Գովք հիմարության

Գովք հիմարության

Վերաֆրազավորելով Լենինի հայտնի խոսքը, կարող ենք ասել՝ կուսակցությունը, որի մասին այդքան երկար երազում էին հայրենական նեոբոլշեւիկները, վերջապես ստեղծվում է: Անունն էլ՝ «Համախմբում»: Ո՞ւմ է համախմբում նախկին արտգործնախարարը՝ պարզ է դառնում նախաձեռնող խմբում Անդրանիկ Թեւանյանի ներկայացվածությամբ:
Ի՞նչ ապագա է սպասվում «համախմբմանը»՝ գուշակությունների չտրվենք, ժամանակը բոլորին եւ ամեն ինչ իր տեղը կդնի: Պարզապես աչքի է զարնում քարոզչա-տեղեկատվական մի կաղապար, որն, ըստ երեւույթին, նորահայտ կուսակցության այցեքարտն է դառնալու:



Անդրանիկ Թեւանյանի կուրացիայի տակ գործող լրատվամիջոցները (zham.am, 7or.am) արդեն իսկ լայնածավալ արշավ են սկսել նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Գրեթե բոլոր հրապարակումներում, ինչպես վարվում էր լվի մասին անեկդոտի հերոս ուսանողը, մեջբերվում է «Աղդամը մեր հայրենիքը չէ» արտահայտությունը:
Ե՞րբ եւ ի՞նչ կարգավիճակում է Սերժ Սարգսյանը նման ձեւակերպում արել: Ըստ Անդրանիկ Թեւանյանի՝ 2006թ.-ին, երբ զբաղեցնում էր Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը:



Իսկ 2006-ին ո՞վ էր Հայաստանի նախագահը եւ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը: Ստույգ է, չէ՞: Իսկ ինչո՞ւ այդ հայտարարությունից հետո անմիջապես չպաշտոնանկեց Սերժ Սարգսյանին, ինչո՞ւ Ուղերձով չդիմեց ժողովրդին եւ չվստահեցրեց, որ Աղդամը մեր հայրենիքն է, Հայաստանը ոչ մի թիզ հող հակառակորդին չի զիջելու, միակ փոխզիջումն է, որ 1994-ին Բաքուն չենք գրավել…



Չի ասել, չի վստահեցրել, պաշտպանության նախարարին չի պաշտոնանկել: Ուրեմն ինքն էլ համաձայն էր, որ Աղդամը մեր հայրենիքը չէ:
10 տարի անց ա՞յլ տեսակետ ունի: Բայց ասված է նաեւ՝ նույն ջրում երկրորդ անգամ ոտք չեն դնում…



Վահրամ Աթանեսյան