Հայկական Իվանիշվիլին մեռավ, կեցցե հայկական Սահակաշվիլին

Հայկական Իվանիշվիլին մեռավ, կեցցե հայկական Սահակաշվիլին

«Հայկական Իվանիշվիլու» միջոցով Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու ընդդիմադիր եռյակի ծրագիրը, ինչպես գիտեք, տապալվեց փետրվարյան մի ցուրտ երեկո: Սեպտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանն իր ելույթում, որ նույն դահլիճում էր, թեթեւակի հիշեց փետրվարյան այդ անցուդարձը եւ հասկացրեց, որ այդ օրվա գլխավոր թեման ոչ թե Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հանելն էր, այլ սպասվող բարեփոխումների մասին իր դիրեկտիվները:



Որ Սարգսյանը միշտ էլ փոփոխությունների կողմնակից է եղել՝ գիտենք վաղուց: Հիշենք, թեկուզ, «փոխվենք, որ փոխենք» կարգախոսը: Հանուն ճշմարտության ասենք, որ Սերժ Սարգսյանին մինչ այս պահը հաջողվել է իրականացնել իր կարգախոսի միայն երկրորդ բաղադրիչը՝ փոխելը: Օրինակ՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Սահմանադրությունը: Բայց ՀՀ իշխանություններին ստիպել, որ «փոխվեն», Սերժ Սարգսյանին այս ընթացքում չի հաջողվել: Բոլորն էլ նույնն են մնացել՝ դեռ ավելի կարծրացել, դարձել են քաղաքական սուրբ մասունք, որի կողքով ժամանակը հոսում է անիմաստ ձեւով:



Հավանաբար, այս բանի գիտակցումով էլ Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է լինում իր կարգախոսի առաջին մասի իրականացմանը՝ փոխվելուն. «Դուք գիտեք, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Քիչ առաջ մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Կարեն Վիլենի Կարապետյանի թեկնածությունն առաջադրելու մասին»:



Ճիշտն ասած՝ չգիտեմ, արդյոք աշխարհի բոլո՞ր բարեփոխիչներն են ամեն ինչ սկսել իրենց որոշումը պարտադիր լինելու մասին լուրով, թե՞ ոչ, բայց մեր նախագահը հենց այդ մարտավարության կողմնակիցն է: Ուշադիր կարդացեք. «Քիչ առաջ մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել…»: Ուզում ես ձեռքդ թափ տալ արդեն ու ասել՝ նրանք փոխվողը չեն, բայց մի շտապեք, որովհետեւ ամենահետաքրքիրը դեռ առջեւում է:



«Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարապետյանի ունակություններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն եւ այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում»:
Փոփոխությունների սիմվոլ՝ այսինքն, փոփոխությունների խորհրդանիշ: Նկատենք, որ մինչ այս պահը ՀՀԿ-ն ուներ մեկ խորհրդանիշ, իսկ այժմ արդեն՝ միանգամից երկուսը, ընդ որում՝ երկրորդին ներկայացնում է առաջինը՝ նույնքան տարբեր լինելով նրանից, որքան մյուս ՀՀԿ-ականները:



Այս կապակցությամբ մի հետաքրքիր պատմություն կա Ուկրաինայի եւ Միխայիլ Սահակաշվիլու մասին: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ներկայացնելով Ուկրաինայի քաղաքական դաշտ մտնող Սահակաշվիլուն, ասում էր, թե նա լինելու է մեծ փոփոխությունների սիմվոլը, պայքարելու է կոռուպցիայի դեմ, Ուկրաինան դարձնելու է ծաղկուն Վրաստան: Եվ հիմա կրակն են ընկել Սահակաշվիլու ձեռքը, որովհետեւ ուկրաինացիները ոչ մի կերպ չեն ուզում փոխվել:



Գիտեմ, ոմանք ավելորդ կհամարեն Սահակաշվիլու հետ Կարեն Կարապետյանի համեմատությունը, կասեն՝ Կարապետյանը հայ է՝ մեզնից մեկը, եւ այլն: Բայց ասեմ, որ, եթե Վաշինգտոնի կադրային բազայում Սահակաշվիլու նման գոնե մեկ ուկրաինացի լիներ, Օբաման հենց նրան կգործուղեր Կիեւ: Ինչ ունեցել, այն էլ գործուղել է: Իսկ ինչ մնում է մեր եւ ուկրաինացիների տարբերությանը, ասեմ, որ, ի տարբերություն ուկրաինացիների, որոնք անկաշկանդ նկատում են Սահակաշվիլու հետեւից դուրս ցցված Օբամայի ականջները, մենք համառորեն չենք ուզում նկատել Կարեն Կարապետյանի թիկունքում Կրեմլի աշտարակները: Տպավորություն կա, որ Կարապետյանին ընդունում ենք որպես փրկչի կամ, առնվազն՝ առաքյալի.



«Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարապետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչեւ Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին: Ես ստացել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տանելու պատրաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստահություն եւ, որ ամենակարեւորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակներն իրատեսական են եւ իրականանալի»:



Սարգսյանի խոսքի այս հատվածում շատ են առաջին դեմքի անձնական դերանուններն ու բայերը՝ ես զրուցել եմ, մենք զրուցել ենք, ես ստացել եմ, ես տեսել եմ: Միայն թե անհասկանալի է՝ ինչպե՞ս պետք է Կարեն Կարապետյանը նոր ոգի հաղորդի ՀՀԿ-ին, մանավանդ՝ որպես սիմվոլ:



Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Իսկ Կարեն Կարապետյանն արդեն մեկ անգամ եղել է այս ջրում: Ուզում ենք հավատալ, որ ՀՀԿ-ն փոխվում է, որ փոխի: Առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են: Հուսանք, որ ՀՀԿ Գյումրու, Վանաձորի եւ մարզային բոլոր կառույցներն արդեն տեղյակ են, որ նոր սիմվոլ ունեն՝ միանգամայն այլ փիլիսոփայությամբ եւ բոլորին ոտքից գլուխ փոխելու վճռականությամբ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ