Վիճակը՝ կոճակ

Վիճակը՝ կոճակ

Հակառակորդի ռազմական գերատեսչությունը միաժամանակ երկու հաղորդագրություն է տարածել. մեկով «կեղծիք» է որակված աուդիոնյութը, որից պարզ է դառնում, որ նախօրեին ադրբեջանական բանակն ունեցել է 33 զոհ: «Ադրբեջանական բանակը կորուստներ չի տվել»,- ամփոփված է «հերքման» տեքստում:



Երկրորդ տեղեկատվությունը վերաբերում է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ «մերձճակատային գոտու դաշտային հոսպիտալներից մեկն» այցելելուն: Ռազմագետ պետք չէ՝ հասկանալու համար, որ դաշտային հոսպիտալները տեղաբաշխվում են միայն այն ժամանակ, երբ ստացիոնար բժշկական հաստատությունները ճակատային գծից հեռու են լինում:



Ադրբեջանում նման խնդիր պետք է որ չլինի: Մերձճակատային գոտում են Թարթառ, Բարդա, Աղջաբեդի, Բեյլագան (նախկին Ժդանովսկ), Եվլախ, վերջապես՝ Գյանջա քաղաքները: Ստացիոնար զինվորական հոսպիտալներ կան Բարդայում եւ Գյանջայում: Եւ եթե բուժական նման ենթակառուցվածքների առկայությամբ ռազմաճակատային գոտում Ադրբեջանը տեղաբաշխել է դաշտային հոսպիտալներ, ապա կարելի է ենթադրել, որ հակառակորդի կորուստները չափազանց մեծ են:



Այդ մասին է վկայում նաեւ տեղեկատվությունն այն մասին, որ դաշտային հոսպիտալում Զաքիր Հասանովին դիմավորել եւ իրավիճակի մասին զեկուցել է Ադրբեջանի ՊՆ ռազմաբժշկական ծառայության պետ Նաթիգ Ալիեւը: Անառարկելի է, որ բանակի ռազմաբժշկական ծառայության պետը ռազմաճակատային գծում կարող է հայտնվել միայն էքստրեմալ դեպքերում:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ