Հայտնի բլոգերները «Թերթից» գնացին

Հայտնի բլոգերները «Թերթից» գնացին

Սյունակագիրների մի խումբ՝ Վահան Իշխանյանը, Արծրուն Պեպանյանը, Մարինե Պետրոսյանը, այլեւս չեն երեւալու tert.am էլեկտրոնային պարբերականի էջերին։ Նրանց փոխարինելու են Կարմեն Դավթյանը, Սամվել Մարտիրոսյանը, Արմեն Օհանյանը՝ Արմեն Հայաստանցին։ Փոփոխությունը պայմանավորված է նոր ղեկավարի՝ Արամ Անտինյանի քաղաքականությամբ, որը tert.am-ի խմբագրի պաշտոնում փոխարինել է Հարություն Կբեյանին։ Մեր տեղեկություններով, հեղինակները նամակ են ստացել խմբագրապետից։ «Ինձ տեղեկացրել են, որ ֆինանսական խնդիրների պատճառով հանում են իմ սյունակը»,- ասաց Արծրուն Պեպանյանը։ Պատասխանելով մեր հարցին, թե որտեղ կարող ենք նրան կարդալ, Պեպանյանը պատասխանեց. «Իմ ֆեյսբուքյան էջում, նաեւ մի նոր կայքից եմ առաջարկ ստացել»։ «Թերթի» խմբագիրը հաստատեց, որ խզել է պայմանագրերը հայտնի բլոգերների հետ, սակայն հրաժարվեց նշել, թե ինչ պատճառով եւ ում ցանկությամբ է դա արել։ «Ես ձեզ մեր ներքին հարցերն ինչի՞ պետք է ասեմ»,- պատասխանեց նա։ Հավատալ, որ պատճառները զուտ ֆինանսական են, դժվար է, քանի որ կայքը հենց այս օրերին հայտարարություն է արել նոր աշխատողներ հավաքագրելու մասին՝ խոստանալով բարձր աշխատավարձ։ Ավելի տրամաբանական կլինի եզրակացնել, որ ճաշակի եւ քաղաքական կողմնորոշման փոփոխություն է կատարվել։ Հանուն արդարության նշենք, որ նախկինում tert.am-ում քաղաքական ցենզուրայի դեպքեր չեն նկատվել, եւ բլոգերներն ասում են, որ գրել են՝ ինչ եւ ինչպես ցանկացել են, առանց սահմանափակումների։