«Մենակի» առասպելը

«Մենակի» առասպելը

1920թ. գարուն-ամռանը՝ մինչեւ օգոստոսի 10-ի ռուս-հայկական զինադադարի կնքումը, քանի՞ աշխարհազորային է զոհվել Սյունիքում: Նրանց՝ գյուղացի, մշակ մարդկանց, հերոսությունն է պանծացրել Գարեգին Նժդեհի անունը: Նժդեհի Պարսկաստան անցնելուց եւ Սյունիքում 1921-ի հուլիսին խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո քանի՞սն են բռնադատվել որպես «նժդեհական», քանի՞ ընտանիք է հալածվել, աքսորվել, դատապարտվել «տեղում գնդակահարության»:



Կոռնիձորցի Հասրաթյան ընտանիքը 30-ականներին հիմնավորվել է Մարտակերտի Կարմիրավան գյուղում: 92-ի ամռանը թշնամին օկուպացրել է Կարմիրավանը: Մինչ այդ Շուրա Հասրաթյանի Իգոր որդին զոհվել է Նախիջեւանիկի դիրքերում: Շուրա Հասրաթյանը հիմա ապրում է Ստեփանակերտում, որտեղ հողին է հանձնել նաեւ ծնողներին:



Նրա Մակիչ հայրն ինձ պատմել է, որ պատանի՝ տեսել է զորավար Անդրանիկին: Մի օր ջրելու է տարել Անդրանիկի ձին: Խորհրդային օրոք նրան այդ <<մեղքը>> հիշեցրել են: Նախ «կոմսոմոլ» չեն ընդունել, ապա «կուլակ» են հայտարարել: Նրա հայրը մի քանի տարի Բաքվի նավթահանքերում բանվորություն է արել, փող կուտակել: Վերադարձել է Կոռնիձոր, լծկան է գնել, գութան, տնտեսություն ստեղծել:



Կարմիրավանում շեն տուն է ունեցել Մակիչ Հասրաթյանը: Թշնամին ավերել է: Արցախյան պատերազմում երկու թոռ է կորցրել: Իգորը վերջին կրակոցն ուղղել է սրտին: 92-ի աշնանը Կիչանի մատույցներում իրեն եւ շրջապատած թշնամիներին նռնակով պայթեցրել է Հովսեփ Հասրաթյանը:



Իգորից մնացել են նրա խոհափիլիսոփայական մտորումները: Արցախի մանկավարժական ինստիտուտի ուսանող՝ նա փորձել է իր դաժան ժամանակները լուսավորել Նժդեհի ուսմունքով: Ցեղակրոն շարժման վերածննդի առաջին պատգամախոսն Արցախում Իգոր Հասրաթյանն էր:



Շուրա Հասրաթյանը հավաքել, ի մի է բերել որդու ձեռագրերը: Գտնվել են հովանավորներ. Իգորի խոկումները տպագրված են: Հայրն անձամբ է ծանոթներին նվիրում, եւ բոլորին պատմում, որ Իգորը լույս աշխարհ է եկել Ստեփանակերտի ծննդատանը, երբ փոքրիկին գյուղ են տարել, հարեւան պառավը, որ «վախ բռնող» եւ «գրբաց» էր, բացել է մանկան երեսծածկանը, նայել աչքերին եւ ասել, որ տղան արտասովոր բախտ է ունենալու:



Խորհրդային երկրում Շուրան հպարտանում էր, որ հայտնի հայագետ Մորուս Հասրաթյանի տոհմից է : Ժողովուրդների «անխախտ բարեկամության» երկրում նրա Մակիչ հայրը հարկադիր մոռացության էր տվել պատանության իր մեկ օրվա հպարտությունը, որ սանձից բռնել, կոռնիձորցիների անքթիթ նայվածքների տակ տարել, զորավար Անդրանիկի նժույգը աղբյուրին է հասցրել, սպասել է՝ մինչեւ կուշտ խմի, ապա ետ տուն է եկել: Եւ ականջի մի ծայրով լսել է զորավարի զրույցը պատերազմի եւ հայրենիքի մասին:



Հասրաթյանների կտուրի տակ, երեւի, այդ եւ ուրիշ պատմություններ կենդանի են եղել: Ապրել են, գոյել: Մակիչ պապն Իգորին պատմել է Սյունիքի կռիվներից, Անդրանիկից, Նժդեհից: Եւ ուշիմ պատանին Նժդեհին աստվածացրել է: «Մենակի» առասպելը շարունակվել է Իգոր Հասրաթյանի կայծակի պես բռնկուն եւ նույնքան էլ կարճ կյանքով:



Այդ առասպելը շարունակվում է:



…Երեւանում Նժդեհի արձանի բացումը թշնամական ճամբարում վայնասունի ալիք է բարձրացրել: Կարդում ես եւ հասկանում՝ 100 տարի առաջ Սյունիքի լեռներում թուրքը խոցվել է կարեվեր: «Մենակի» առասպելի մյուս երեսը թուրքի ատելությունն է: Իսկ ատում է պարտվածը:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ