Իշխանության մեջ լինելը իմ վարկանիշը կբարձրացնի. Վարդան Օսկանյան

Իշխանության մեջ լինելը իմ վարկանիշը կբարձրացնի. Վարդան Օսկանյան

«Մենք գտնում ենք, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու, այդ ընտրություններով որոշվելու է մեր երկրի ապագան, դրա համար էլ մենք գտնում ենք, որ առանձին-առանձին քաղաքական ուժերը, ովքեր նույն նպատակն են դրել իրենց առջև և մեծ դժվարություն կունենան արդյունքների հասնելու, մենք փորձելու ենք միասին ճանապարհ անցել: Մենք կոչ ենք անում նաև ժողովրդին համախմբվել քաղաքական ուժերի շուրջ»,- այս մասին քիչ առաջ ասել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Օսկանյանը՝ բացատրելով իր կուսակցության անվանումը։



Օսկանյանն ասաց որ նախկինում իշխանության մեջ լինելու փաստը ոչ միայն չի խանգարի, այլ կօգնի նորաստեղծ կուսակցությանը․«Ես կարծում եմ, որ իմ` իշխանության մեջ լինելը իմ վարկանիշը կբարձրացնի այն իմաստով, որ իշխանական համակարգում աշխատելու փորձ ունեմ, արտաքին քաղաքական ոլորտում տասը տարի աշխատել եմ, տասը տարի կուսակցական եմ եղել, զբաղվել եմ ներքաղաքական հարցերով, այդ երկուսի համադրումով կարծում եմ` ավելի շատ կունենամ ժողովրդի վստահությունը»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նորաստեղծ կուսակցության հետ նրա անունը կապելուն անդրադառնալով` Օսկանյանը նշեց, որ արդեն խոսել է այդ մասին, Քոչարյանը կուսակցության հետ կապ չունի։ Կուսակցությունը ով կղեկավարի և ղեկավար կազմում ով կլինի, դա համագումարը կորոշի:



Թե ինչ միջոցներով է ֆինանսավորվելու կուսակցությունը, Օսկանյանն ասաց, որ նոր մշակույթ են բերելու․«Ես դիմելու եմ բիզնես շրջանակներոին, հանդիպելու ուսանողներին, մենք պետք է մեր հասարակությունը ներգրավենք քաղաքական գործընթացներում: Մենք ձևացնում ենք, որ ժողովուրդը ներգրավված է քաղաքական գործընթացներին, բայց այսպես չէ, ես ձեռնոց եմ նետելու կոնկրետ այդ խնդրին»:Դիտարկմանը, որ բիզնես շրջանակները իշխանություն կողքին են, նա արձագանքեց․ «Դա իսկապես մարտահրավեր է, և ես փորձելու եմ իսկապես այդ տաբուն ջարդել: Չի կարող մի երկրում բոլոր բիզնես շրջանակները լինեն իշխանություն կողքին: Մեր կուսակցությունը խնդիր է դնում, որ իսկապես կրճատելու ենք փոքր ու միջին բիզնեսի հարկերը և գործարարները պետք է գան իշխանության»։



Անդրադարձավ նաեւ ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքին, որ եթե Օսկանյանը խոսում է 20 տարի շարունակ կեղծված ընտրությունների մասին, ուրեմն ինքն էլ կեղծված նախարար է եղել․ «Ես Շարմազանովի ասածի էությունը չհասկացա: Եթե նա ենթադրում է, որ տասը-քսան տարի Հայաստանում ընտրություններ չեն կեղծվել, ուրեմն ինքն այլ մոլորակում է ապրում: Երբ խախտում է լինում, թեկուզ` տասը ձայն, նշանակում է, որ տասը ձայնով շեղվել է արդյունքից, ուրեմն չի արտահայտել իսկական էությունը, ուրեմն ընտրությունը կեղծվել է»,- ասաց նա:



Դիտարկմանը, թե ստացվում է` Ձեր իշխանության օրոք ընտրությունները կեղծվել են, Օսկանյանը պատասխանեց. «Իմ իշխանության ժամանակ էլ եղել է, որ ես բարձրաձայնել եմ, որ ընտրություններում եղել են լուրջ խախտումներ, իսկ եթե կա խախտում, և արդյունքը չի արտահայտում ժողովրդի կամքը, ուրեմն կեղծվել է: Եթե խախտում է եղել ընտրություններում, ուրեմն ընտրությունը կեղծվել է, և մենք դրա դեմ պետք է պայքարենք»