Եթե ժամանակը չբավականացնի, դուրս կգամ «Ազատամարտիկների դաշինքից». Արաբոյի Մանվել

Եթե ժամանակը չբավականացնի, դուրս կգամ «Ազատամարտիկների դաշինքից». Արաբոյի Մանվել

Արդեն հայտնի է, թե ինչ անուն է ունենալու ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցությունը եւ ովքեր են նրա նախաձեռնող խմբի անդամները։ «Համախմբում» նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից «պոկված» պատգամավորներ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նախասիրությունները սպասարկող կայքերի խմբագիր-քաղաքագետներ, այլք։ Եվ քանի որ Hraparak.am-ի համար անսպասելի էր այդ անունների շարքում հանդիպել «Արաբո» ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Մանվել Եղիազարյանի (Արաբոյի Մանվել) անվանը, փորձեցինք նրանից ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները։



-Պարոն Եղիազարյան, ի՞նչը մղեց Ձեզ հանդես գալ որպես ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած կուսակցության նախաձեռնող խմբի անդամ։



-Ես մեկ-երկու բառով չեմ կարող ասել, ծրագիրը կներկայացվի, ամեն ինչին կծանոթանաք։ Մի բան կարող եմ ասել՝ ինձ անհանգստացնում են քաղաքական իրավիճակը, պատերազմական իրավիճակը, բացթողումները, ալան-թալանը։ Ես «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ եմ դարձել, որպեսզի կարողանամ իմ խոսքը ասել ժողովրդին պաշտպանելու համար։



-Պարոն Եղիազարյան, Վարդան Օսկանյանի տասնամյա գործունեությունը եղել է բոլորիս աչքի առաջ։ Նրա պաշտոնավարման շրջանում էր, որ Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցությունների շրջանակից, արտաքին քաղաքական օրակարգ մտավ Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակը, հիշում ենք, թե նա ինչպես է պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին տարբեր իրավիճակներում։ Ո՞րն է երաշխիքը, որ նախկին արտգործնախարարի հիմնած կուսակցությունը կարող է այդքանից հետո դրական դերակատարում ունենալ Հայաստանում։



-Գիտեք ինչ, մենք համախմբվել ենք մի տեղ, որտեղ կարող ենք խոսել բացթողումների մասին։ Ես ավելի մանրամասն այդ մասին կարող եմ խոսել մի որոշ ժամանակ անց։ Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, միգուցե այն ժամանակ այդպիսի դիվանագիտություն է պահանջվել։ Չէ՞ որ դիվանագետի լեզուն նրա համար է, որ կարողանա թաքցնել իր մտքերը։ Այն ժամանակ, կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղն այսպիսի վտանգի առաջ կանգնած չէր։



-Իսկ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ դառնալը Ձե՞ր ցանկությունն էր, թե՞ իրենք են առաջարկել։



-Նախաձեռնությունը եղել է երկուստեք։



-Պարոն Եղիազարյան, իսկ Ձեզ չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ Վարդան Օսկանյանի հետեւում երեւում են Ռոբերտ Քոչարյանի «ականջները»։



-Գիտեք ինչ, շատ մարդկանց, շատ իշխանավորների հետեւում շատերի «ականջներն» են երեւում։ Ես տեղյակ չեմ այդ մասին, ես Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել։ Մենք այսօր այդ խնդիրը չենք լուծում։ Մեզ պետք է, որ մեր երեխաները չզոհվեն, որ այս սրիկայություններին ու անարդարություններին վերջ տրվի։



-Դուք չեք հանդիպել, բայց Վարդան Օսկանյանը ժամանակ առ ժամանակ հանդիպում է Ռոբերտ Քոչարյանին եւ չի էլ թաքցնում դա։



-Վարդան Օսկանյանը տասը տարի աշխատել է Ռոբերտ Քոչարյանի հետ, բնական է, որ կարող է հանդիպել նրա հետ։ Բայց դա չի նշանակում, որ կուսակցության հետեւում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը։ Կյանքը ցույց կտա, թե մեր հասարակությունը վստահու՞մ է «Համախմբում» կուսակցությանը, թե՞ ոչ։



-Իսկ Դուք մտադի՞ր եք առաջիկայում ընտրվել ԱԺ պատգամավոր։



-Կյանքը ցույց կտա։ Քանի դեռ կուսակցությունը համագումար չի հրավիրել, ոչինչ ասել չեմ կարող։



-Դուք նաեւ «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ եք։ Ինչպե՞ս են վերաբերվել դաշինքում Ձեր կայացրած որոշմանը։



-«Ազատամարտիկների դաշինքը» հասարակական կազմակերպություն է, այնտեղ նորմալ են վերաբերվում, որ մարդիկ կարող են ունենալ տարբեր քաղաքական նախասիրություններ։ Եթե կուսակցական գործունեությամբ զբաղվելու համար իմ ժամանակը չբավականացնի, ապա ես ներողություն կխնդրեմ եւ դուրս կգամ դաշինքից։ Նրանք եղել եւ մնում են իմ մարտական ընկերները։



Թագուհի Հակոբյան