Մի տրվեք

Մի տրվեք

Իգոր Մուրադյանը հերթական «ապոկալիպտիկ կանխատեսումն» է արել: Որ եթե Հայաստանը շարունակի «մեռնող, նեխող» Ռուսաստանի հետ անվտանգության նույն համակարգում մնալ, ապա «հատուցումը դաժան է լինելու»: Էդիկ Անդրեասյանը հակադարձել է նրան, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ 50 տարվա պայմանագիր ունի կնքած, «որից հրաժարվելն այս պահին նշանակում է մի բան՝ պատերազմով կամ առանց պատերազմի բոլոր ձեռքբերումների կորուստ՝ հաշված օրերի եւ նույնիսկ ժամերի ընթացքում»:



Ի՞նչ է ստացվում, մնում ենք ՀԱՊԿ-ում՝ «պատժում է» ՆԱՏՕ-ն, հրաժարվում ենք ՀԱՊԿ-ից՝ Ռուսաստանն է «պատժում»: Այսպես է հասկացվում Մուրադյան-Անդրեասյան բանավեճից:
Ինչպե՞ս կարող է «պատժել» ՆԱՏՕ-ն: Թուրքիայի՞ միջոցով: Այսինքն, Բրյուսելում պիտի որոշեն, որ Թուրքիան հարձակվում-օկուպացնո՞ւմ է Հայաստանը: Խելքին մո՞տ է: Թե՞ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին է հրահրելու, որ հարձակվի ԼՂՀ-ի դեմ:



Կամ ինչպե՞ս է Ռուսաստանը մեզնից հաշված օրերի, նույնիսկ ժամերի ընթացքում խլելու բոլոր ձեռքբերումները: Զո՞րք է շարժելու Հայաստանի դեմ, թե՞ Գյումրիի ռազմակայանի ուժերով օկուպացնելու է Երեւանը: Կամ էլ հայ-թուրքական սահմա՞նն է մերկացնելու: Ադրբեջանին դրդելու է ԼՂՀ-ի դեմ ագրեսիայի՞:



ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը, բարեբախտաբար, շատ ավելի թանկ են գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, քան երեւում է «արտաքին քաղաքական կողմնորոշվածության» ձեր պրիզմայով, պարոնայք: Վերջապես, ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը խուսափել, խուսափում եւ խուսափելու են ուղղակի առճակատումից:
Ո՞րն է պահի հրամայականը: Չտրվել գայթակղությունների եւ երկիրը չվերածել «հունասերների» եւ «պարսկասերների» մրցապայքարի ասպարեզի: Մանավանդ որ երկրի իշխանությունը, ի հակակաշիռ «սուվերենության կորստի» մասին բամբասանքների, վճռական պահին կարողանում է «ոչ» ասել:



Իսկ դիվանագիտական «ոչը» լուրջ եւ իրավահավասար հարաբերությունների նախապայմաններից մեկն է: Որովհետեւ դրան հետեւում է հասցեատիրոջ «այոն»…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ