Լումա ունենք անկախության մեջ, ուրեմն պետք է թալանենք ժողովրդին

Լումա ունենք անկախության մեջ, ուրեմն պետք է թալանենք ժողովրդին

Հարցազրույց՝ քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի հետ



- Պարոն Առաքելյան, շաբաթներ շարունակ եւ հիմա էլ հասարակության ուշադրությունը սեւեռված է «Սասնա ծռեր» խմբավորման վրա։ Ի՞նչ հետեւանքներ թողեց այդ ապստամբությունը։- Ոչ մի հետեւանք, «Սասնա ծռերի» հետեւում կանգնած էին ուժեր, եւ պետք է ասեմ, որ իրենք էլ չգիտեին, թե ինչ են անում։ Արդյունքում մարդիկ զոհվեցին, մարդիկ կալանավորվեցին։ Ոչ մի լավ բան չտվեց «Սասնա ծռերի» պատմությունը։ Չեմ հասկանում՝ ով կռվել է, գալիս ասում է՝ ես կռված տղա եմ, սա եմ ուզում, նա եմ ուզում։ Ժուկովը, որը համար մեկ զորավարն էր, երբ պատերազմն ավարտվեց, չեկավ Կարմիր հրապարակ, գնաց Սիբիր՝ սովորական բանակի հրամանատար, հետո եկավ Օդեսա։ Ասում են՝ Սեֆիլյանը կռված տղա է. իհարկե, տատիներն էլ են կռվել՝ գուլպա են գործել, հաց են թխել, բայց ո՞վ ասաց, որ նա իրավունք ունի նման կատաստրոֆիկ իրավիճակ ստեղծել։ 



- Չե՞ք կարծում, որ այդ ամենը հետեւանք էր այն սոցիալական անարդարության, անարխիկ վիճակի, որ տիրում է երկրում, ինչն էլ միանգամից արձագանք գտավ ժողովրդի մեջ։
- Իհարկե, անարխիա էլ կա, բայց պետք էր ուրիշ կերպ գալ, ոչ այդ ձեւ՝ մեքենաներ այրելով։ Այո, սոցիալական վիճակը շատ վատ է, ամեն 5-րդը ծայրահեղ աղքատ է, այդ բոլորը կա, բայց մի՞թե կարելի էր այդ ոճով տանել։ Կա ուրիշ ձեւ, հեղափոխությունն անհրաժեշտություն է երբեմն, բայց պետք է գրագետ տանել, սա ոչ թե հեղափոխություն էր, այլ ապստամբություն։ Դրանք տարբեր բաներ են, հեղաշրջումն էլ ուրիշ բան է եւ ճիշտ չէ, իսկ հեղափոխությունը տարիների ընթացքի էվոլյուցիա է, զարգացման պրոցեսներ պետք է արվեն։ Այս տարիների ընթացքում այդ կռված տղաները եկան ու երկիրը թալանեցին, գործարանները ոչնչացրեցին։ Սա կռված տղա է՝ նրանն է, բա Եռաբլուրի տղաները կռված տղաներ չե՞ն, նրանց ի՞նչ մնաց՝ ոչինչ։



- Ձեր մատնանշած «կռված տղաներն» իշխանության մեջ են եւ տարբեր աթոռներ են զբաղեցնում։
- Համաձայն եմ, այդ նույն կռված տղաներն էլ իշխանության եկան հենց այդպես՝ մենք կռված ենք, եւ ավերեցին երկիրը։ Երկիրը չի կարող շարունակել այսպես ապրել։ Երկիրը եթե արդյունաբերություն չունի, բանկերը ո՞նց են զարգանում։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ բանկերը գողական սխոդկա է, նստում են ու մտածում, թե ոնց թալանեն ժողովրդին։ Ուղղակի կան մարդիկ, որոնք ուզում էին առիթն օգտագործել, իսկ «Սասնա ծռերի» տղաները կարգին, լավ տղաներ են, բայց ընկան այդ հորձանուտի մեջ։



- Ովքե՞ր էին ուզում օգտագործել նրանց։
- Բոլոր այն մարդիկ, որոնք խոսում են եվրոպական աշխարհից։ Այս անգամ դրսից պրովոկացիաներն էլ շատ էին, բայց որ իշխանությունները սխալ են աշխատել, փաստ է։ Իշխանություններում կան մարդիկ, որ ես զարմանում եմ, թե ինչ են անում նրանք։ Իշխանություններն արդեն 25 տարի է՝ մեղավոր են։ Ո՞վ է տեսել, որ երկրի կուսակցությունն իրիկունը կառուցվի, առավոտը գան իշխանության։ Աշխարհի պատմության մեջ նման բան չկա, դա ՀՀՇ-ն էր, «Ղարաբաղ» կոմիտեն, որ չգիտեին, թե ինչ բան է պետությունը, պետականությունը, եւ այս քանդելու տրադիցիան եկավ-հասավ մինչեւ այստեղ։ Մինչդեռ բոլորն ասում են, որ մենք լումա ունենք այս անկախության մեջ, ուրեմն պետք է թալանենք ժողովրդին, ո՞նց կլինի այսպես։ Պետականության զգացում չունեն, ազգային մտածողություն՝ նույնպես։ Ի՞նչ բերեց այս անկախությունը մեզ՝ աղքատություն, ծայրահեղ անարխիա, իսկ անկախությունը լավ է այն դեպքում, երբ դրանք չկան, բայց այսօր անկախությունը մենք օգտագործեցինք անարխիայի համար։ Մեր տատերը, մագաղաթը շալակած, հասցրել են այստեղ, իսկ հիմա մեր մայրերն ու քույրերն ո՞ւր են՝ դուրսը մարմնավաճառության, այս ամբողջն այդ երեւույթի շարունակությունն էր։ Պետք է գտնել հաշտության մի ձեւ, մի որակ, որ ամեն մեկն իր տեղը նստի՝ գեներալներից սկսած։ Ինչ գեներալ ասես՝ կա, ո՞վ են դրանք, որտեղի՞ց են հայտնվել, լավ են արել, որ կռվել են, լավ են արել, որ գեներալ են, բայց դա չի նշանակում, որ պետք է ժողովրդին թողնեն այսպիսի անարխիայի մեջ, որտեղ կան ծայրահեղ հարուստներ եւ ծայրահեղ աղքատներ։ Ո՞նց է պատահել, որ ոմանք այսքան հարստացել են, իսկ հարկերն անընդհատ բարձրանում են։ Հասել ենք խորը ճգնաժամի։ Անկախությունը պլակատ դարձավ, անկախության համար մարդը պետք է հասունանա, մինչեւ երեխան չհասունանա, ո՞նց գնա անկախ ապրի։ Մենք պատրաստ չէինք այս անկախությանը։ Իհարկե, այն շատ լավ բան է, բայց անկախությունը պետք է գուրգուրես, մշակես, որտե՞ղ եք տեսել այսքան բեւեռացված երկիր, մարդիկ աղբանոցներում հաց են ման գալիս, իսկ ոմանք էլ դղյակներ են կառուցում, որովհետեւ թալանել են ժողովրդին։ Շատ ծանր ժամանակներ ենք ապրում, եւ շատ ծանր ապագա է մեզ սպասվում։



- Անկախության այս 25 տարիները մեզ մի քիչ առաջ տարա՞ն մեր սկզբնական կետից, թե՞ հետընթաց ապրեցինք։
- Հակառակ հետագծով ենք առաջ շարժվել՝ անդունդով։ 25 տարի է ՝ մենք անկում ենք ապրում, իսկ ո՞վ է բարձրացնելու մեզ, տարեցտարի բյուջեն նվազում է, ժողովրդի վիճակը վատանում է։ Համո Սահյանը լավ տողեր ունի՝ մինչեւ ե՞րբ պիտի ես իմ տան մեջ միակ ավելորդը լինեմ։ Մարդիկ փախնում են երկրից, ինչո՞ւ, որովհետեւ գործ չունեն, եթե աշխատանք տաս, ոչ մեկը չի հեռանա, բայց աշխատանք որտե՞ղ տաս, պարոնները եկան եւ ավերեցին ամբողջ արդյունաբերությունը։ Նայեք տեսեք, թե բոլոր մեծ գործարաններն ինչ վիճակում են՝ ռեստորան, տուալետ, ուրիշ ոչ մի բան։ Այս ազգը շատ տարօրինակ ազգ է, 15 դար հետո հարց է տալիս՝ Վասա՞կն էր ճիշտ, թե՞ Վարդանը..., հիմա ի՞նչ անենք, 1500 տարի հետ գնանք ու հետո գանք առա՞ջ, նույնիսկ մտավորականներից մեկն օրեր առաջ ասում էր, որ մեզ տխուր վիճակի մեջ գցեց այդ օրը։ Ի՞նչ է նշանակում՝ Վասա՞կն է ճիշտ, թե՞ Վարդանը, երկուսն էլ ճիշտ են, եղբայր։ Այն է ճիշտ, ինչ այսօր ունենք։ Իսկ այսօր ունենք այն, որ Գյումրու ավագանին Լեւոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչում է շնորհում։ Գյումրեցիների արածը քծնանք է, մեկն աթոռ է ուզում, մյուսն աթոռին նստածին է պաշտպանում։ Բայց ինձ երկրորդն է զարմացնում՝ ինչո՞ւ համաձայնեց Լեւոն Սարգսյանը, ինչո՞ւ չասաց՝ ոչ, չեմ ուզում, եւ դրանով պաշտպաներ իր եղբորը։ Առնվազն հեղինակություն ձեռք կբերեր՝ հրաժարվելով այդ կոչումից։ Իսկ հիմա ստորագրահավաք են անում, որպեսզի նրան զրկեն այդ կոչումից։
- Մեր «իշխանները» փառասեր են։
- Փառասիրությունը լավ բան չէ, Բոնապարտը պարտվեց դրանից, Մակեդոնացին, Հիտլերը, Չինգիզ խանը՝ նույնպես, որովհետեւ կարծում էին, թե աշխարհն իրենցն է։