Ո՞ւմ աջակցության վրա էր հույս դրել Ալիեւը

Ո՞ւմ աջակցության վրա էր հույս դրել Ալիեւը

Այս օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի մի քանի լրատվամիջոցներում հրապարակվեցին, ինչպես haqqin.az-ն էր խորագրել՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկությունները»: Շուրջ 10 տարի խոսվում էր «մադրիդյան սկզբունքների» մասին, բայց կողմերից ոչ մեկը դրանք չէր գաղտնազերծում:
Քառօրյա պատերազմից հետո միջնորդների առաջարկությունները հրապարակայնացվում են, եւ դա ինչ-որ բան նշանակում է, եթե, մանավանդ, նկատի ունենանք, որ Ալիեւի տեռորիստական ռեժիմի ներկայացուցիչ Ալի Հասանովը «Խազար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «մոտակա մի քանի օրերին բանակցությունների վերսկսման» հավանականություն է անոնսավորել (http://haqqin.az/news/68321)։



Անցյալ շաբաթ «Վաշինգտոն պոստում» Ադրբեջանի ագրեսիայից հետո իրավիճակի վերլուծություն է արել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան, որի հիմնական եզրակացությունն այն է, որ քառօրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ազդեցությունը թուլացել է: Իսկ Ալի Հասանովը կրակի դադարեցման նախաձեռնությունը վերագրել է, իր բառերով՝ «Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն» Վլադիմիր Պուտինին:



Վերլուծելով Բրայզայի հոդվածը եւ նրա եզրահանգումը համարելով իր տեսակետին համահունչ՝ Ստանիսլավ Տարասովը քառօրյա պատերազմից հետո ռազմաքաղաքական իրավիճակի հետեւյալ կետ առ կետ պատկերն է ներկայացրել. «1. Մոսկվան Անդրկովկասում խլում է աշխարհաքաղաքական նախաձեռնությունը: 2. Ադրբեջանն ստացել է ԵԱՏՄ-ին միանալու հրավեր, որը նշանակում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների պոտենցիալ բացում: 3. Իրանը գործում է Ռուսաստանի հետ՝ դուրս մղելով Թուրքիային եւ իրենով լցնելով նրա (Թուրքիայի) կողմից տարածաշրջանում թողած վակուումը» (http://regnum.ru/news/polit/2120042.html)։



Այնուհետեւ մեկնաբանը սեփական երկու եզրահանգում է անում: Նախ, նրա հայացքով՝ ստեղծված իրավիճակում «ադրբեջանական իշխանությունները գործել են առաջանցիկ՝ ամրապնդելով ժողովրդի լոյալությունը, ակտիվացնելով արտաքին սպառնալիքի գործոնը, եւ… ցանկացած բողոք (նկատի ունի ներքին՝ սոցիալ-քաղաքական ընդվզումները՝ Վ. Ա.) կմեկնաբանվի եւ արդեն մեկնաբանվում է որպես պրոհայկական»: Երկրորդ, որ «ԵԱՀԿ ՄԽ միակ անելանելի «ելքը» Ղարաբաղում ստատուս-քվոյին աջակցությունն է, քանի որ հակամարտող կողմերի դիրքորոշումները փոխզիջումից հեռու են» (նույն տեղում)։
ԼՂ հարցում ստատուս-քվոն պահպանելու նպատակահարմարության մասին, ինչպես հայտնի է, ապրիլի 7-8-ին Երեւան եւ Բաքու այցելելուց հետո խոսել է ՌԴ վարչապետ Մեդվեդեւը:



Ամենաինտրիգայինը, սակայն, Regnum-ի տեղեկությունն է, որ «ԱՄՆ-ն գիտեր Ղարաբաղում նախապատրաստվող բախումների մասին եւ հրաժարվել է աջակցել նախագահ Ալիեւին ճիշտ այնպես, ինչպես ԵԱՀԿ ՄԽ-ն՝ փլուզումից» (նույն տեղում)։
Ստացվում է գրեթե սենսացիա՝ Վաշինգտոնում գտնվող Ալիեւին հասկացնում են (կամ պետքարտուղար Քերրին, կամ փոխնախագահ Բայդենը, կամ էլ՝ երկուսով), որ չեն աջակցի ԼՂ-ում ռազմական բախումների վերսկսմանը, ինչպես նաեւ չեն սատարում ԵԱՀԿ Մինսկի խումբը փլուզելու ջանքերին, բայց Ադրբեջանը, միեւնույն է, ձեռնարկում է ագրեսիա:
Այդ դեպքում ո՞ւմ աջակցության վրա էր հույս դրել Ալիեւը: Միջազգային հարթակներում եւ, մասնավորապես միջուկային անվտանգության հարցերով Վաշինգտոնի գագաթնաժողովում մեկուսացված Էրդողանի՞…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ