Հրադադարը պետք է ամրապնդվի. Պյոտր Սվիտալսկի

Հրադադարը պետք է ամրապնդվի. Պյոտր Սվիտալսկի

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Գյումրիում Եվրոպայի օրվա միջոցառումների մեկնարկի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշմանը և շեշտել, որ Եվրամիության ուղերձը շատ հստակ է. հրադադարը պետք է ամրապնդվի։ 



«Կարծում եմ՝ բոլորդ գիտեք, որ մայիսի 16-ին Վիեննայում շատ կարևոր հանդիպումներ են տեղի ունենալու: Ես հավատացած եմ, որ այդ հանդիպումները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման տեսանկյունից: Եվրամիության ուղերձը շատ հստակ է. զինադադարը պետք է ամրապնդվի, փոխվստահության ամրապնդման նոր միջոցառումներ պետք է նախաձեռնվեն՝ խաղաղ պայմանագրի կնքում: Հակամարտւթյունը ռազմական լուծում չունի: Այս ուղերձը վաղը ներկայացվելու է կողմերին` ե՛ւ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի նախագահներին: Մենք հավատում ենք եւ միտված ենք խաղաղության ամրապնդմանը այս տարածաշրջանում: Կարծում եմ, որ Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը, ինչպես նաեւ Ադրբեջանը եւ Ադրբեջանի ժողովուրդը նույնպես պետք է պատրաստվեն խաղաղության, և Եվրամիությունը պատրաստ է աջակցել այս հարցում»,- նշել է նա: