Հարկային տեսչության շենքը պայթեցնելու փաստով հարուցվեց քրեական գործ

Հարկային տեսչության շենքը պայթեցնելու փաստով հարուցվեց քրեական գործ

Վանաձորի հարկային տեսչության շենքի բակում այսօր տեղի ունեցած դեպքի առիթով հարուցվեց քրեական գործ: Այս մասին hraparak.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քր.օր.ի 185 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով): Այս պահին դեռևս ձերբակալված անձ չկա: Քննությունը շարունակվում է:



Ավելի վաղ hraparak.am-ը հայտնել էր, որ այսօր՝հունիսի 4-ին, պայթյուն է գրանցվել Վանաձորի հարկային տեսչության շենքի դիմաց: Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու ոստիկանները: Պայթյունի հետևանքով վնասվել են հարկային տեսչության շենքի ապակիները, մուտքի դռան ապակիներն ու կախովի առաստաղը: Թե ով կամ ինչու է ցանկացել պայթեցնել շենքը, դեռ հայտնի չէ, շրջանառվում են տարբեր վարկածներ: