անունից հոխորտանք» եւ ի լուր ամենքի հայտարարեց, թե Քոչարյանն ընդհանրապես զրկված է դերակատարությունից:



Միանգամից երկու հարց է ծագում, որոնց պատասխանը Սաֆարյանը լավ գիտի, բայց որ սպանես՝ չի ասի: Առաջին. պարոն Սաֆարյան, ինչո՞ւ հանկարծ միջազգային հետազոտություններդ թողած՝ հետաքրքրվեցիր այս ներքաղաքական հարցով: Արդյոք Քոչարյանի քաղաքական կշի՞ռը չէ դրա պատճառը: Եվ երկրորդ հարցը. պարոն Սաֆարյան, այդ երբվանի՞ց ընդդիմության հայտարարությունները Ձեզ համար դարձան հոխորտանք, եւ արդյոք Ձեր ընդդիմադիր նախահոր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատականներն էլ նույն հոխորտանքների շարքի՞ց են:



«Փաստարկ» ակումբում տեղի ունեցած ասուլիսում Սաֆարյանը մեկ ուրիշ հերոսություն էլ է արել, որ, ինչ մեղքս թաքցնեմ, իրենից չէի սպասում: Նա Սերժ Սարգսյանին ազգի հերոս է դարձրել այս տարվա փետրվարի 12-ին Գագիկ Ծառուկյանի դեմ տարած փայլուն հաղթանակի համար եւ նշել. «Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին հասկացնել տվեց, որ պետք է վերջ տալ այս լղոզվածությանը, եւ բացահայտ պատերազմ հայտարարեց (Քոչարյանին՝ Էդ. Ա.)»: Սաֆարյանը, քանի որ շատ է շտապում գովաբանել Սերժ Սարգսյանին, մոռանում է, որ փետրվարի 12-ին, եթե կար մի մարդ, որ հոնքն էլ չշարժեց, դա Ռոբերտ Քոչարյանն էր, որի համար ջրի պես պարզ էր, թե փետրվարի 12-ին իրականում ինչով էին զբաղված Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Հիշո՞ւմ է, արդյոք, Սաֆարյանը, թե այդ անմոռաց օրերին կանյաչնիի ցարական բազկաթոռների վրա նստած ում հետ էր շաշկի խաղում Գագիկ Ծառուկյանը: Եթե հիշեր, նա այսօր չէր հայտարարի, որ Սերժ Սարգսյանն այդ օրը պատերազմ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանին:



Մեր կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը կամ, ավելի ստույգ՝ նրա գրասենյակը, իր հայտարարության մեջ արձանագրել է այն, ինչ տեսել ու զգացել է քվեարկության օրը: Այսօր արդեն գաղտնիք չէ, որ Հայաստանում հերթական դժվար քվեարկությունն է տեղի ունեցել, որը, ինչպես նախորդ բոլոր քվեարկությունները, ռեալ պատկեր չի տվել: Բայց հիմա, այն էլ այս հանրաքվեի ֆոնին, հիշել Սերժ Սարգսյանի մեկամյա վաղեմության ինչ-որ հաղթանակ իր նախորդի նկատմամբ, այնքան էլ էֆեկտիվ չէ: Եվ Սաֆարյանը շատ լուրջ վրիպում է թույլ տվել, ինչը կարող է, այո, խիստ էֆեկտիվ ազդեցություն ունենալ նրա կարիերայի վրա՝ քաղաքագիտության ասպարեզում դերակատարում ունենալ-չունենալու առումով:



Պարոն Սաֆարյան, երկու բառ էլ Կարեն Ավագյանին ասեմ ու ավարտեմ, բայց Դուք էլ ուշադիր լսեք:



Պարոն Ավագյան, քանի որ Դուք էլ փետրվարի 12-ի հերոսներից եք, բոլոր իրավունքներն ունեք ջախջախելու Ռոբերտ Քոչարյանին ու նրա գրասենյակը: Ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ երկրորդ նախագահին չեք տալիս Ձեր հարցերը: Պատկերացրեք՝ հրաշալի թամաշա կսկսվի այս փչացած համակարգի շուրջ, եւ ողջ լվացքը դուրս կթափվի փողոց: Էն ոնց էիք ասո՞ւմ. «Հա, հենց ըտենց՝ Դոդի Գագո…»: Բա այդպիսի բան ասող հերոսը Քոչարյանին հարցեր տալու ժամանակ լեզուն կկծի՞: