Ազգային համաձայնության կառավարություն է ձևավորվել

Ազգային համաձայնության կառավարություն է ձևավորվել

Երեկ գրեթե ամբողջական դարձավ նոր կառավարության կազմը, մի քանի բացառությունները չհաշված՝ նոր կառավարությունում գերակշռում են անկուսակցական նախարարները. նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքն էլ անկուսակցական է։ Այս օրերին ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում խանդով են խոսում կառավարության ձեւավորման գործընթացի, անկուսակցականներին նախապատվություն տալու, այսկերպ «ՀՀԿ-ին անարգելու» մասին։ Մինչդեռ տեղեկություններ կան, որ անկուսակցականներին ասպարեզ բերելու մտահղացումն իշխանության վերին օղակներում է ծագել. ինչպես ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն բազում համայնքներում անկուսակցականների, այսինքն՝ ծպտյալ ՀՀԿ-ականների աջակցեց, այնպես էլ 2017-ից առաջ նպատակ է դրված անհայտ ու անծանոթ նախարարների նշանակումներով չբազմապատկել հանրային դժգոհությունը։ 



Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը համաձայն չէ, թե ՀՀԿ-ն իրեն սպառել է, չի էլ կիսում տեսակետը, թե ՀՀԿ-ն կադրային «անսպառ բանկ» ունի, նա պնդում է՝ կուսակցական պատկանելությունը կարեւոր չէ: «Թող լավ կադրեր, լավ կառավարիչներ լինեն, ի՞նչ պարտադիր է, որ վարչապետը կուսակցականների նշանակեր, ավելի լավ չէ՞, որ վարչապետն ապակուսակցական է»,- զարմանում է Համլետ Հարությունյանը։ Պատգամավորի խոսքով, ՀՀԿ-ն այդքան հորջորջվող ազգային համաձայնության կառավարության ձեւավորման ճանապարհին է, որտեղ կան եւ ՀՀԿ-ականներ, եւ անկուսակցականներ, եւ դաշնակցականներ. «Սա ազգային համաձայնության կառավարություն է, եւ չի բացառվում, որ ապագայում ուրիշ կուսակցություններից մասնակցեն»։ Մտավախություն չկա՞, որ մարդիկ կարող են վերջնականապես մերժել ՀՀԿ-ին՝ հասկանալով, որ կուսակցությունն սպառել է իրեն։ Համլետ Հարությունյանն արձագանքեց. «Կառավարությունը լինի կուսակցական, թե անկուսակցական, ՀՀԿ-ն է որպես իշխող մեծամասնություն պատասխանատու երկրում»։



Ստացվում է, որ, որպես պրոֆեսիոնալներ, գործադիրն ընտրում է անկուսակցականների, սակայն նրանց աշխատանքի արդյունքը պետք է վերագրվի ՀՀԿ-ի՞ն։ Հարությունյանը կրկնեց․ «ՀՀԿ-ն է պատասխանատու եւ կառավարության, եւ երկրի համար»։ Նա վստահ, որ ՀՀԿ-ից նեղացածների բանակ չի ձեւավորվի, որովհետեւ կուսակցությունում հիմնականում պետական մտածողություն ունեն։ Կարդարացնի՞ նոր կառավարությունը սպասելիքները, Համլետ Հարությունյանն այս պահին չի կարող ասել։



Փոխարենը ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանի կարծիքով, երկրում փոփոխությունների անհրաժեշտությունը բխում էր նոր Սահմանադրությունից, նա, ի տարբերություն կուսակից ընկերոջ, մեծ ակնկալիքներ ունի նոր կառավարությունից, կարծում է, որ ցանկացած փոփոխություն նպատակային է, այդ թվում՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունները։ Օրինակ, սփյուռքի նախարարության անվանումը «հայրենադարձություն» բառով համալրելը, ըստ տիկնոջ, ամրապնդելու է հայրենադարձության գաղափարը եւ համապատասխան միջավայր է ստեղծելու.



«Միշտ էլ այլ տեղ ավելի լավ պայմաններ փնտրելը մարդկային գործոն է, իրենց թվում է, որ լավ կյանքը կարող է լինել իր տնից հեռու, գուցե հիմա արտագաղթը մի քիչ շատ է կամ քիչ, տարբեր տարիների մենք տարբեր ցուցանիշներ ենք ունեցել, բայց որ մարդը միշտ փորձել է լավ կյանք գտնել այնտեղ, որտեղ ինքը չկա, իրենից հեռու է, դա փաստ է»,- արտագաղթի պատճառների իր պատկերացումներով կիսվեց ՀՀԿ-ական պատգամավորը, իսկ պատասխանատուների մասին շտապեց ասել. «Չպետք է կախաղան հանել, մեղադրել կամ ծափահարել ինչ-որ մարդկանց, մեղք չկա, սա պատմության մի ընթացք է, անկախությունը ձեռք բերելը հեշտ չէ։ Դուք համամի՞տ չեք, որ հիմա ժողովուրդն ավելի լավ է ապրում, քան տարիներ առաջ, որ սեւ հաց էին ուտում... Տարիներ հետո սա (նկատի ունի արտագաղթը՝ Լ. Շ.) էլ պիտի արդարացնենք, մեղք չկա, բայց այո, կա պատասխանատվություն, եւ ամեն ինչ անում ենք, որ այդ հարցերը լուծվեն, պետք է նայել, թե ինչ առաջընթաց ենք ունեցել»։ Մուրադյանը թվարկեց այլ ոլորտներ՝ բանակ, մշակույթ եւ այլն, որտեղ, իր գնահատմամբ, ձեռքբերումներ ունենք։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ