Կին նախարարը անչափահասներին զրկում է ունեցվածքից

Կին նախարարը անչափահասներին զրկում է ունեցվածքից

Հրանտ Բագրատյանը վերջերս օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել, որով առաջարկում էր, որ քաղաքացիական օրենսգրքում կատարվի լրացում՝ արգելք սահմանվի գրավի առարկա դարձնել այն գույքը, որը պատկանում է սեփականատիրոջ անչափահաս երեխաներին, սեփականության իրավունքով։ Խոսքն այն մասին է, որ բանկերին արգելվի չմուծված վարկերի դիմաց վաճառել գրավադրված այն բնակարաններն ու տները, որտեղ անչափահաս երեխաներ են ապրում, քանի որ այդ երեխաները ծնողների մեղքով անօթևան են դառնում։ Մեր իրականության մեջ հազարավոր օրինակներ կան, երբ բանկերը «խժռում» են մարդկանց, երեխաները դեռ լիիրավ քաղաքացի չդարձած, դատապարտվում են «բոմժության»։ Չընդունել սա Արփինե Հովհաննիսյանը չի կարող, իսկ ընդունելը նշանակում է տրորել բանկերի թաթը, ինչը, նա, բնականաբար, չարեց։ Ահա ինչու, մեկ-երկու սուտի խոսք ասելով այն մասին, որ կիսում է Բագրատյանի մտահոգությունը, ապակյա հայացքով տիկինը մերժեց օրինագիծը։



Հետաքրքիր է պատճառաբանությունը․«Նման կոշտ կարգավորում նախատեսելը ուղղակիորեն հակասության մեջ է մտնում սեփականության իրավունքի և սահմանադրությամբ նախատեսված սեփականատիրոջը պատկանող երեք իրավազորությունների հետ՝ տիրապետում, տնօրինում և օգտագործում»։ Կառավարության անդամներից ոչ մեկի, այդ թվում՝ վարչապետի գլխում հարց չծագեց, ինչ՞ է, բանկինը սեփականություն է, երեխայի ծնողներինը սեփականություն է, իսկ երեխայինը՝ ո՞չ։ Ինչո՞ւ է ապակյա աչքերով նախարարը սեփականության իրավունքը պաշտպանում միակողմանիորեն։ Շատ լավ հասկանալով, որ մերժումն այս պետք է նուրբ անել, նախարարը, կամ նրան ոգեշնչող Դավիթ Հարությունյանը, որը, սովորաբար, նման նախագծերի «պապան» է, խորամանկ ձևակերպումներ են գտնում։ «Գտնում ենք, որ քաղաքացիական օրենսգրքում պետք չէ այս փոփոխությունը կատարել, շեշտադրումը և ամբողջ իմաստային բեռը պետք է դնել ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված խնամակալության և հոգաբարձության մարմիններին համապատասխան իրավազորությունների շնորհման և դրանց ամրապնդման մեջ։ Երեխայի շահն է ամրապնդվում, երեխայի լավագույն շահի շեշտադրումը պետք է հստակ ամրագրվի ընտանեկան օրենսգրքով, մենք առաջարկում ենք պատգամավորին համապատասխան փոփոխությունը ձևակերպել ընտանեկան օրենսգրքում, և այդ պարագայում մենք ինքներս էլ հայտնում ենք մեր աջակցությունը և պատրաստակամությունը ցանկացած օգնություն ցուցաբերելու»։



Մի տեսակ, չենք հավատում ապակյա աչքերին, հարցնում ենք Հրանտ Բագրատյանին, թե արդյոք նա պատրաստ է վերաձևակերպել իր առաջարկը․ «Դա ջրել է նշանակում, - ասում է Բագրատյանը, - դա իրենց ոճն է։ Հենց քաղաքացիական օրենսգիրքն է սահմանում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տնօրինելու երեխայի իրավունքը։ Եւ հետո, եթե իրենք դեմ չեն իմ նախաձեռնությանը, իրենք պետք է մտցնեն փոփոխությունը, ոչ թե ես։ Աշխարհի տարբեր երկրներում կա այս դրույթը։ ես նրանց Ուկրաինայի օրինակն եմ բերել։ Նոր առաջարկ անելու անհրաժեշտություն չկա, առաջարկն արված է, թող իրենք էլ մտցնեն փոփոխությունը։ Իհարկե, պետք է մի բան ասեին։ Իրենք հասկանում են, որ դժվար է սա մերժելը, ժողովրդի դուրը չի գա»։ Այս ամենի մեջ մի տխուր պահ կա, և դա Արփինե Հովհաննսիյանի սեռն է։ Ինչպե՞ս կարող է կինը, կամ, թեկուզ օրիորդը այնքան անողոք լինել, որ փողով «ձյաձյաներին» չնեղացնելու համար օգնի նրանց դուրս նետել փողոց անապահով ընտանիքների առանց այդ էլ տուժած երեխաներին։ Ինչպե՞ս կարող է նա չմտածել, որ ինքն էլ է մեղսակից լինում այդ երեխաների կործանմանը։ Իհարկե, նման հարցերը մեր երկրում նորմալ չեն համարվում։ Ավելի նորմալ է, որ բանկը մարդկանց դուրս գցի, երեխաները մնան առանց տանիքի, իսկ պետական չինովնիկները բանկերի համար պինդ մեջք ապահովեն։



Սյուզան Սիմոնյան