Աշտարակում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել

Աշտարակում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել

Աշտարակում սեպտեմբերի 18-ի ընտրություններին ընդառաջ՝ պայքարի հետաքրքիր մթնոլորտ է ստեղծվել։ Չորս թեկնածու է մնացել, չորսն էլ՝ առանց «դաբրոյի»։ Երկու երիտասարդ թեկնածու կա, երկուսն էլ՝ 27 տարեկան եւ գործարար։ Մեկը ԲՀԿ-ական է՝ Արշալույս Մեժլումյանը, մյուսը գործարար է՝ Թովմաս Շահվերդյանը։ Երկուսն էլ իրենց հայրերի հիմնած բիզնեսներն են ղեկավարում: Բայց թե քաղաքապետի թեկնածուներն ինչ են արել քաղաքի համար, որ հավակնում են այդ պաշտոնին, թե՛ իրենք, թե՛ աշտարակցիները դժվարանում են նշել։



Մյուս երկու թեկնածուներից մեկը գործարար Ռազմիկ Տերտերյանն է։ Նա շինանյութի խանութ ունի, քաղաքում բնակություն հաստատած պարսկահայերի աջակցությունն է վայելում։ Նախորդ ընտրություններում դարձյալ դրել էր թեկնածությունը, բայց մի քանի հարյուր ձայնով պարտվել էր գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանին։ Չորրորդ թեկնածուն նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանն է։ Չորսից երեքը, այդ թվում՝ ՀՀԿ-ական Ղալաչյանը, ինքնառաջադրվել են, միայն մեկն է, որ կուսակցության կողմից է առաջադրվել՝ ԲՀԿ-ական թեկնածուն։ 



Իշխանություններն այստեղ պաշտոնապես դաշտն ազատ են թողել։ Սա բոլոր թեկնածուներին ձեռնտու է, նրանք գոհ են, որ իրենք իրար մեջ են հարցերը լուծելու։ Այստեղ ուշագրավ էր հատկապես գործող քաղաքապետ, անկուսակցական Արմեն Անտոնյանի ինքնառաջադրումն ու մի քանի օր անց՝ նեղացած ինքնաբացարկը։ Անտոնյանը պայքարից հրաժարվելուց առաջ ուղերձ էր հղել աշտարակցիներին, թե ինքը դիմել է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի իրենց տարածքային կառույցին, որպեսզի աջակցեն իրեն, բայց պատասխան չստանալով՝ հրաժարվել է պայքարից։ ՀՅԴ-ից ասում են, որ Անտոնյանը, ուղերձը հղելով, չի սպասել իրենց պատասխանին։



Բայց հետաքրքիրն այն է, որ Դաշնակցությունն ինքն էլ թեկնածու չի առաջադրել, ինչո՞ւ պետք է ուրիշին սատարեր։ Հատկապես, որ ՀՅԴ-ն Աշտարակում ունի բավականին ակտիվ ավագանու անդամ՝ Կարեն Շահազիզյանը, ով կոալիցիայի արդյունքում նշանակվեց քաղաքի սոցիալական ապահովության գործակալության պետ, եւ հենց նա կարող էր ՀՅԴ-ի հավանական թեկնածուն լինել։ Շահազիզյանը չմանրամասնեց, թե ինչու կուսակցությունը չի առաջադրել իր թեկնածությունը։ Նա այսօր կրկին ավագանու անդամի թեկնածու է։ Ինչ վերաբերում է Անտոնյանին ժամանակին աջակցած եւ քաղաքապետ դարձրած ՀՀԿ-ին, ապա այստեղ էլ, ինչպես չբացառեց նաեւ ինքը՝ քաղաքապետը, դեր են խաղացել իր եւ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի լարված հարաբերությունները։ Ասում են՝ հենց Սահակյանն է վերեւ հասցրել, որ Անտոնյանը թույլ քաղաքապետ է, եւ չարժե նորից առաջադրել նրան։



Փոխարենը նախկին մարզպետը տակից, բայց բավականին բացահայտ աջակցում է ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանին, ով նաեւ իր սանիկն է։ Ի դեպ, ՀՀԿ տարածքային գրասենյակը հենց Աշտարակի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում է տեղակայված։ Արմեն Անտոնյանն ասաց, որ այս տարածքը ՀՀԿ-ին է նվիրաբերվել ոչ իր օրոք, այլ ավելի քան 10 տարի առաջ՝ հենց Ղալաչյանի քաղաքապետության օրոք։ Եվ ինքը քաղաքապետ դառնալով՝ չի կարողացել հետ վերցնել իշխանական ՀՀԿ-ից։ Նշենք, որ սա անթույլատրելի է՝ պետական տարածքը տրամադրել որեւէ քաղաքական կուսակցության։
Հիմնական մրցակցությունն Աշտարակում 3 թեկնածուների միջեւ է ընթանալու՝ Ղալաչյանի, Տերտերյանի եւ երիտասարդ գործարար Թովմաս Շահվերդյանի։ ԲՀԿ-ական թեկնածուի առաջադրումն ավելի շատ կուսակցության համար պիլոտային ծրագիր է՝ 2017-ի ընտրություններին ընդառաջ, որ ստուգեն, թե ինչ էլեկտորատ ունեն այստեղ։



Արդեն իսկ խոսակցություն կա քաղաքում, որ գործարար թեկնածուները լուրջ փողեր են ծախսում քաղաքում, եւ այստեղ ավելի շատ փողի պայքար է ընթանում, քան գաղափարի։
Թովմաս Շահվերդյանը նաեւ ավագանու անդամ է։ Նրան, սակայն, այս 4 տարվա ընթացքում 4 անգամ հազիվ են տեսել ավագանու նիստերին։ Երբ հարցրինք, թե որպես ավագանու անդամ ինչ է արել այս տարիներին, գործարարը դժվարացավ պատասխանել։ Միայն ասաց, որ կողքից հետեւել է։ Փոխարենը, նրա խոսքով, աշտարակցիներն այս տարիներին շատ լավ տեսել են իր աշխատանքը խանութում, ձորի հանգստի գոտում՝ նրա հորն է պատկանում «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրը։
Աշոտ Ղալաչյանը հարցազրույց չտվեց, խոստացավ խոսել ընտրություններից հետո՝ ամսի 20-ին։ Երեւի հույս ունի, որ կընտրվի եւ մամուլի հետ իր շփումը կսկսի քաղաքապետի աթոռից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ