Երբ Իտալիայից ժամանում են «խոպան»՝ Հայաստան

Երբ Իտալիայից ժամանում են «խոպան»՝ Հայաստան

Իտալիայի Պերգտամո քաղաքից Հայաստան «արտագաղթած» կամ «խոպան եկած» Ֆիլիպո Դուցիոնին արդեն երեքուկես տարի է, ինչ Հայաստանում է։ Երեկ նա մասնակցում էր գործարարների եւ դիվանագիտական ներկայացուցիչների հետ համատեղ անցկացվող «Բիզնեսի հեռանկարները Հայաստանում» խորագրով բիզնես-ֆորումին, որը կազմակերպվել էր օտարերկրյա ներդրողների եւ տեղական կազմակերպությունների համար։ Ֆորումին մասնակցում էին նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը ֆորումից անմիջապես հետո շտապեց օդանավակայան՝ մեկնելու Սանկտ Պետերբուրգ։



Ի տարբերություն հայաստանցի գործարարների, որոնք մշտապես դժգոհում են, որ Հայաստանում բիզնես-ներդրումային միջավայրն անբարենպաստ է, գործարարների համար նպաստավոր պայմաններ չկան, իտալացի գործարարը, հակառակը՝ այս հարցում գրեթե հիացած է Հայաստանով։ Նա Հայաստանում «Ամատո» ֆիրմայի կիսաֆաբրիկատ պիցցաներ է արտադրում եւ շատ գոհ է իր գործից։



«Այստեղ զարգացնում ենք մի կենտրոն, որտեղ իրենց հերթին զարգանում են շատ իտալական եւ հայկական ընկերություններ։ Սկզբում Հայաստան եկել ենք ճանապարհաշինարարական ընկերությամբ, առաջին մեկուկես տարում միայն ճանապարհների շինարարությամբ ենք զբաղվել, հետագայում արդեն սկսել ենք ուսումնասիրել նաեւ այլ ոլորտներ»,-ասաց նա՝ նշելով, որ այսօր պիցցաների արտադրությամբ են զբաղվում։



Մեր հարցին, թե ինչ է կարծում, Հայաստանը ներդրումային ծրագրեր իրականացնելու համար նպաստավո՞ր երկիր է, պարոն Դուցիոնին ասաց. «Այո, նպատակահարմար է մի քանի պատճառներով։ Հիմնականը, որ Հայաստանը Մաքսային միության անդամ է, եւ հետո՝ ոչ մի դժվարության եւ խոչընդոտի չենք հանդիպում երիտասարդների հետ Հայաստանում, երբ նրանց սովորեցնում ենք մեր մեթոդները եվրոպական ստանդարտներով արտադրանք տալու հարցում»։ Իսկ մեր կառավարությունն արտոնյալ պայմաններ ստեղծո՞ւմ է իրենց՝ օտարերկրյա ներդրողների համար։ Իտալացի գործարարն ասաց. «Մինչեւ օրս, իրականում, ոչ մի հնարավորություն չենք ունեցել՝ ուղիղ կապ հաստատելու կառավարության հետ եւ ուղիղ շփում ունենալու։ Բնականաբար, ապագայում կլինի հնարավորություն, ու նախքան դա ուզում էինք ունենալ ինչ-որ կոնկրետ բաներ՝ կառավարությանը ներկայացնելու համար»։



Հայաստանում իրենց միակ դժվարությունն իտալական մեթոդի ներդրումն է։ Ուղղակի նախանձելի վիճակում գտնվող գործարար է, մարդը ոչ մի դժգոհություն չունի մեր երկրից, մեր կառավարությունից, հարկային ու մաքսային մարմիններից։ Զարմանում ես՝ ինչպե՞ս է ստացվում, որ օտարերկրյա ներդրողները գոհ են մեր երկրի բիզնես միջավայրից, իսկ ՀՀ քաղաքացիները փակում են իրենց բիզնեսները, «տակ են տալիս», սնանկանում ու հուսալքված հեռանում են Հայաստանից, օրինակ՝ հենց Իտալիա։



Եւ երբ հարցրինք, թե Հայաստանում բիզնես միջավայրն ավելի՞ նպաստավոր է, քան Իտալիայում, այնտեղից եկած գործարարը կրկին զարմացրեց մեզ. «Կասեմ, որ այո»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ