Դեղերի գների մշտադիտարկում

Դեղերի գների մշտադիտարկում

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խմբի կողմից իրականացվել է ուսումնասիրություն` Հայաստանում դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մանրածախ օղակում: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում զեկուցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, տեղեկացնում է գերատեսչության պաշտոնական կայքը:



Մշտադիտարկման արդյուքում պարզվել է, որ լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016թ. մարտին 2015թ. դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1,4%-ով, ընդ որում` դրանցից 47 անվանում դեղերի միջին շուկայական գները նվազել են 4.2%-ով, իսկ 7-ի գները բարձրացել են 2.8%-ով: Նշված ուսումնասիրությունները կատարվում են ամսական կտրվածքում և տեղադրվում են նախարարության պաշտոնական moh.am կայքում:



«Ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ Ազգային ժողովում առաջին ընթերցում անցած «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի և դրա ընդունմամբ պայմանավորված մի շարք այլ օրենքների նախագծերի վերաբերյալ պատգամավորների Ազգային ժողովի նիստում հնչեցված շուրջ 40 հարցերից բացի, ստացվել են 44 գրավոր առաջարկություններ, որոնց մի զգալի մասը ընդունվել է և նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ»,- ասաց Արմեն Մուրադյանը:



Նա տեղեկացրեց, որ արդյունքում նախագիծը էականորեն բարելավվել է և ընդունման դեպքում կկարգավորի դեղի շրջանառության ողջ շղթան, ինչպես նաև դեղերի գների կարգավորման միջոցով կապահովվի փոխհատուցվող դեղերի գների կանխատեսելիությունը, դեղատոմսերի ներդրմամբ կնվազի ինքնաբուժությունը և դրա բացասական հետևանքները, զուգահեռ ներմուծմամբ կխթանվի դեղերի գների նվազումը, բոլոր փուլերով պատշաճ կանոնների և մեծածախ իրացման լիցեզավորման պահանջի ներդրմամբ կբարձրացվի դեղի որակի, անվտանգության և արդյունավետության մակարդակը, .կներդրվի հետգրանցումային դիտարկումների և կողմնակի ազդեցությունների մոնիթորինգի գործուն համակարգ:



Նախագծերի վերանայված փաթեթը Ազգային ժողովում երկրորդ ընթերցում անցնելու նպատակով սահմանած ժամկետում մինչև ապրիլի 4-ը կներկայացվի ՀՀ կառավարություն: