«168 ժամ». Լարսի անցակետում առանձին անցակետ կլինի

«168 ժամ». Լարսի անցակետում առանձին անցակետ կլինի

«168 ժամ»-ը գրում է. «Անցած տարի ամռանը հայ բեռնափոխադրողները բավականին երկար ժամանակ էին կորցնում Լարսի անցակետում, որտեղ վրացական, թուրքական եւ այլ փոխադրողների հերթեր էին գոյանում: Լուծում գտնելու հույսով ՀՀ կառավարությունը դիմեց ԵՏՄ-ին՝ անդամ երկրների համար առանձին ռեժիմ գործարկելու առաջարկով: Դրանից հետո որեւէ արձագանք կամ պատասխան չի եղել, ՀՀ կառավարության անդամներն էլ այդ մասին չեն խոսել: 168.am-ը ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում են բանակցությունները, որեւէ լուծում հնարավո՞ր է: Փոխնախարարը նշեց, որ աշխատանքներն այդ ուղղությամբ ակտիվորեն շարունակվում են: «Մենք համատարած լուծումներ ենք քննարկել ռուս գործընկերների հետ, որ ինչքան հնարավոր լինի՝ ճանապարհի լայնացում լինի: Նախարարը բեռնափոխադրողների հետ քննարկել է, այն կողմից էլ լիարժեք պատկերացումը եւ ընդառաջ գնալու, խնդիրները լուծելու պատրաստակամությունը կա: Ոչ միայն առանձին անցակետ կլինի, մենք ուզում ենք լուծումներն այնպես տրվեն, որ այնտեղ առաջացող հիմնական խնդիրները լուծվեն»,- ասաց Ա.Առաքելյանը:



Ըստ նրա՝ այդ տարածքում երկու սարի արանքում սեղմված ճանապարհ է, եւ մեքենաների հերթերն ավելի շատ գոյանում են՝ կլիմայից ելնելով, նաեւ գետն աշնանն ու գարնանը վարարում է, դա էլ է խնդիր ճանապարհի լայնացման համար. «Տեղում մի քանի անգամ եղել ենք եւ գործընկերների հետ լուծումներ ենք առաջարկել: Դա ոչ միայն հայկական, այլեւ ԵՏՄ բոլոր փոխադրողների համար առավելություն կլինի: Այժմ նախագծային աշխատանքներ են իրականացվում, բայց քանի որ իրենց տարածքն է, մենք չենք կարող ակտիվ ներգրավվել: Դրանց ավարտից հետո պարզ կլինեն ժամկետները»:



Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ճանապարհը լայնացնելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ, տեխնիկապես բարդ ու վտանգավոր է, պայթեցումների խնդիր կա: Ներդրումների արդարացվածությունը, ըստ նրա, կապված է փոխադրվող բեռների ծավալների հետ. «Ես կարծում եմ, որ իրենք պետք է զգան, որ Հայաստանն այդքան բեռնափոխադրումների ծավալներ ունի: Ձմռան պատճառով ճանապարհները հաճախակի փակվում էին, գարնան հետ կապված մեր արտահանումներն ակտիվանում են եւ ծավալները կմեծանան»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: