Ի՞նչ փոխզիջումներ, այդպիսի բան չի քննարկվել Լավրովի այցի ժամանակ. Էդվարդ Նալբանդյան

Ի՞նչ փոխզիջումներ, այդպիսի բան չի քննարկվել Լավրովի այցի ժամանակ. Էդվարդ Նալբանդյան

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր էր այցելել Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:  Նա ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, հարգեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ԱԳ նախարարը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբին տեղի ունեցած պատերազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակին, բանակցային գործընթացներին, ինչպես նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին` Հայաստան:



«Լավրովի հետ մենք հայտարարեցինք մամուլի ասուլիսի ժամանակ, որեւէ գաղտնի բան չկա, Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններով հանդես եկավ, եւ համանախագահները, միջազգային հանրությունը պետք է մեծ ջանքեր գործադրի, որ այդ հարվածը, որը հասցվել է խաղաղ կարգավորմանը, բանակցություններին, հնարավոր լինի հաղթահարել: Նաեւ շատ դժվար է հաղթահարել, որովհետեւ կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է: Եւ միջազգային հանրությունն այսօր դրանով է զբաղված, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին կարգի հրավիրել եւ բերել կառուցողական դաշտ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել, որովհետեւ բանակցություններին այլընտրանք չկա: Փաթեթ գոյություն չունի, Լավրովը դրա մասին նաեւ հայտարարեց, շինծու ինչ-որ հարցերի ինչ-որ բաներ պետք չի տալ, ասեկոսեների վրա հիմնված եզրակացություններ անելը իմաստ չունի: Լավրովն ինքը հայտարարեց, որ այսօր ջանքերն ուղղված կլինեն հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, այն միջոցների հայթայթմանը, որպեսզի կայունություն ստեղծվի, որպեսզի ապահովվի անվտանգությունը տարածաշրջանում եւ հնարավոր լինի ավելի հարմար եւ նպաստավոր պայմաններում բանակցությունները շարունակել: Հարցնում եք ինչ-որ փաթեթի մասին, այդպիսի փաթեթ Լավրովը չի բերել: Ի՞նչ փոխզիջումներ, այդպիսի բան չի քննարկվել Լավրովի այցելության ժամանակ, իսկ ընդհանրապես կան առաջարկներ եռանախագահների կողմից, որոնք արվել էին 5 հայտարարությունների մեջ: Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ հայտարարությունների հիման վրա Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կարող է գնալ շարունակել բանակցությունները, գնալ կարգավորմանը, իսկ Ադրբեջանը անտեսում է, սա է իրականությունը: Նաև սա է պատճառը, որ միջազգային հանրությունը պետք է փորձի ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ»:



Նա նշեց, որ կարգավորումն այն է, ինչ-որ հայտարարվել է բազմիցս հանրապետության նախագահի կողմից եւ նաեւ արտգործնախարարի կողմից. «Ինչ-որ նոր բաներ պետք չի հնարել, այն առաջարկությունները, որոնք արվել էին, եթե դրանք ձեռնտու լինեին Ադրբեջանին, ապա չէր մտնի այս փակուղի եւ չէր գնա այլ գործողությունների: Ձախողվեց բանակցություններում, դրա համար փորձեց ռազմական ճանապարհով լուծումներ գտնել, ռազմական ճանապարհով էլ ձախողվեց, ստիպված է լինելու վերադառնալ բանակցությունների սեղան, որովհետեւ այլընտրանք չկա, այլ ճանապարհ չկա, բանակցությունները պետք է շարունակվեն»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը եւ հեռացավ: