Իսկ դուք ուզո՞ւմ եք ուղղաթիռ-տաքսիներով շրջել Նոյյան տապան քաղաքում

Իսկ դուք ուզո՞ւմ եք ուղղաթիռ-տաքսիներով շրջել Նոյյան տապան քաղաքում

Ինչքան մեր երկրում ավելանում են սոցիալ-քաղաքական խնդիրները, այնքան ավելանում են նաեւ «ազգափրկիչ» ծրագրերն ու խենթ «երազողները»։ Դրանցից մեկն էլ Վրեժ Աբրահամյանն է՝ Հայաստանում Նոյյան տապան քաղաք կառուցելու նախագծի հեղինակը, որն իր մտքերը, ցանկությունները հավաքել է մի գրքում, հրատարակել այն 3 լեզուներով եւ 1 օրինակ էլ ուղարկել մեր խմբագրություն։ Գիրքն ուշագրավ է արդեն կազմից. Նոյյան տապանը՝ Հաղթանակ զբոսայգու բարձրությունից, Մայր Հայաստանն ու բաղձալի Արարատը։ Բայց այս նախագիծը պետք չէ շփոթել տարիներ առաջ Հանրային խորհուրդ ներկայացված «Նոյյան տապան» պատմամշակութային համալիր կառուցելու գաղափարի հետ, սա բոլորովին այլ մասշտաբներ է ընդգրկում, ինչպես որ հեղինակի մտքի թռիչքն է։ 



Գրքի նախաբանում Վրեժ Աբրահամյանն ինքն իր մասին գրում է. «...եւ ահա մարդկության զավակներից մեկը մի զարմանալի գաղափար է առաջ քաշում. Հայաստանում Արարատ լեռան հայացքի ներքո կառուցել մի յուրօրինակ քաղաք, որը, հանուն խաղաղության եւ բարի կամքի դրսեւորման, կհամախմբի ամենատարբեր ռասաների եւ կրոնների ժողովուրդներին»։ Ըստ հեղինակի եզրահանգումների, այդ քաղաքում կապրի 1-2 մլն. մարդ, իսկ նրա տնտեսական օգուտը սոցիալական բարդ վիճակում հայտնված Հայաստանին հսկայական կլինի։ Իհարկե, խենթ երազողը չի ենթադրում, որ ամբողջ Հայաստանում գուցե արդեն 1-2 մլն. մարդ է մնացել, եւ արժե նոր քաղաք կառուցելու փոխարեն Հայաստանի դատարկվող գյուղերում ու քաղաքներում բավարար պայմաններ ապահովել մարդկանց բնակության համար։ Բայց դա է հենց «երազողների» թերությունն ու առավելությունը՝ նրանց հայացքը միտված է միայն ապագային։ Մինչ իր երազած քաղաքը ներկայացնելը, որը պետք է կառուցեն Հաբեթի որդիները, այսինքն՝ աշխարհով մեկ սփռված 10 մլն. հայերը, նա գրքի առաջին էջերում ներկայացնում է 2012-ից նախագահին ուղղված իր նամակները՝ խոսքի մեջ մերթ ընդ մերթ դիմելով նրան՝ «սիրելի Սերժ»։ Նմանօրինակ դիմելաձեւի համար ակամայից անհանգստացա Վրեժ Աբրահամյանի համար, նախագահին ուղղված նման դիմալեձեւերը մեր երկրում չեն ներվում, ինչքան ուզում ես շեշտիր «սիրելի» բառը։ Միայն նամակի ու հրատարակված գրքի տարեթվերը նայելուց հետո հանգիստ շունչ քաշեցի Վրեժ Աբրահամյանի համար՝ այս մեկին ներվել է։



«Սիրելի Սերժ, քաջատեղյակ եմ, որ օրվա 24 ժամը չի բավարարում Ձեզ Հայաստանի առաջնահերթ խնդիրներն այնպես լուծելու համար, ինչպես կամենում եք, եւ ինչպես Հայաստանին է արժանի»,-մոտավորապես այսպես է նախագահին դիմում Վրեժ Աբրահամյանն ու ներդրողների մասով անկեղծանում, որ հնարավոր է Քըրք Քըրքորյանը պատրաստ լինի (2012թ. նամակից է) Նոյյան տապան քաղաքում կազինո կառուցել. «Իսկ ես՝ հպարտանալու համար, մի կտոր հողամաս գնեմ եւ ինձ համար տուն կառուցեմ»։Ինչ խոսք, անպատմելի է խենթ երազողի ախորժակի չափերը, բայց ինքներդ մտածեք, ո՞ւմ մտքով կանցներ Արարատյան դաշտի «գյուղատնտեսության համար ոչ պիտանի եւ աղակալած հողերի տեղում»՝ ինչպես ինքն է գրում, մի նոր քաղաք կառուցել, որի նշանաբանը պարոլը կլինի. «Համերաշխության քաղաք՝ աշխարհի բոլոր ռասաների, ցեղերի, ազգերի եւ կրոնների»։



72-ամյա գյուտարարն իր հաջորդ նամակում նախագահին վստահեցնում է, որ 20-25 տարի հետո ամբողջ Արարատյան դաշտը 1-2 մլն. բնակչություն եւ 100 հազար աշխատատեղեր ունեցող քաղաք կլինի։ «Հավատացեք, Դուք կապրեք եւ կտեսնեք այն օրը, երբ Նոյյան տապան քաղաքի հրապարակում կնայեք ձեր ձեռքով կառուցված «Մասիսներին», իսկ թիկունքում՝ իսկական Արարատը, եւ երբ կխմեք մեկ բաժակ հայկական գինի, չմոռանք ինձ՝ խմեք նաեւ մեկ բաժակ իմ կենացը։ Ես արդեն պատմություն դարձած ու մոռացված կլինեմ բոլորից»,-գրում է մերօրյա «Հերոստրատը» նախագահին, որն ուզում է պատմության մեջ մնալ ոչ թե տաճարն այրելով, այլ մի նոր քաղաք կառուցելով։ Բայց, այդքանով հանդերձ, վրիպում է մի տեղ. Վրեժ Աբրահամյանին, չգիտես ինչու, թվում է, որ եթե 20-25 տարի հետո իր ողջ լինելու հավանականությունը հավասար է զրոյի, ապա նախագահի դեպքում նման վարկածը բացառված է։ Նամակում մի քանի տեղ նա նախագահին հորդորում է ասել «այո»։ Հանգստացեք, Սահմանադրությունն այստեղ բնավ կապ չունի. «Ասեք «այո» եւ չեք սխալվի, չեք զղջա, թողեք հպարտանանք. Հայաստանը, շումերների, Ուրարտուի, Նաիրիի, Տիգրան Մեծի երկիրը լինելուց բացի, Նոյյան տապանի երկիրն է»։



Իսկ ինչպիսին է լինելու Նոյյան տապան քաղաքը, որի հրապարակից դուրս են գալու 7 փողոցներ։ Մուհամեդի, Հիսուսի, Մովսեսի թե Բուդդայի փողոցում ապրել՝ դա կորոշեք ինքներդ, շենքերի բարձրությունը քաղաքի կենտրոնում լինելու է 3 հարկից ոչ բարձր, եւ դրանք կառուցվելու են գունավոր քարերից՝ հայկական ոճով։ Բայց սա ամենը չէ. հեղինակն առաջարկում է Երեւան փողոցում կառուցել գինետներ՝ հայկական գինիներով։ Ինչպես նաեւ հեռուստատեսության աշտարակ, հյուրանոց, շատրվաններ, խանութներ, ռեստորաններ, կազինոյի համալիր, բուսաբանական այգի, լճեր, գետեր, արագիլների բներ, կենդանիների արձաններ, թանգարաններ, անգամ ուղղաթիռ-տաքսիներ, իսկ բուն Նոյյան տապանը պատրաստվելու է աստվածաշնչյան չափերով, որի փայտը բերվելու է Իսրայելից։



Ինչ վերաբերում է Մասիսներին, ապա դրանք պետք է պատրաստվեն երկաթբետոնից, որպեսզի «նրանց ներսի տարածքն օգտագործվի որպես շուկա՝ իհարկե, ոչ մթերային, թեթեւ նվերների, ոսկրից, փայտից պատրաստված հուշանվերների, ձեռագործների եւ այլնի համար»։ Բայց սա էլ ամենը չէ․ սարերի գագաթները պետք է ձյան տեսքով պատվեն սպիտակ քարերով։



Այս անհեթեթ պատմության ամենահետաքրքիր մասն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի, քաղաքաշինության, մշակույթի նախարարությունները՝ նախարարի եւ փոխնախարարների մակարդակով, գրավոր պատասխանել են խենթ «երազողին», մերժման փաստով արդեն իսկ կարեւորելով ռասաների ու կրոնների համերաշխության քաղաք լինելու հանգամանքը։