Գյումրիում բեկումնային հոկտեմբեր է սպասվում

Գյումրիում բեկումնային հոկտեմբեր է սպասվում

Դեռ գարնան սկզբից գյումրեցիները խոսում էին երկու խոշոր ընդդիմադիր կազմակերպությունների՝ «Ասպարեզ» ակումբի եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության միավորման եւ քաղաքապետի ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու մասին։ Իշխանության միակ հույսը Լեւոն Բարսեղյանի եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության ղեկավար Վահան Խաչատրյանի միջեւ անհամաձայնությունն էր, որը կխանգարեր ընդհանուր հայտարարի գալուն։ Մարտին մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը միանա Վահան Խաչատրյանի հետ, մի կողմ դնելով վիրավորանքը, «Ասպարեզ» ակումբի ղեկավար Բարսեղյանը պատասխանել էր․ «Չեմ կարծում։ Նախ, օրենքով ընտրությունը համամասնական սկզբունքով է լինելու։ Դրա համար պետք է կուսակցություն լինի, կուսակցությունների դաշինք, համաձայնեն, թե ով է լինելու քաղաքապետացուն։ Իսկ մենք կուսակցականներ չենք»։ Ապա հավելել էր, որ իշխանությունը կեղծիքի այնպիսի մեխանիզմ է մշակել, որ «եթե Քրիստոսն էլ գա, մասնակցի ընտրությանը, մնալու է 8-րդ տեղում»։



Վահան Խաչատրյանը եւս մտադիր չէր այն ժամանակ միավորվել Լեւոն Բարսեղյանի հետ․ «Մեր նպատակները տարբեր են»։ Նա այն ժամանակ չէր պատկերացնում, թե ինչ ձեւով է մասնակցելու հոկտեմբերի 2-ի ընտրություններին, սակայն իր մասնակցությունը չէր ժխտում։ Այն ժամանակ բանակցությունները ՀԱԿ-ի հետ համատեղ հանդես գալու շուրջ նոր էին սկսվում։ Այսօր ԳԱԼԱ-ի ղեկավարը կուսակցություն է ստեղծել՝ «Գաղափարակից լիբերալների ալյանս», որի առաջին համագումարին ներկա էր ընդդիմության ողջ ներկապնակը։ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հետ կա բանակցային գործընթաց, Բարսեղյանն ու Խաչատրյանն էլ, որոնք երկուսն էլ մեծ համարում ունեն Հայաստանի երկրորդ քաղաքում, հաշտվել են։ «Եղել է եռակողմ բանակցություն «Ժառանգության» եւ «ԳԱԼԱ» կուսակցության միջեւ»,- երեկ հաստատեց «Ասպարեզ» ակումբի ղեկավարը։



- Այնուամենայնիվ, որոշեցիք քաղաքականության մեջ մտնել, Լեւոն։



- Ես արդեն 4 տարի է՝ ավագանու անդամ եմ։



- Բայց մի ժամանակ ասացիք, որ ՀԿ գործունեությունը չեք կարող թողնել, քանի որ շատ կիսատ գործեր կան։



- Հա, չեմ թողնում, ես մասնավորաբար կարող եմ լինել որեւէ խելամիտ դաշինքում, բայց միայն ավագանու անդամության համար։ Բացի ՀԿ-ների գործունեությունը, բազմաթիվ այլ գործեր ունեմ։



- Իսկ Վահանի հետ հակասություններ էլ չկա՞ն։ Հաշտվեցի՞ք։



- Կան, իհարկե, չէ, բայց հանդուրժում ենք իրար։ Բանակցությունների նստեցինք, քաղաքի դարդերից խոսեցինք։



- Օրինակ, ի՞նչ դարդեր եք երկուսդ էլ կարեւորում։



- Անօթեւանություն, փողոցների վիճակ, անարդյունավետ կառավարում, գործազրկություն, արտագաղթ…



- Իսկ միասնական թեկնածուին որոշե՞լ եք։



- Չէ, սա ընդամենը խմորումներ եւ քննարկումներ են դեռ։



- Ասում են, որ «Ժառանգությունը» բացառում է Գյումրիում ՀԱԿ-ի հետ դաշինքը։ ՀԱԿ-ն է՞լ է Ձեր քննարկումներում ներգրավված։



- Մինչ այս ինչ քննարկվել էր, եղել էր «1+1» ֆորմատով՝ մի քանի կուսակցություններ հատ-հատ իրար հետ, հատ-հատ ինձ հետ, հատ-հատ ԳԱԼԱ-ի հետ։ Այս մեկը, ինչքան հասկանում եմ, առաջին անգամ էր, երբ երեք կողմ էին հանդիպում։ Առաջիկայում էլի հանդիպումներ կլինեն կամ հանդիպումների առաջարկներ ընդդիմադիր կամ իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցություններին։ Գուցե, մի քանի կուսակցությունների եւ քաղաքացիական ուժերի կոնսոլիդացիա լինի, գուցե չստացվի։ ՀԱԿ-ի նկատմամբ «Ժառանգության» դիրքորոշման մասին կարող է «Ժառանգությունն» ասել։ Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ին նույնպես հնարավոր դաշինքի մեջ լինելու առաջարկ պիտի արվի, ինչի մասին հիշյալ ժողովում ասել եմ։



«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հարցրինք, թե արդյոք «Ժառանգությունը» բացառո՞ւմ է ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ի հետ համախմբումը։ ««Ժառանգությունն իր որոշումն ունի, եւ Վանաձորում, եւ Գյումրիում, եւ Կապանում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է, իսկ ՀԱԿ-ը մասնակցելու է, թե չէ, կամ բացառում ենք, չենք բացառում, այս մասին Գյումրիի կառույցում քննարկումների ժամանակ, որոնց ես ներկա եմ եղել, ոչինչ չի խոսվել»,- ասաց պատգամավորը։ Այսպիսով, հասարակությունը կրկին փոքր հույս ստացավ, որ Հայաստանի ամենաընդդիմադիր քաղաքում՝ Գյումրիում, կկայանա ընդդիմադիր ուժերի երկար սպասված համախմբումը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ