ԱՄՆ, Կենտրոնական Ասիա… Ղարաբաղ

ԱՄՆ, Կենտրոնական Ասիա… Ղարաբաղ

«Վալդայ» ակումբը եւ «Արտաքին քաղաքականություն» գործակալությունը զեկույց են հրապարակել 2016թ. Ռուսաստանի սպառնալիքների մասին: Այդ մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը ( http://izvestia.ru/news/607688 ): Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբանները նշել են մի շարք սպառնալիքներ, որոնցից առնաձնացրել են հատկապես երեքը:



Որպես առաջին սպառնալիք դիտվում է Ռուսաստանին մեկուսացնելու ԱՄՆ քաղաքականությունը: Համարվում է, որ ԱՄՆ-ը շարունակում է Ռուսաստանը շրջապատող գոտի ստեղծելու քաղաքականությունը, որպեսզի Եվրասիական տարածքում չձեւավորվի ուժի ինքնուրույն կենտրոն:



Փորձագետների հայացքով Ռուսաստանի համար լրջագույն փորձություն կարող է լինել Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի փլուզումը եւ այնտեղ իսլամական-շարիաթական կառավարում հաստատելը: Ռուսաստանցի քաղաքագետների հայացքով լարվածության թիրախ կարող է դառնալ Տաջիկստանը:



Զեկույցում առանձին ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այդ առթիվ ասված է բառացիորեն հետեւյալը. «Վերջին ժամանակներս այնտեղ հաճախակիացել են փոխհրաձգությունները, այդթվում՝ հրետանու կիրառմամբ, իսկ հակամարտության կողմերը սպառազինությունների իսկական մրցավազք են սկսել: Դեպքերի նման ընթացքը կարող է կտրուկ հակադրել Մոսկվայի եւ Բաքվիշահերը՝ ընդհուպ մինչեւ պատերազմին միջամտություն Երեւանի կողմից եւ 2008թ. «վրացական տարբերակի» կրկնություն, իսկ դա հղի է Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա վատթարացումով, քանի որ Մոսկվան եւ Անկարան պաշտպանում են հակամարտության տարբեր կողմերին՝ համապատասխանաբար Հայաստանին եւ Ադրբեջանին (նույնտեղում):



Հարկ է նկատի ունենալ, որ «Վալդայը» բանավիճային ակումբ է, որին պարտադիր մասնակցում է Ռուսաստանի նախագահ Պուտինը: Այս հանգամանքը նշված զեկույցի լրջությունը գնահատելու հիմնական չափանիշն է: Թե ի՞նչ տեղեկատվության հիման վրա են ռուսաստանցի քաղտեխնոլոգները ԼՂ հարցում հանգել նման գնահատականի, արդեն, կարծես, այնքան էլ էական չէ:



Ի վերջո, լինում է նաեւ այնպես, որ իրադարձություններ են ենթարկեցվում մոդելավորման, ոչ թե իրադարձությունների ընթացքից գալիս եզրահանգումների: Լեռնային Ղարաբաղի հարցով, երեւի, սա առաջին անգամն է, որ ռուսաստանցի վերլուծաբանները նման սուր հեռանկարը չեն բացառում եւ հրապարակայնացնում են հավանական զարգացումների իրենց պատկերացումը:



Հնարավոր է, դա ընդամենը ակնարկ է Բաքվին, որը վերջին շրջանում ավելի ու ավելի է հակվում Արեւմուտքի հետ նոր որակի հարաբերությունների: Բայց ինչու՞ այդքան թափանցիկ: Ահա խնդիրը: Որովհետեւ նման լրջագույն թեման այդքան բացախոսություն չպետք է հանդուրժեր:



Վահրամ Աթանեսյան