Վարդան Օսկանյանի կողքին այն մարդիկ են, որոնք իրենց անելիքը չեն տեսնում ԲՀԿ-ում. քաղաքագետ

Վարդան Օսկանյանի կողքին այն մարդիկ են, որոնք իրենց անելիքը չեն տեսնում ԲՀԿ-ում. քաղաքագետ

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից «Համախմբում» կուսակցությունը հիմնադրելու նախաձեռնությունից քաղաքագետ Խաչիկ Գալստյանն այն եզրակացության է եկել, որ այն լինելու է հարթակ, որտեղ նա եւ իրեն հարող քաղաքական գործիչները փորձ են անելու մասնակցել ԱԺ 2017թ. ընտրություններին։«Այդ առումով նրանց որոշումը լրիվ հասկանալի է եւ տեղավորվում է քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ»,- ասաց քաղաքագետը։ Նա հիշեցնում է, որ կառավարման համակարգի փոփոխության պարագայում քաղաքական գործընթացների վրա կարող են ազդել միայն կուսակցությունները։



Կա՞ն անսպասելի անուններ, որոնց Խաչիկ Գալստյանը հանդիպել է կուսակցության նախաձեռնող խմբի անդամների ցանկում։«Այն անունները, որոնք հրապարակվել են, այն ժամանակ էլ էին նույն թիմի մեջ։ Կան մարդիկ, որոնք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տրոհումից հետո իրենց տեղը եւ անելիքը չեն տեսնում այդ կուսակցությունում, փորձում են առանձին քաղաքական ուժով հայտ ներկայացնել»,- ասաց Խաչիկ Գալստյանը։



«Անակնկա՞լ չէր այդ թիմում ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հայտնվելը», հետաքրքրվեցինք Խաչիկ Գալստյանից։«Մեր երկրում ոչինչ անակնկալ չպետք է համարել։ Արաբոյի Մանվելը հետաքրքիր դեմք է, ազատամարտիկ, վերջին տարիներին հետաքրքիր պատմություններ են նրա մասին պատմում։ Պարզ է, որ երբ մեկը հիմնում է կուսակցություն, ձգտում է իր շուրջը համախմբել ճանաչում ունեցող, ազդեցիկ մարդկանց»,- ասաց մեր զրուցակիցը։ Մեր հարցին, թե կցանկանա՞ ինքը անդամակցել «Համախմբում» կուսակցությանը, Խաչիկ Գալստյանն արձագանքեց. «Ոչ, այդպիսի ցանկություն ես չունեմ»։



Թագուհի Հակոբյան