Չե՞ն կարող, թե՞ չեն ուզում

Չե՞ն կարող, թե՞ չեն ուզում

Ուկրաինայի արեւելքում կրակի դադարեցմանը դեմ էր թե Կիեւը, թե «Նովոռուսիան»: Բայց զինադադարը հաստատվեց եւ պահպանվում է: Եվ իրավիճակն այնպիսին է, որ արեւելյան մարզերից մարդիկ անցնում, Կիեւի վերահսկողության տարածքում ստանում են իրենց թոշակները, նպաստները եւ վերադառնում «անկախ» Դոնեցկ կամ Լուգանսկ: Լեռնային Ղարաբաղում, փառք աստծո, նման խնդիր չկա: Այստեղ գլխավորը կրակի դադարեցումն է, զինադադարի պայմանավորվածության անվերապահ կատարումը: Քաղաքական խնդիրները կարող են սպասել, մարդկային կյանքը, մինչդեռ, հարկ է խնայել այսօր, այս ժամին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ «տիրացել է ռազմավարական բարձունքների, որպեսզի ապահովվի մերձճակատային գոտու բնակչության անվտանգությունը»: Հիմարություն: Երբ խաղաղ բնակավայրերը զորքերի շփման գծից մեկ-երկու, անգամ 10-20 կմ հեռավորության են, նրանց անվտանգությունը կարող է երաշխավորել միայն ծանր զինատեսակների, զրահատեխնիկայի եւ հրթիռահրետանային միջոցների հեռացումը: Նման առաջարկ կողմերին արվե՞լ է: Այդ մասին տեղեկատվության բաց աղբյուրներից ոչինչ հայտնի չէ: Եթե դա չի արվում, անիմաստ է նաեւ զինադադարի ռեժիմի մոնիտորինգի գաղափարը:



Ենթադրենք հաստատվեց, որ Ադրբեջանը շփման գծում կիրառել է ականանետ կամ հրետանի: Ի՞նչ է հետեւելու դրան: Գործնականում՝ ոչինչ: Որովհետեւ ադրբեջանական դաշտային հրամանատարությունը կարող է պատճառաբանել, որ հայկական ուժերի ներթափանցման հետախուզական տվյալներ է ունեցել եւ կանխարգելիչ հարված է հասցրել: ԵԱՀԿ-ն չի կարող ստուգել՝ ադրբեջանական հետախուզությունը ճի՞շտ է, թե՞ սխալ: Մոնիտորինգի մեխանիզմը կարող է արդյունավետ լինել, եթե զորքերի ֆիզիկական շփման գիծը հիմնավորապես ապառազմականացվի, այնտեղ մնա միայն հրաձգային զենք, չլինեն դիպուկահարներ: Ինչպես նաեւ կողմերի ռազմական գերատեսչությունները նույնաբովանդակ հրաման արձակեն եւ երաշխավորեն, որ զինադադարի խախտումների համար ստորադաս հրամանատարությունը կպատժվի: Այն իրավիճակում, երբ հայ զինվորին խոցող դիպուկահարը պարգեւատրվում է 10-օրյա արձակուրդով եւ արժանանում դրամական խրախուսանքի, զինադադարի վերահսկման մոնիտորինգի գաղափարը պարզապես «պարապ վախտի խաղալիք է»: Ուկրաինայի արեւելքում ծանր զրահատեխնիկան եւ հրթիռահրետանային կայանքները զորքերի ֆիզիկական շփման գծից հեռացրել են այն չափով, որ խաղաղ բնակավայրերը դուրս մնան խոցելիության տիրույթից: Այդպիսի արմատական համաձայնություն ձեռք է բերվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Իսկ երաշխավորները Ֆրանսիան եւ Գերմանիան են:



ԼՂ հարցում միջնորդություն իրականացնում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան: Նրանք ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ են: Եվ կոնսենսուսային ցանկության դեպքում կարող են ոչ թե առաջարկել ինչ-որ «մադրիդյան» կամ «կազանյան» գաղափարներ, այլ պարտադրել, որ հակամարտության գոտին հիմնավորապես ապառազմականացվի: Այդ մասին Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Փարիզում չեն մտածում, գործնական քայլեր չեն մշակվում: Թեեւ վերջինիս դեպքում պետք է վերապահում անել. Փարիզը, ըստ երեւույթին, կմիանա նախաձեռնությանը, եթե Մոսկվան եւ Վաշինգտոնը պայմանավորվեն: Ուստի փարիսեցիություն է, երբ Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները, մի կարճ պահ ընդհատելով աշխարհաքաղաքական սուր բանավեճը, ինչ-որ անորոշություններ են քրթմնջում, թե ԼՂ հարցի լուծումը հակամարտության կողմերի ձեռքում է, իրենք միայն օգնում են: Ըստ երեւույթին «օգնում են», որպեսզի կողմերը համաձայնության չգան: Որովհետեւ իրենք դեռ համաձայնության չեն եկել, թե պոստկոնֆլիկտային Հարավային Կովկասի «նայողն» ով է լինելու:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ