Մենք հրաշալի ընտրություններ ունեցանք

Մենք հրաշալի ընտրություններ ունեցանք

Հայաստանում ընտրովի պաշտոններում մարդկանց պաշտոնավարման ժամանակացույցը ճշտվում է ոչ թե ընտրություններով, այլ Մելիք-Ադամյան 2-ում ոչ այնքան տեսանելի տեղում փակցված սխեմայի համեմատ: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի ժամանակն ավարտվել էր ըստ այդ սխեմայի, դրա համար էլ նա չառաջադրվեց այս ընտրություններում, եւ Վանաձորում սկսվեց նոր դարաշրջան`նոտար Մամիկոն Ասլանյանի դարաշրջանը: Թե որքան կձգվի այն, կախված է միայն հիշյալ սխեմայով նոտար Մամիկոնին տրված ժամանակից: Նոտար Մամիկոնը, ճիշտ է, իր հաղթանակը համարում է վանաձորցիների հաղթանակը, բայց նման բան չկա, իրականում: Վանաձորցիներին ճանաչողը կասի. դա հաղթանակ է՝ ի հեճուկս վանաձորցիների, որ ձեռք է բերվել, այսպես ասենք` ամեն գնով, այդ թվում նաեւ նրանց ճապոնական կուտ տալով` ի դեմս «Լուսավոր Հայաստանի», որ ավելին չէ, քան ՀՀԿ-ի ժելեած եվրաթեւը, եւ որը գեներացվեց ընդդիմադիր զանգվածի ձայները փոշիացնելու հատուկ նպատակով: Արդյունքում «հաղթեց» «Լուսավոր Հայաստանի» մայր կուսակցության` ՀՀԿ-ի թեկնածուն, որ վանաձորցիների կեսի կեսի աջակցությունն էլ չի վայելում: Նայեք թվերին` ընտրություններին մասնակցել է ընտրողների կեսից պակասը, իսկ հաղթողի ցուցակն էլ ստացել է մասնակիցների կեսից պակասի քվեն` ընդամենը մի կարգին գյուղապետի չափ ձայն: Այդուհանդերձ, պետք է շնորհավորել հաղթողին, որովհետեւ, մեռնեմ օրենքին, հաղթում է ամենաշատ ձայն հավաքողը:



Մելիք-Ադամյանում կախված օրացույցով Բալասանյանը քաղաքապետ աշխատելու եւս մեկ «սռոկ» ուներ, եւ նա մնաց իր պաշտոնում: Նրա հաղթանակն ընդհանրապես խղճահարություն է առաջացնում իր հանդեպ` որպես անձի: Պատկերացրեք, որ նա Գյումրու քաղաքապետ է դարձել` ունենալով ընտրելու իրավունք ունեցող գյումրեցիների հազիվ 11-12 տոկոսի քվեն: Մոտ 126 հազար ընտրողից Գյումրիում ընտրության է մասնակցել ընդամենը 45 հազար 670-ը: Բալասանյանն ստացել է շատ մոտավոր 15 հազար ձայն, ինչը չի կարող պատիվ բերել, մի կողմից, մի ամբողջ դաշինքի, իսկ մյուս կողմից էլ՝ ավանդական ընդդիմադիր համարվող գյումրեցիներին, որոնք այդքան շատ ձայն են տվել ՀՀԿ-ից ու զրոյական վարկանիշ ունեցող գրասենյակներից բաղկացած «դաշինք» գոյացությանը: Եվ այս դեպքում էլ ստիպված են շնորհավորել հաղթողին, իսկ գյումրեցիներին մաղթել` բարի վայելում:



Մյուս, համեմատաբար խոշոր համայնքում` Սեւանում, իշխանափոխության նման մի բան է բեմադրվել: Այստեղ իշխանությունը գործող քաղաքապետ ՀՀԿ-ականից անցել է ՀՀԿ-ի պաշտպանած անկուսակցական եւ ինքնառաջադրված թեկնածուին: Վերջինս` Սարգիս Մուրադյանը, գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանից, որը, ի դեպ, «կատաղի» պայքար էր մղում, մոտ երկու անգամ շատ ձայն է հավաքել, ինչը նշանակում է, թե այդ անընդդիմադիր քաղաքում որքան հստակ է գործել Մելիք-Ադամյանում գծված սխեման:
Քաղաքապետի ընտրություններն աննախադեպ բարձր մակարդակով են անցել Արթիկում: Ասում են` Գերմանիայից ու Ֆրանսիայից նույնիսկ փորձի փոխանակման առաջարկներ են ստացվել: Եվրոպացի գործընկերները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ ժողովրդավարության ասպարեզում հայկական այդ հեղափոխության պատճառները, քանզի հենց եվրոպական քաղաքներում, որ մի թեկնածուն մյուսին հաղթի ընդամենը 160 ձայնով, հաճախ չի պատահում: Բայց Արթիկում ո՞վ է ում հաղթել այդքան «գրագետ» ձեւով: Պարզվում է` ՀՀԿ-ական ինքնառաջադրված թեկնածու Մխիթար Վարագյանը հաղթել է ԱԺ անկուսակցական պատգամավոր (նա ե՞րբ դարձավ անկուսակցական` չիմացանք) Մուշեղ Պետոյանին, որը ժամանակին, ոչ առանց ՀՀԿ-ի համաձայնության է հայտնվել ԱԺ-ում: Հետեւաբար, կարելի է ասել, որ Մելիք-Ադամյանի սխեման է դարձյալ գործել, եւ եթե այդ սխեմայով որոշված լիներ, որ Պետոյանը պետք է դառնար Արթիկի քաղաքապետ, ուրեմն հենց նա էլ կդառնար:



Բացառությամբ Գյումրու եւ Վանաձորի, ՏԻՄ ընտրություններում Մելիք-Ադամյանի նոու հաուն, անկասկած, ՀՀԿ-ի պաշտպանած անկուսակցական ինքնառաջադրվածների հաղթանակներն են: Թե որքան ժամանակ ՀՀԿ «ծպտյալ» կադրերը կմնան անկուսակցական, դժվար է ասել: Դա կախված է Մելիք-Ադամյանի` մախաթը պարկում թաքցնելու արվեստից: Լավ չեն աշխատի` «տուտ ժե» որեւէ պատճառով հրաժարական կտան, ու ՀՀԿ-ն նույնիսկ մեղքի զգացում չի ունենա: ՀՀԿ-ն, ինչպես գրագետ նժդեհականներն են պնդում, պատասխանատվություն կրող ուժ է, բայց այնպես էլ չէ, որ նա պատասխան է տալու որեւէ անկուսակցական ինքնառաջադրված ու հաղթած գյուղապետի համար, եթե վերջինս գյուղը հասցնի անդունդի եզրին:



Ամփոփելով ասվածը` կարելի է ասել, որ անցած ՏԻՄ ընտրությունները մեկ քայլ առաջ էին: Հատկապես աչք էր շոյում դիտորդ ՀԿ-ների, ԿԸՀ-ի, դատախազության, ոստիկանության եւ ՔԿՀ-ի համագործակցությունը, որ սկսվել էր դեռ նախորդ ընտրություններից: Այդ համագործակցությունը նոր մակարդակի հասցվեց հատկապես Վանաձորում եւ Գյումրիում: Դրա մեջ իրենց անուրանալի ներդրումն ունեցան նաեւ ԱԺ սրտացավ պատգամավորներից Հեղինե Բիշարյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, ինչու ոչ` Հովհաննես Մարգարյանը: Նրանց, ինչպես նաեւ դիտորդ ՀԿ-ների հայտնաբերած խայտառակ խախտումներն ու հանցագործությունները (ընտրակաշառքի դեպքեր, Գյումրին հոսանքազրկելու սպառնալիք, մարդկանց կուտակումներ, ընդդիմադիր եւ իշխանական կուսակցությունների վստահված անձանց հանցավոր համագործակցություն, ընտրողի ընտրահամարի` տեղամասից դուրս հանելու բազմաթիվ դեպքեր եւ այլն, եւ այլն) այնքան սահուն են դառնում քրեական գործեր ու դուրս գալիս իրավապահ մարմինների հետեւի դռնից, որ նույնիսկ չեն ազդում ընտրությունների ելքի վրա:



Հեղինե Բիշարյանի եւ Էդմոն Մարուքյանի վանաձորյան արշավանքից մի դեպք պատմեմ` չծիծաղեք: Տիկին Բիշարյանն իր աչքով տեսել է «Պորշե» մակնիշի մեքենայում ընտրակաշառք բաժանելը, բայց բավարարվել է այդ մասին հպանցիկ բանավոր հայտարարություն անելով, իսկ Էդմոն Մարուքյանը, որ իր աչքով չի տեսել այդ նույն արգահատելի արարքը, այլ ականջով է լսել, շտապել է ՀՀԿ-ին ասել, որ դադարեցնեն այդ գործընթացը: ՀՀԿ-ն, բնականաբար, հերքել է Մարուքյանի լսած ասեկոսեն, իսկ չափավոր ընդդիմադիր Մարուքյանն էլ անմիջապես հավատացել է ՀՀԿ-ին ու «կասկած» հայտնել, որ ընտրակաշառքը «կարող ա ազդած չըլի ընտրությունների ելքի վրա»: Բա ի՞նչ եք կարծում` հե՞շտ է Վանաձորի ավագանիում մարդ ունենալը: Դրա համար «ընդդիմադիր» ՀՎԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» դեռ պետք է տեղավորվեին Մելիք-Ադամյանի սխեմայի մեջ:



Օգտվելով առիթից` թույլ տվեք շնորհավորել հատկապես «Լուսավոր Հայաստանին» եւ «Համախմբումին»` Գյումրիում եւ Վանաձորում իրենց շրխկան հաղթանակների կապակցությամբ, իսկ ԲՀԿ-ին էլ` Գագիկ Ծառուկյանի դանդաղ, բայց հաստատուն քայլերով դարձյալ քաղաքականություն վերադառնալու առիթով: Անկեղծորեն ուրախ եմ, որ Մելիք-Ադամյանի չվացուցակում չեն մոռացել ընդգրկել ԲՀԿ-ի նման հսկա այլընտրանքին:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ