Ռամիլ Սաֆարովի Ադրբեջանը եւ Աքրամ Այրիսլիի Ադրբեջանը

Ռամիլ Սաֆարովի Ադրբեջանը եւ Աքրամ Այրիսլիի Ադրբեջանը

Ադրբեջանցի վտարանդի գործիչ Ռամիս Յունուսը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում, ադրբեջանական meydan.tv առցանց լրատվական կայքում հրապարակել է բավական ուշագրավ մի հոդված, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի ներկայիս իրավիճակին` փորձելով համեմատության մեջ դնել երկու իրականություններ` երկու Ադրբեջան` մեկը Ռամիլ Սաֆարովի, ասել է թե՝ Իլհամ Ալիեւի վարչակազմի, մյուսը` Արքամ Այրիսլիի (ադրբեջանցի գրող «Քարե երազանքներ» վեպի հեղինակ) Ադրբեջանը: Իր հոդվածում Յունուսը բավական դիպուկ կերպով է նկատել, որ ալիեւյան վարչակազմի Ադրբեջանը տոտալիտար բռնապետություն ներկայացնող երկիր է, որն այլատյացությունը եւ այլ բացասական երեւույթներ օգտագործելով՝ փորձում է իշխանության ղեկին մնալ եւ ամեն բան անել, որպեսզի երկրի մտավորականությունը լքի երկիրը, քանի որ անգրագետ ամբոխին կառավարելն ավելի հեշտ է, քան ուսյալ հասարակությանը: Իսկ հակադիր բեւեռում արդեն ներկայացվում է Արքամ Այրիսլիի Ադրբեջանը, որը պատկերավոր խտապատկերն է մտավորականության եւ լայնախոհ հասարակության, որը չի ուզում պատերազմ եւ չի ուզում բռնություն, եւ որի համար կարեւոր է խաղաղությունը: Ռամիս Յունուսն անդրադարձել է նաեւ Ռամիլ Սաֆարովի հերոսացման խայտառակ պատմությանը, որոշ քննադատությամբ մոտեցել Այրիսլիի «Քարե երազանքներ» վեպին, ներկայացրել նաեւ դրվագներ իր վտարանդիության պատմությունից:



Ուշագրավ է նաեւ այն, որ Յունուսը խոստովանում է, թե իր համար այս հոդվածի ներշնչման աղբյուր է հանդիսացել Լեւոն Ջավախյանի հարցազրույցը՝ տրված «Ազադլըգ» ռադիոկայանին, որտեղ էլ հայ մտավորականը առաջ է քաշել երկու զուգահեռ եւ իրար չհամապատասխանող Ադրբեջանի գոյությունը եւ իրեն տվել առիթ՝ մտորելու համար: