Գյումրեցիները ևս մեկ հերոսի անմահացրին. Հրաչ Գալստյանի հիշատակին կանգնեցվեց խաչքար եւ դիմաքանդակ

Գյումրեցիները ևս մեկ հերոսի անմահացրին. Հրաչ Գալստյանի հիշատակին կանգնեցվեց խաչքար եւ դիմաքանդակ

Օգոստոսի 5-ին ի հիշատակ ապրիլյան քառօրյա մարտական գործողություններում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի, հերոսի հարազատ Մուշ թաղամասում բացվեց պուրակ, որտեղ կանգնեցվեց խաչքար եւ Հրաչ Գալստյանի դիմաքանդակը:25-ամյա լեյտենանտը զոհվել է ապրիլի 2-ին Թալիշի բարձունքներում կատաղի մարտերի ընթացքում: Կինը՝ Անուշը, որ ԼՂՀ-ից էր, ստիպված էր ծնողների հետ տեղափոխվել Հայաստան, իսկ այսօր արդեն փոքրիկ Անահիտի հետ ապրում է Հրաչի ծնողների հետ:



Հիշեցնենք, որ Հրաչի դուստրը լույս աշխարհ եկավ նրա մահից հետո, անվանակոչեցին Անահիտ՝ ի պատիվ Հրաչի մոր: Խաչքարի եւ դիմաքանդակի բացման պատիվը ընձեռնվեց Հրաչի ծնողներին, կնոջը եւ դստերը: Հերոսի հայրը Վարդան Գալստյանը հետաքրքիր պատմություն պատմեց: Խաչքարը, որը կանգնեցվեց Հրաչի պատվին, կերտել էր Հրաչ Գալստյանի վարպետը, որին պատանեկան տարիներին խաչքարագործություն էր ուսանել Հրաչը:18-ամյա Անուշը՝ Հրաչի կինը, սովորում է Գյումրու մանկավարժական համալսարանում: Նա ասաց, որ ցանկությունը մեծ է մանկավարժ դառնալու, իսկ ամենից մեծ ցանկությունը Հրաչի հիշատակը ամեն գնով վառ պահելն է: Հրաչի անունը կրող պուրակը հենց իրենց տան դիմաց է, ամուսնու գեղեցիկ քանդակը տեսնելու է ամեն անցնելիս, եւ ոչ թե տխուրություն, այլ հպարտություն է ապրելու:



Նշենք, որ վերջերս ՊՆ Սեյրան Օհանյանի ներկայությամբ պուրակ բացվեց նաև ի հիշատակ գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի:



Արևիկ Հակոբյան, Գյումրի