Ինչպե՞ս հասկանալ Լավրովին

Ինչպե՞ս հասկանալ Լավրովին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջապես արձագանքել է ԼՂ կարգավորման «իր կողմից ներկայացված ծրագրի» թեմային: Այդ մասին Սարգսյան- Ալիեւ հանդիպման նախօրեին հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը:



Ռուսական կողմն արձագանքել էր նախ փորձագիտական, ապա՝ ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով: Վերլուծաբանների մոտ կայուն տպավորություն կա, որ «ծրագիրն, այնուամենայնիվ, գոյություն է ունեցել, եւ այն քննարկվել է անցյալ տարի Բաքու եւ Երեւան Լավրովի այցի ընթացքում»: Ընդ որում, ակնարկվում է նաեւ, որ Սիրիայում ռուսաստանյան ռմբակոծիչի խորտակմամբ Թուրքիան նվազագույնի է հասցրել Մոսկվայի պայմանավորված դերակատարությունը ԼՂ կարգավորման գործընթացում:



ՌԴ արտգործնախարարը խոսում է մշակված փաստաթղթի բացակայությունից՝ նկատել տալով, որ փաստաթղթերն ի պահ են տրված ԵԱՀԿ նախագահին, պահվում են այդկազմակերպության սեյֆում: Տպավորություն է, որ Սերգեյ Լավրովը որոշակի իրոնիայով է դա ասում, ինչից կարելի է զգուշորեն ենթադրել, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, ԼՂ բանակցություններում համանախագահ մյուս երկրներից որոշ «սեպարատ» քննարկումներ կազմակերպելու համաձայնություն ունեցել է, որը, սակայն, ինչ-ինչ պատճառներով չի իրացվել:



Պաուզան, որ զգացվում է բանակցային գործընթացի մոդերացիայում, թերեւս, պայմանավորված է նրանով, որ, այսպես ասած, «առաջին ջութակի» դերի համար համանախագահների միջեւ նոր պայմանավորվածությունչկա: ԱՄՆ-ը, չնայած Ջեյմս Ուորլիքի թվիթերյան ակտիվությանը, դեռեւս չի փորձում նախաձեռնությունը վերցնել Ռուսաստանից, իսկ վերջինս, ընդգծելով տարածաշրջանում իր ներկայացվածությունը եւ կողմերի հետ հարաբերությունների բարձր մակարդակը, դիվանագիտական համբերատարությամբ սպասում է այն ժամին, երբ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան վերստին կհամաձայնեն Մոսկվայի առանձնահատուկ դերակատարությանը:



Շփման գծում հրադադարի խախտման հետաքննությունների մեխանիզմներ ներդնելու մասին փորձագիտական վերլուծությունները հիմնականում քարոզչական բնույթի են եւ ավելի շատ ուղղված են հանրությանը կանխատրամադրել այդ հարցում Ռուսաստանի «խորհրդավոր լռության» դեմ: Գործնականում բոլորն են հասկանում, որ Արաքսից մինչեւ Օմարի լեռնանցք ձգվող շփման գծում գերժամանակից սենսորային սարքեր, ընդորում՝ երկուկողմից, տեղադրելը նախ շատ ծախսատար եւ տեխնիկապես դժվար լուծելի է, ապա եւ՝ դրա համար հարկ կլինի, որ պայմանավորվածությունների գան համանախագահ երկրները, Հայաստանը, ԼՂՀ-ն եւԱդրբեջանը, թերեւս նաեւ՝ Իրանը: Այնպեսոր, դա կարող է լինել քաղաքական լծակ՝ Ադրբեջանին բերելու իրատեսության դաշտ, բայց հուսալ, թե դրանով ստատուս-քվոն կամրապնդվի, կդառնա տեւական, մեղմ ասած, ոչ իրատեսական է:



Ռուսաստանյան regnum-ը հաճախ համարվում է հիմնականում պաշտոնականին շատ մոտ տեսակետներ հնչեցնող ռեսուրս: Եթե դաայդպես է, ապա հարկ է ուշադրություն դարձնել գործակալության վերջին հրապարակումներից մեկին, որտեղ մեկնաբանն անդրադարձել էր անցած աշնանը Վաշինգտոնում ԼՂՀ արտգործնախարարի եւ ամերիկացի համանախագահի հանդիպմանը: Մեկնաբանը գաղափար է զարգացնում, թե «ժամանակն է, որ Ռուսաստանը բացվի Ստեփանակերտի համար»: Ընդորում, արժե նկատել տալ, որ անցած աշնանը regnum-ի մամուլի սրահում էր հյուրընկալվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Եւ հենց այդ ժամանակ էլ regnum-ի գլխավոր խմբագիր Կոլերովը հնչեցրել էր Ստեփանակերտի օդանավակայանը հակաահաբեկչական պայքարին ծառայեցնելու մասին հարցը:



Այդ հրատապությունը, կարծես, այսօր չկա: Սիրիայի հարցում կողմերը մոտենում են դժվար պայմանավորվածությունների: Շատ հնարավոր է, որ դրանց հետեւեն Հարավային Կովկասի հարցով Արեւմուտք-Ռուսաստան բանակցություններ: Միացյալ Նահանգները, թերեւս, շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների թեմայով նախապատրաստում են իրենց մասնակցությունը: Ռուսաստանի լծակներն անհամեմատ մեծ եւ ուղղակի ներգործության են: Այդուհանդերձ, regnum-ի մեկնաբանը հիշեցրել է, որ ժամանակին Մոսկվայում Հեյդար Ալիեւը ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դեմ առ դեմ քննարկել է ԼՂ կարգավիճակը, իսկ առհասարակ, նրա ձեւակերպմամբ, այդթեմայով «կան չհրապարակված շատ փաստաթղթեր»:



Խոսելով ԼՂ բանակցությունների մասին, ՌԴ արտգործնախարարն իր երկրի առանձնահատուկ դերակատարության թեման փակված չի համարել: Պատրաստվու՞մ է, արդյոք, Ռուսաստանը «բացվել» Ստեփանակերտի համար, ապա եւ՝ նախաձեռնել Բաքու-Ստեփանակերտ ուղղակի շփումներ: Կարելի՞ է regnum-ի հրապարակումը համարել առաջիկա ամիսներին ռուսաստանյան դիվանագիտական ջանքերի անոնս: Եթե դա տեղի ունենա, ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ-ը: Դիվանագիտական լեզվից եզրակացություն անելն անհույս զբաղմունք է: Այդուհանդերձ, Սերգեյ Լավրովը «Լավրովի ծրագրի չգոյության» թեման հենց այնպես չէր շրջանառի:



Վահրամ Աթանեսյան