Հավատո՞ւմ եք Աստծուն, ամուսնալուծվա՞ծ եք. մանրամասներ դատավորների քննությունից

Հավատո՞ւմ եք Աստծուն, ամուսնալուծվա՞ծ եք. մանրամասներ դատավորների քննությունից

ՀՔԾ ծառայողների թեկնածուների մրցույթները փակ են, դրանց շուրջ պատ է կառուցված, իսկ դատարանը պաշտպանում է այս կառույցի անձեռնմխելիությունը։ Սա «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանի եզրակացությունն է։ Կազմակերպություն այսօր ներկայացրեց 2014 թվականից ՀՀ քաղծառայողների, քննիչների, քննչական մարմինների այլ ծառայողների թափուր պաշտոնների, դատավորների ցուցակի համալրման մրցույթների դիտարկման ցնցող արդյունքներ։ Դրանց ներկայացուցիչներին հրավիրել էին, սակայն ոչ մեկը չէր ներկայացել։ ՀՔԾ մրցույթին մասնակցել է 6 թեկնածու, թափուր պաշտոնները 6-ն են եղել, և բոլոր թեկնածուները մինչև մրցույթը այն պաշտոնների ժամանակավոր պաշտոնակատարներն էին, որոնցում մրցույթից հետո նշանակվեցին։ «Սա այն դասական իրավիճակն է, երբ արդեն աշխատող քննիչին լեգիտիմացնում են մրցույթի միջոցով, ոչ թե նոր կադրերի համալրում։ Սա նախկինում աշխատած, և ՀՀ ողջ զարգացման ընթացքում քննիչի դառը աշխատանքը ճաշակած նույն անձինք են, որոնք այս անգամ արդեն մրցույթով են նշանակվում», - ասում է Տիգրան Եգորյանը։



Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը սիրում է հանդուրժողականության և հրապարակային աշխատող ղեկավարի դիմակ հագնել պարբերաբար, ևս թույլ չի տվել դատախազների թեկնածուների մրցույթները դիտարկել։ 2015 թվականի հունվարի 19-ից 26-ը անցկացվող մրցույթը դիտարկելու ՀԿ-ի դիմումը դատախազությունը «կորցրել» է, այսպիսով «ֆռռացնելով» դիտորդներին, նրանց դիտարկումը խափանելու նպատակով։ Երկրորդ մրցույթի դիտարկումը մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ «Իրավունքի եվրոպա միավորումը» հրավիրյալ դիտորդ չի։ Նա և քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, փաստորեն, միանձնյա են որոշում որակավորման հանձնաժողովի կազմը։ Դրան հիմնականում նույն իրավաբան-գիտնականներն են մասնակցում։



Քննչական կոմիտեի քննիչների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթների մշտական նախագահ է լինում Աղվան Հովսեփյանի տեղակալ Արամ Թամազյանը։ Միայն մեկ դիտորդի են թույլ տվել մասնակցել այս մրցույթին։ Բայց քննության ժամանակ անընդհատ մոտեցել են դիտորդին, հարցրել են՝ ի՞նչ խնդիր կա։ Սլավոնական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Ծաղիկյան Ստեփան Շանթովիչը վրդովվել է իրեն ձայնագրելու փաստի առթիվ, ասելով, ի՞նչ է, դիտորդն ինչ ուզում է, պետք է անի՞։ Դատահրաձգաբան-փորձագետ Հրայր Ղուկասյանը, որը հանրությանը հայտնի է հոկտեմբերի 27-ի գործով, պարբերաբար մոտեցել է Թամազյանին, խնդրելով, որ դիտորդ Եգորյանին հեռացնեն քննասենյակից։ Քննության մասնակիցներին գրավոր մրցույթի ժամանակ պարբերաբար կանչել են «գրատախտակի մոտ» և պահանջել են, որ նրանք իրենց կարծիքը հայտնեն մրցույթի թափանցիկության և օբյեկտիվության վերաբերյալ։ Չի գտնվել մրցույթի գեթ մեկ մասնակից, որ չշռայլի գովեստի և շնորհակալության խոսքեր հանձնաժողովին, որը կազմակերպել է այս մրցույթը։ «Մոտավորապես, վերջին զանգի արարողություն, բայց այս մարդիկ անգամ գրավորը չէին վերջացրել, և չէին կարող գնահատել մրցույթի օբյեկտիվությունը» ,- ասում է դիտորդ Եգորյանը։



Դատավորների գրավոր քննության ժամանակ դատավորների թեկնածուներից պահանջել են, որ նրանք պատասխանների ծրարների վրա գրեն իրենց անուն-ազգանունները, ինչը գաղտնիության խախտում է և կոռուպցիայի անուղղակի ապացույց։ Դիտորդներին արգելել են ձայնագրություն կատարել՝ ասելով, որ խորհուրդը ձայնագրությունն ապահովում է, ապա արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանը խլել է դիտորդի ձայնագրիչը և փախել է քննասենյակից։ Հետաքրքիր է, որ դիտորդը պատրաստ է եղել այս քայլին, և իր հետ բերած է եղել երկրորդ ձայնագրիչը։ Վերադարձրել է ձայնագրիչը միայն օրվա վերջում։ Շատ այլ խայտառակ բացթողումներ են հայտնաբերվել, սակայն ամենազարմանալին դատավորների թեկնածուների բարոյական, անձնական, տրամաբանելու, արագ կողմնորոշվելու, հաղորդակցվելու հատկանիշների բացահայտմանն ուղղված հարցերն են եղել։ Հարցազրույցների ժամանակ «ցածրամակարդակ», տնավարի զրույցներ են եղել ապագա դատավորների հետ։ Արդարադատության խորհրդի անդամները կին-թեկնածուներին հարցրել են, թե արդյոք նրանք հավատում են Աստծուն, ամուսնացա՞ծ են, թե՞ ոչ, ծնողները ծե՞ր են, թե՞ երիտասադր, նրանց ծնողներն իրենց ամուսնությունը գրանցե՞լ են, թե՞ ոչ։ Ամուսնացածներին հարցրել են․ օրինակ, եթե դուք նշանակվեք Սյունիքի մարզի դատավոր, ձեր ամուսինը կթողնի՞, որ դուք գործի գնաք։ Իսկ մի կնոջ, որն ամուսնալուծված էր, հարցրել են, թե ով է պահելու իր երեխաներին, եթե նա հեռավոր մարզում դատավոր նշանակվի։ Երբ կինը ասել է, որ ծնողներին կտանի իր հետ, և նրանք կպահեն երեխաներին, արդարադատության խորհրդի անդամն առաջարկել է ամուսնանալ, նոր դատավորների քննությանը մասնակցել, որ երեխաներին պահի ամուսինը։ Դիտորդների հրապարակած տվյալները դեռ խիստ նախնական են։ Զեկույցն ամբողջությամբ պատրաստ կլինի առաջիկայում։



Սյուզան Սիմոնյան