Խեցգետնի հարցը կարգավորվեց

Խեցգետնի հարցը կարգավորվեց

Մայիսի սկզբին մենք անդրադարձել էինք խեցգետնի արտադրության եւ արտահանման ոլորտում առաջացած խնդիրներին, որոնք փողոց էին հանել Գեղարքունիքի մարզի որոշ բնակիչների, հատկապես նորադուսցիներին։ Նրանք ճանապարհ էին փակել ու բողոքում էին Սննդի անվտանգության պետական տեսչության դեմ։ Բողոքավորներից, մասնավորապես, Զորիկ Հակոբյանը, որը խեցգետնի հոր ունի, համագյուղացիներից խեցգետինը գնում, վերամշակում, արտահանում է Ռուսաստան, ասում էր, որ 7 տարի առանց խոչընդոտների իր ապրանքի համար ստացել է պահանջվող բժշկական հավաստագիրը, հիմա Սննդի տեսչությունը հրաժարվում է տալ։ Մեր զրուցակիցը տպավորություն ուներ, որ դաշտը մենաշնորհում են գեներալ Հայկազ Բաղմանյանի համար, որը նույնպես խեցգետնի բիզնեսով է զբաղվում: Քանի որ, ըստ իր տեղեկությունների, անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող «Մխչյան ֆիշ»-ին չեն տրամադրում համապատասխան բժշկական հավաստագիր։ Սննդի տեսչությունից էլ մեզ փոխանցել էին, որ ոչ թե հրաժարվում են, այլ ԵԱՏՄ հաստատված օրենսդրության շրջանակներում սկսված մշտադիտարկումների պատճառով է գործընթացը խաթարվել, քանի որ տնտեսվարողների առջեւ պահանջ է դրվել վերացնել թերությունները։



Երեկ տեղեկացանք, որ Գեղարքունիքում խեցգետնի արտահանումը նախկինի պես տեղի է ունենում առանց խոչընդոտների։ Զորիկ Հակոբյանը մեզ վստահեցրեց, որ բոլորն էլ հիմա կարողանում են անարգել արտահանում իրականացնել։ Ակնհայտ է, որ գյուղացիների բողոքի ձայնը տեղ հասավ, բարձրացրած աղմուկն ստիպեց անգամ, որ ՍԱՊԾ պետը եւ տեսչության աշխատակիցները մարզ մեկնեն եւ բողոքողներին ներկայացնեն հարցի կարգավորման ժամկետներն ու չափորոշիչները, որպեսզի տնտեսվարողները համապատասխանեցնեն իրենց պայմանները պահանջվող նորմերին։ Ակցիայից հետո նրանք շտկել են թերությունները եւ ստացել լիցենզիաները։ ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու այս գործընթացը որոշ բարձրաստիճաններ փորձում էին օգտագործել իրենց օգտին՝ փոքր ընկերություններին զրկելով համապատասխան լիցենզիայից։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ