Մյուս տարի չենք գա, մեկ անգամը բավական է. իրանցի զբոսաշրջիկ

Մյուս տարի չենք գա, մեկ անգամը բավական է. իրանցի զբոսաշրջիկ

Պարսկաստանը 80 միլիոն բնակչություն ունի և Պարսկաստանի տուրիստական վարչությունը երեկ հայտարարել է, որ 60 միլիոն բնակիչ տեղաշարժ է ունեցել երկրի ներսում կամ դրանից դուրս։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային ռադիոյի պարսկերեն հաղորդումների ավագ խմբագիր Տիգրան Դավուդյանը՝ նշելով, որ իրանցիների նոր տարին տևում է 13 օր, և անպայման իրենք ճամփորդում են այդ օրերին. «Մեծ թվով իրանցիներ կան հատկապես այս օրերին Հայաստանում, և մենք ամեն ձևով պետք է փորձենք նորմալ սպասարկել նրանց։ Իրանցիները Հայաստանը շատ են գնահատում՝ հատկապես անվտանգության առումով։ Նրանք կամ օդային ճանապարհով են գալիս Հայաստան, կամ ցամաքային։ Օդանավակայանում ոչ մի խնդիր չեն ունենում, ինչը չէինք ասի ցամաքային ճանապարհով գալու դեպքում»։ Տիգրան Դավուդյանը նաև ավելացրեց, որ եթե 10 հազար զբոսաշրջիկ գա Հայաստան, և նրանցից մեկը 1000 դոլար ծախսի, ապա ընդհանուր գումարը կկազմի 10 միլիոն դոլար։ 



Ասուլիսի մյուս բանախոսը՝ իրանուհի Մանսուրե Անսարին առաջին անգամ Հայաստան եկել է 1993 թ.և հաստատվել այստեղ, նրա ամուսինը բիզնես ունի Հայաստանում և աղջկն էլ սովորում է ԵՊԲՀ-ում։ Նրա խոսքերով` այստեղ իրենք ոչ մի դժվարության չեն հանդիպել։ Նա Նաև ավելացրեց, որ տաքսու վարորդների դեպքում, երբ տեսնում են, որ տեղացի չեն, կարող են 2 անգամ ավելի գումար վերցնել։ Այնուհետև խոսեց իրանցի զբոսաշրջիկների վարքի մասին. «Ես յուրաքանչյուր խանութ որ մտել եմ, ինձ լավ սպասարկել են, բայց լսել եմ, որ իրանցիները, երբ գալիս են այստեղ, իրենց ճիշտ չեն պահում, իհարկե բոլորին դա չի վերաբերում»։



Ասուլիսին ներկա մյուս հյուրը՝ Օրքիդե Աբդին ասաց` քանի որ Հայաստանը նորանկախ է, տուրիզմի փորձառություն չունի. «Ձեզ մոտ այդ փորձը պակասում է և անգլերենի իմացության մակարդակն է ցածր։ Հայաստանում ամեն ինչ լավ է, բայց մյուս տարի չենք պատրաստվում գալ այստեղ, քանի որ մեկ անգամը բավական է»։Օրքիդե Աբդին նաև նշեց, որ հասցրել են շրջել միայն Երևանով, քանի որ լսել են՝ Հայաստանի ճանապարհները այդքան էլ բարվոք վիճակում չեն։