Լրագրողին վիրավորելով՝ նա ընդունեց սեփական անկարողությունը

Լրագրողին վիրավորելով՝ նա ընդունեց սեփական անկարողությունը

Վլադիմիր Գասպարյանը մի տղամարդ է, որին շրջապատի մարդիկ չեն առարկում՝ անկախ նրանից, թե ինչ սեռի են նրանք։ Երբ ոստիկանապետը խոսում է, նրանք լռում են։ Հարյուր անգամ պաշտոնական ռեպորտաժներում տեսել ենք, թե ինչպես է Գասպարյանը կարգի բերում տարբեր մարդկանց, իր ենթականերին։ «Երբ ուժ ես կիրառում հանցագործությունը բացահայտելու համար, ուրեմն անխելք ես, տկարամիտ ես, մսագործ ես», կամ՝ «դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՜», «դրանց հանել է պետք համազգեստի միջից»։ Մի անգամ էլ սպառնում էր ճանապարհային ոստիկանների «ձեռքերը կտրել»՝ «նալոգ» վերցնելու համար։ Ոչ ոք չի վիրավորվում ոստիկանապետից։ Բոլորը գլուխները կախ լռում են, եւ սա առնվազն զարմանալի է։ Վլադիմիր Գասպարյանը նույն գառան հնազանդությունն սպասում է նաեւ լրագրողներից։ Այնպես չէ, որ ինքը չի սիրում լրագրողներին։ Էլ ո՞վ կարող է հասցնել աշխարհին իր խարիզմատիկ ձայնը, դերասանական առոգանությունը, խելոք մտքերը։



Ի տարբերություն աշխարհի բոլոր ոստիկանապետերի, Գասպարյանը քարոզիչ-ոստիկանապետ է։ «Պետք է համախմբված լինենք, արդար լինենք ու ազնիվ, բանսարկություններով չզբաղվենք, ցանկությունը որպես իրականություն չներկայացնենք»,- քարոզում էր նա Ծիծեռնակաբերդի բարձունքին խաչակնքվելուց հետո, եւ նրա խոսքը սպեղանի է որոշ լրագրողների հոգուն։ «Բանակն ու ոստիկանությունը մի մարմին են։ Մենք ունենք ոգի եւ ներքին խժդժումներ, որը հարիր չէ մեր ժողովրդին». ինչքան բան իմացանք այդ օրը, որ չգիտեինք։ Տեսանք նաեւ, որ Վլադիմիր Գասպարյանը չի դոփում տեղում, չի «դեղնում», չի «գունաթափվում»։ Նա բազում նոր բառեր է սովորել․ «Ամեն ինչ չէ, որ պետք է սելֆիի մակարդակով անել», կամ՝ «Եթե լրագրողներ են, ոչ թե ֆեյջերը կպցրած մասնակցում են, երբ լրագրողը չի խոչընդոտում, կարող են լինել սխալներ, տպագրական սխալներ, բայց մենք մեր սխալները տեսնում ենք, դուք՝ ոչ, բարեփոխվեք, սիրելիներս»։ Ոստիկանապետը, հավանաբար, միատեղել է badge (բեյջ՝ վկայական) եւ մոդայիկ fake (ֆեյք՝ անոնիմ, կեղծ դեմք) բառերը, բայց էականն այդ մանր-մունր սխալները չեն, այլ այն, որ մեր ոստիկանապետը ժամանակից հետ չի մնում։ Ու այդպես էլ առաջ կգնար, եթե մի կլորիկ, խիստ կանացի լրագրող՝ Սիրանուշ Պապյանը, նրան չնեղացներ։



Լրագրողը հանդգնել էր հարց տալ ոստիկանապետին․ «Իսկ ինչո՞ւ հասարակությունը չի տեսնում, որ ոստիկանությունը փոխվել է»։ Ինչպես հիշում ենք, ոստիկանապետը սովոր չէ, երբ իրեն առարկում են։ Նա միանգամից սկսում է նյարդայնանալ, փիս-փիս բառեր ասել եւ, գիտակցելով, որ այլեւս բարի քարոզիչի կերպարից դուրս է, կորցնում է ինքնատիրապետումը։ «Ես էլ քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»,- ասաց լրագողին։ Սիրանուշն էլ վիրավորվեց եւ պատրաստվում է դատի տալ ոստիկանապետին։ «Ախր, սխալ եք հասկացել, սա փոխաբերություն է»,- իրավիճակը շտապեց փրկել Գասպարյանի մամուլի խոսնակը։- Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ, ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին»: Դուք չեք տեսնում, որ մենք փոխվել ենք, մենք էլ չենք տեսնում, որ դուք կին եք. ահա, թե ինչ է ցանկացել ասել Գասպարյանը։ Ոստիկանության պարզաբանումից հետո էլ աղմուկը շարունակվեց։



Ողջ լրագրողական համքարությունը կանգնեց նրա մեջքին։ Ոմանք պահանջեցին, որ Գասպարյանը հրաժարական տա։ Շարմազանովը ներողություն խնդրեց կնոջից Գասպարյանի փոխարեն։ Դե, Շարմազանովի համար այս պահվածքը նորմալ է, նա մարտի մեկի զոհերի համար էլ է ներողություն խնդրել։ Բայց նրա «ներողությունն» ավելի խճճեց իրավիճակը։ Ի վերջո, Գասպարյանն էլ ասաց․ «Կներես, կին չեմ տեսնում», եւ ի՞նչ։ Իսկ մենք ոստիկանապետին կոչ ենք անում զուսպ լինել լրագրողների ներկայությամբ, քանզի բարկությունը 7 մահացու մեղքերից է, իսկ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը նրան հանդգնի տհաճ հարց ուղղել, հիշել՝ լրագրողի առաքելությունն այս կյանքում տհաճ հարցեր տալն է։ Եվ նրա հարցը լսելիս չարժե անմիջապես նայել, թե ինչ սեռի է նա։ Ի վերջո, կա հասարակ, ոչ ավետարանական, գրեթե կենցաղային ճշմարտություն․ «Կնոջը վիրավորելով՝ տղամարդն ընդունում է սեփական անկարողությունը»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ