Մաշտոցի պուրակով շեղեցին՝ Փակ շուկան քանդեցին, հիմա էլ Զվարթնոցով շեղեցին՝ Արամի 30-ը քանդեցին

Մաշտոցի պուրակով շեղեցին՝ Փակ շուկան քանդեցին, հիմա էլ Զվարթնոցով շեղեցին՝ Արամի 30-ը քանդեցին

Հարցազրույց «Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ
Խաչատրյանի հետ



- Մարիամ, նախօրեին քանդվեց Արամի 30 հասցեում գտնվող շենքը, որը կառուցվել էր 1900-ականների սկզբներին: Շենքի պահպանման համար դեռեւս հինգ տարի առաջ «Արամի խաչմերուկ» շարժման ակտիվիստները տարբեր ցուցանակներով ու պաստառներով պայքարում էին՝ գիշերուզօր հերթապահելով Աբովյան-Արամ խաչմերուկում: Այնուամենայնիվ, այսօր արդեն շենքը չկա, ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը։



- Պայքարելու ձեւերն անկատար են եւ համակարգված չեն։ Պետք է պայքարել քանդման երեւույթի դեմ, այլ ոչ թե կառույց առ կառույց, որովհետեւ քանդողներն ավելի արագ են գործում եւ ավելի հնարամիտ են։ Պայքարողները պետք է հաշվարկեն ոչ միայն քանդողների քայլերը, այլ հաշվարկելուց հետո նաեւ ճիշտ գործեն։ Պատկերացնո՞ւմ եք՝ հինգ տարի պայքարելուց հետո շենքը քանդվում է առանց մեծ աղմուկի։ Ուրեմն դա պայքար չէր, այլ՝ ժամանց։ Հինգ տարի սիստեմատիկ պայքարելով 21-րդ դարի տեխնոլոգիաներով՝ գիտե՞ք ինչեր կարելի էր անել, իսկ Երեւանի հուշարձան-շենքերի քանդումը նոր ծրագիր չէ, եւ կառավարության որոշումները վաղուց սպասում են իրենց իրականացմանը։ Օրինակ՝ Արամի 30 շենքի հետ կապված որոշումը եղել է 2007թ.-ին, իսկ ակտիվիստներն ակտիվ սկսում են պայքարել ամենավերջում, այն էլ՝ լոկալ։ 15 տարի պայքար է գնում, եթե այն սիստեմատիկ լիներ, պայքարում ընդգրկված մարդիկ ավելի շատ կլինեին, շատ որոշումներ չեղյալ կհամարվեին, քանդման ջատագովները կհանվեին պաշտոններից։ Ի՞նչ է նշանակում ակտիվիստներին շեղելը։ Ակտիվիստներին անցած անգամ Մաշտոցի պուրակով շեղեցին՝ Փակ շուկան քանդեցին, հիմա Զվարթնոցով շեղեցին՝ Արամի 30-ը քանդեցին։ Այդպես չպետք է լինի։ Մինչեւ պայքարողները եւ որոշ ճարտարապետներ քննարկում են պահանջում եւ պատրաստվում են, որ սովետական ժամանակների նման քննարկում է կազմակերպվելու, իշխանությունը քանդում է շենքերը։ Սովետական ձեւաչափը պետք է թողնել եւ անցնել արդյունավետ, գրագետ քաղաքացիական պայքարի՝ քաղաքի պատմության պահպանմանն ուղղված։



Պահպանման պայքարի մեջ պետք է ընդգրկվեն տարբեր խավեր։ Թող ոչ մի գործարար չկարծի, որ դա մի օր իրեն չի դիպչելու։ Նույն գործարարը կամ օլիգարխը պետք է հասկանա, որ Հայաստանում վերնախավի շրջանակը տարեցտարի նեղանում է, եւ չի բացառվում, որ մի օր նա խաղից դուրս գտնվի, եւ քանդման եզրին հայտնվեն իր տներն ու գրասենյակները։



- Ակտիվիստների մասին խոսեցիք, բայց մոռացաք մյուս մեղավորներին՝ քաղաքապետարան, մշակույթի, քաղաքաշինության նախարարություններ, պատմամշակութային հուշարձանների պահպանման տարբեր գործակալություններ։



- Մեղավոր են բոլորը։ Բայց հատկապես շենք-հուշարձանների պարագայում որոշումները կայացվում են կառավարության որոշումներով, եւ այստեղ ավելի շատ կառավարությունն է մեղավոր։ Քաղաքապետարանը մեղավոր է, որ չի մշակում երկարատեւ կայուն ռազմավարություն, որ կընդգրկեր հուշարձանների պահպանում, քաղաքային տարածքների կայուն զարգացում, եւ չի պահանջում մասնագետներից հստակ քաղաքաշինական-ճարտարապետական խնդիրների կենսագործ լուծումներ՝ ծրագրեր, գլխավոր հատակագիծ եւ այլն։ Ոչ մի ծրագիր նորմալ չմշակվեց եւ չաշխատեց։ Նարեկ Սարգսյանն ում վրա ուզում է, թող գցի, բայց ծրագրերի հեղինակն ու ղեկավարն ինքն է եղել թե անցյալում, թե հիմա, եւ ժամանակն է, որ ընդունի՝ ծրագրերը թերի են եւ ոչ կենսունակ։



- Որքանո՞վ է տրամաբանական եւ ընդունելի այն մոտեցումը, որ շենքը ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում չէ, հետեւաբար, կարելի էր այն անտեսել եւ գաղտագողի՝ գիշերով քանդել։



- Իրենց համար ինչքան քիչ հուշարձան-շենքեր լինեն ցանկում, այնքան լավ։ Արագ, առանց գլխացավանքի կքանդեն։ Ի՞նչ եք կարծում, իրենք իրենց գլխին պետք է գլխացավա՞նք ստեղծեն։ Պետք չէ մոռանալ նաեւ, որ այդ նոր ցուցակն ստեղծվել է Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրերի մշակման եւ իրականացման ժամանակ եւ ընդգրկում է շատ քիչ շենքեր, հուշարձաններ։ Այստեղ հասարակությունը պետք է հստակորեն պահանջի ցուցակի վերանայում եւ հուշարձանների ցանկի ընդլայնում։ Ոչ կառավարությունը, ոչ քաղաքապետարանը դա ինքնակամ չեն անի։ Դեռ Աֆրիկյանների շենքը քանդելու ժամանակ «Հին Երեւան» նախագծի հեղինակ՝ ճարտարապետ Լեւոն Վարդանյանը համոզում էր ակտիվիստներին, որ պետք է Աֆրիկյանների շենքն ապամոնտաժվի ու նույնությամբ տեղափոխվի «Հին Երեւան» թաղամաս, եւ որ դա լավ գործ է։ Հասկանալի է եւ ակնհայտ, որ այստեղ յուրաքանչյուր ճարտարապետ իր շահերն ունի, եւ դա արվում է Նարեկ Սարգսյանի հովանու ներքո։ Փորձ է արվում ակտիվիստներին շեղել, որպեսզի նրանք պահանջեն Հին Երեւանի կառուցումը, իսկ իրականում տեղի կունենա Երեւանի մնացած շենք-հուշարձանների քանդում՝ տեղափոխելու պատրվակով։ Հին Երեւանում շենքեր կառուցելը՝ նոր քարերից, նոր մեթոդներով, այնպես, որ 150 տարի անց կարողանան վերականգնել հին միջավայրն իր ամբողջական տեսքով, անհնար է։ Չնայած նախագիծը ներկայացնելիս ճարտարապետներն ասում են, որ այն նոր թաղամաս է լինելու՝ հին ոգով, բայց ի՞նչ հին ոգի կարող են այնտեղ արարել եւ ապահովել ճարտարապետները, երբ նայում ես Երեւանի նորակառույցներին։ Այսպիսով, Երեւանի պատմությունը համարենք կորցրած։



- Մարիամ, երկար ժամանակ սովորելով եւ ապրելով դրսում, որպես ճարտարապետ, ինչպե՞ս կգնահատեք այս գործելաոճը, դրսում հնարավո՞ր է նման վիճակ, թե՞ իշխանությունները հաշվի են նստում քաղաքացիների կարծիքի հետ եւ պահպանում են պատմամշակութային հուշարձանները՝ անկախ դրանց կարգավիճակից։



- Այս ամառ Գերմանիայի տարբեր ինստիտուտներից ճարտարապետներ էին եկել, որոնք մեզնից հետաքրքրվում էին, թե մեր ՀԿ-ները քաղաքացիական պայքարի գործում իրենց մասնակցությունն ունե՞ն, թե՞ ոչ։ Արտասահմանում, բոլոր քաղաքակիրթ երկրներում այդ պայքարը ՀԿ-ների վրա է, եթե հանկարծ ինչ-որ մի տեղ քաղաքապետարանը կամ կառավարությունը հակաորոշումներ է ընդունում։ Իսկ մեզ մոտ ՀԿ-ները չեն գործում կամ էլ մինչեւ վերջ պայքարը չեն տանում։ Մեր ՀԿ-ներն ավելի շատ պրոկառավարական են, քան թե քաղաքացիական պայքար են տանում, բացի այդ՝ շատ լոկալ են գործում, ՀԿ-ներից ոչ մեկը ժողովրդի, քաղաքացիների կողքին չկանգնեց, որ այդ որոշումները չեղյալ համարեն։



Մինչեւ յուրաքանչյուր մարդ չպայքարի, ոչինչ չի փոխվի, որովհետեւ այնքան են երես տվել կառավարությանը, որ սա էլ ոչ մի բանի չի նայում։ Երբ պայքարը լիներ Հյուսիսայինից սկսած, երբ սկսեցին առաջին շենքերը քանդել, եւ պայքարը մինչեւ վերջ գնար ու թափ առներ, այս վիճակին չէինք հասնի։ Ամեն ինչից զատ, կա նաեւ օրենսդրական դաշտը, բայց կիսատ-պռատ օրենքները չեն աշխատում, եւ դրա վրա հույս դնել պետք չէ, պայքարը պետք է մասսայական դարձնել, որովհետեւ 10 հազարի դեմ չեն կարող ոչինչ անել։ Ինչ վերաբերում է Ճարտարապետների միությանը, ապա դա մեռած հիմնարկ է, եւ ես ոչ մի հույս չեմ կապում դրա հետ, որովհետեւ ովքեր ակտիվ են, արդեն 70-ն անց են, նրանցից շատերն ասում են՝ ժողովուրդը գնա, նոր մենք կմիանանք, բայց ժողովրդին այս դեպքում մասնագիտական առաջնորդ է պետք, եւ հետո՝ Նարեկ Սարգսյանի նշանակումը եթե ողջույններով է ընդունում Ճարտարապետների միությունը, ուրեմն այդքան էլ չեն ընդդիմանում այս ամենին։