Եթե դուք նորմալ երկրում լինեիք, ոստիկանությունը ձեզ ոչ թե կծեծեր, այլ կոչնչացներ

Եթե դուք նորմալ երկրում լինեիք, ոստիկանությունը ձեզ ոչ թե կծեծեր, այլ կոչնչացներ

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանն ԱՄՆ-ում ամիսներ մնալուց հետո Հայաստան է վերադարձել՝ մասնակցելու ԱԺ աշնանային նստաշրջանի նիստերին։



ԱՄՆ-ում կնոջ եւ երեխաների հետ ամիսներ մնալու հիմնավոր պատճառներ են եղել, եւ պատգամավորը, արձագանքելով մտքին, որ հայ պաշտոնյաներն իրենց երեխաներին այլ քաղաքացիություն ապահովելու մոլուցքով են տարված, արդարանում է, որ «որոշակի բժշկական խնդիրների» պատճառով է կնոջ ծննդաբերությունը կազմակերպել ԱՄՆ-ում։ Փաստորեն, անգամ պաշտոնյաները չեն վստահում ՀՀ առողջապահական համակարգին։ «Իմ բոլոր զավակներս ծնվել են Հայաստանում, իսկ այս դեպքում բժշկական խնդիր կար, որը Հայաստանում չեն կարող հոգալ, եւ, բնականաբար, անհրաժեշտություն կար գտնվել այնտեղ։ ...Մանրամասները, կարծում եմ, այլեւս հետաքրքիր չեն ոչ մեկին»։



- Ինչպե՞ս կմեկնաբանեք Հովիկ Աբրահամյանի հրաժարականը։



- Տրամաբանական։ Որովհետեւ եթե հանձն ես առնում մի գործառույթ, եթե քեզ վստահում են մի բան, պետք է կարողանաս լավագույնս անել։ Ինչպես հայտարարեց նախկին վարչապետը, կարիքը կա, որ ինքը հեռանում է։



- Դուք կարծում եք, որ Հովիկ Աբրահամյանը չէ՞ր կարողանում խնդիրներ լուծել։



- Եթե կարողանար, կլուծեր։



- Բայց շնորհակալություն էին հայտնում իրեն այդ աշխատանքի համար։



- Իհարկե, աշխատել է, ամեն մարդ աշխատում է իր հնարավորության սահմաններում։



- Հայտարարվեց, որ նոր դեմքերի ու սկզբունքների անհրաժեշտություն կա, որով էլ պայմանավորեցին հրաժարականը։ Ձեր կարծիքով, կառավարության մյուս անդամները, այդ թվում՝ ուժայինների ղեկավարները, համապատասխանո՞ւմ են այդ սկզբունքներին, պե՞տք է շարունակեն պաշտոնավարել։



- Տրամաբանությունը հուշում է, որ ադեկվատ մարդիկ պետք է մնան, շարունակեն աշխատել։ Չի կարելի այն մարդը, որը լավագույնն է աշխատում, որը պետության ու հասարակության կողմից իր առջեւ դրված պահանջները կարողանում է կատարել, ինչո՞ւ այդ մարդիկ հրաժարական տան։



- Իսկ ՀՀ ոստիկանապետն այդ մարդկանց շարքո՞ւմ է, ինչպե՞ս եք գնահատում իր եւ իր ղեկավարած կառույցի աշխատանքը։



- Գնահատականը հասարակությունն է տալիս։ Դուք վտանգվա՞ծ եք Հայաստանի Հանրապետությունում, Դուք երեկոյան վախենո՞ւմ եք տնից դուրս գալ, Հայաստան եկող տուրիստները զարմանում են։ Մենք ունենք աշխարհի ամենաապահով քաղաքից եւ երկրներից մեկը, մի շարք ցուցանիշներ կան, որոնցով չափվում է ոստիկանության աշխատանքը։



- Ընդամենը 1 ամիս առաջ մենք՝ լրագրողներս, շարքային քաղաքացիները ենթարկվեցինք ոստիկանության բռնություններին։



- Մեկ ամիս առաջ հանցագործություն տեղի ունեցավ, ուրիշ ի՞նչ պատասխան պետք է տրվեր։ «Սասնա ծռերը» հանցագործություն էին գործում, ես «Սասնա ծռերի» հրամանատարի որդին եմ, եւ նրանք ապականեցին «Սասնա ծռեր» ջոկատի անունը։ «Սասնա ծռեր» ջոկատը, որը կռվել է Արցախում, հրամանատարն իմ հայրն է եղել, որը զոհվել է Արցախում, կռվել է թուրքի դեմ, թշնամու դեմ, եւ նա չի մարտնչել երկիրը քայքայելու եւ հանցագործության ճանապարհով հարցեր լուծելու, իրենց ընկերոջն ազատելու համար։ Ես էլ բանտում ընկերներ ունեմ, հիմա ինձ ձեզ վերցնե՞մ։



- Խնդիրն այլ կերպ էր դրված։



- Ոչ, հենց այդկերպ էր դրված, հետո ինչ-որ մեկը հուշեց, որ կարելի է այսկերպ դնել, որպեսզի հասարակությանը ոտքի հանել հնարավոր լինի։ Այնպես որ, այդ քաղաքական խաղերը թող մնան իրենց, ես ձեզ ասում եմ՝ որպես արցախյան պատերազմի մասնակից հրամանատարի որդի, ես ասում եմ՝ սխալ էր էդ ամենը, նույնիսկ եթե իրենց հոգու կանչը ճիշտ էր, բռնած գործը, ճանապարհը սխալ էր ի սկզբանե։ Չէր կարելի։



- Դուք խոսում եք ոստիկանության լավ աշխատանքի մասին, բայց կարեւորագույն նշանակություն ունեցող ՊՊԾ գունդը հեշտությամբ գրավեցին, ինչը խոսում է ոստիկանության անգործության մասին։



- Դա կարեւորագույն ստորաբաժանում չէ, դա գունդ է, որը պահեստի դեր է խաղում։ Երբեք ինչ-որ մեկի մտքով չի կարող անցնի, որ ինչ-որ խեղկատակների մտքով կանցնի, որ ոստիկանը, որը ծառայություն է կատարում, 80 հազար է ստանում, երկրի դեմ ինչ-որ ոխերիմ հարցեր լուծելու համար գնալ սպանել ոստիկանի՞ն։ Ո՞ւր են այսօր այդ արդարության մարտիկները։ Ձերբակալվեցին հանցագործները, որոնք հանցանքի ճանապարհով էին փորձում հարցեր լուծել, միգուցե կարող է շատերը գաղափար չունեին, շատերի մոտ սկզբունքը ճիշտ էր, ցանկությունը՝ ուրիշ։ Հետո հանձնվելուց նրանք հասկանալ տվեցին, որ չեն ուզել էդ ճանապարհով գնալ։ Այո, ես էլ եմ համաձայն, որ փոփոխություններ են պետք, շատ բաների հետ համաձայն չեմ, բայց ես ձեր գլուխը չեմ ջարդում, ես ձեզ չեմ գնդակահարում, ծեծում-ջարդում ու ասում, որ լսեք ինձ։



- Էդ օրերին ոստիկանությունն արեց ծեծ ու ջարդ, պետք չէ, որ Դուք էլ անեք...



- Դուք ստում եք։ Եթե Դուք նորմալ երկրում լինեիք, Ձեզ ոչ թե էդպես կանեին, այլ հիմա Դուք ինձ հարցեր չէիք տա։ Եթե Դուք լինեիք աշխարհի Ձեր պատկերացրած լավագույն երկրում, Ձեզ կոչնչացնեին։



- Որտե՞ղ են լրագրող ոչնչացրել իր պարտականությունը կատարելու ժամանակ։



- Լրագրողը չափի մեջ պետք է իր պարտականությունը կատարի, լրագրողը հատուկ օպերացիաներին չի մասնակցում, չի խանգարում։



- Լրագրողները նաեւ հատուկ օպերացիաներ լուսաբանելու համար են։



- Ի՜նչն եք լուսաբանում, եթե գործողություն ա գնում, ու ոտի տակ ես ընկնում, բողոքում ես՝ վա՜յ, էսինչի ոտի տակ ընկա։ Դուք ընկնում եք մեքենայի տակ ու բողոքում, որ վարորդը ձեզ քցել է մեքենայի տա՞կ։ Դուք ձեզ գցում եք մեքենայի տակ՝ վտանգելով վարորդի կյանքը, վարորդին հոգեկան սթրեսի ենթարկելով, հետո բողոքո՞ւմ եք։



- Մեր մասնագիտական պարտականությունների մեջ մտնում է նաեւ հատուկ օպերացիաներ լուսաբանելը, թե դրանից ովքեր կընկնեն սթրեսի մեջ, ինչ կանեն, դա ուրիշ խնդիր է։



- Ձեր մասնագիտական պարտականությունն ասում է՝ գնացեք ընկեք մեքենայի տա՞կ, գնա գլուխ ջարդի եւ բողոքի, որ քեզ ծեծե՞լ են, կլիվիտայով մի զբաղվեք։



- Ոստիկանությունն է՞լ է զրպարտում, երբ հայտարարում է, որ լրագրողների դեմ բռնության փաստով ձերբակալություններ կան։



- Ոստիկանությունն ավելի ադեկվատ է գտնվել, քան լրագրողներդ, ավելի ճշտախոս էր, քան դուք, ոստիկանությունն ինքն իր նկատմամբ քննադատորեն մոտեցավ, եւ մի շարք ոստիկաններ, որոնք չափերն անցել էին, որոնց գործողությունների մեջ կային ավելորդություններ, բոլորը պատասխանատվության են ենթարկվում, եւ դեռ քննությունները շարունակվում են։ Բայց ես չեմ տեսել մի լրագրող, որ մեկդ մյուսին քննադատեք, ասեք՝ այ, սա իսկապես հրահրում էր, այ, սա չափերն անցնում էր։ Դա էլ ձեր բարոյական տեսակի մասին է խոսում։ Վերջապես՝ չկա՞ ձեր հավաքականի մեջ գեթ մեկը, որը խղճի առաջ մաքուր կգտնվի ու կասի՝ այո, տվյալ լրագրողը լրագրող կոչվելու իրավունք չուներ։



- Փաստորեն, Դուք համոզված եք, որ չպետք է Վովա Գասպարյանին պաշտոնանկ անել։



- Ես չեմ որոշողը։ Բայց ես կարծում եմ, որ երկիրն անսասան է, եւ ոստիկանության գործողությունները հիմնավորված են։ Զոհվեցին ոստիկաններ, եւ չզոհվեց ոչ մի քաղաքացի, փոխանակ խոնարհ լինեք, դուք դեռ խոսո՞ւմ եք, փոխանակ լուսաբանեք, խոնարհվեք էդ ոստիկանների ընտանիքների առջեւ, որովհետեւ նրանք մատաղ էղան, որ դուք էսօր շարունակեք հարց տալ եւ որպես պետություն գոյություն ունենալ։ Թացը չորի հետ մի խառնեք, ոստիկանությունը գնաց ինքնազոհության, վտանգի տակ դրեց իր հեղինակությունը, որպեսզի երկիրն անսասան մնա, որպեսզի երկիրը չդառնա Ուկրաինա, չմասնատվի, եւ չկորցնենք։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ