«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը փակ քննարկումներ է կազմակերպում

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը փակ քննարկումներ է կազմակերպում

Hraparak.am-ի տեղեկություններով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մայիսի 7-ին փակ քննարկում է կազմակերպել: Փակ քննարկմանը մասնակցել են հասարակական և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, առանձին գործիչներ և փորձագետներ: Մեզ հայտնեցին, որ մինչ օրս տեղի ունեցածների համեմատությամբ օրեր առաջ տեղի ունեցած քննարկումն աննախադեպ է եղել մասնակիցների լայն շրջանակով: Հետաքրքրական է, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը:



Քննարկումը նվիրված է եղել ապրիլյան պատերազմի հետևանքով առաջացած ազգային անվտանգության ճգնաժամին և դրանից դուրս գալու քայլերին: Ներկաների շրջանում գերիշխել է այն միտքը, որ այսպես այլևս հնարավոր չէ շարունակել և անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել առաջին հերթին Արցախը պաշտպանելու համար մարդկային և նյութական ուժերը մոբիլիզացնելու և բանակը հզորացնելու նպատակով: Ներկաները փաստել են նաև, որ միայն հակահարձակման անցնելու և հակառակորդին ջախջախելու միջոցով է հնարավոր ապահովել Արցախի և ամբողջ Հայաստանի անվտանգությունը: Քննարկվել է նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև քաղաքական վերանայումներ կատարելու անխուսափելիությունը: Մեր աղբյուրը նշեց, որ որոշում է ընդունվել շարունակել փակ քննարկումները՝ լուծումներ գտնելու և դրանք իրագործելու մեխանիզմներ մշակելու նպատակով: