Ոստիկանությունից բարեկամական հեռագիր ենք ստացել

Ոստիկանությունից բարեկամական հեռագիր ենք ստացել

Ես այնքան եմ հարգում իմ հայրենի Ոստիկանությանն ու այնքան վստահ եմ որ այդ հարգանքը փոխադարձ է, որ չէի էլ կասկածում` եթե Ոստիկանությունից ինձ մի օր պատասխանեն, ապա դա կանեն միայն բարեկամական նամակով: Փառք Աստծո, հուսախաբ չարեցին, և ահա, սաղ-սալամաթ նստած` Աշոտ Ահարոնյանի բարեկամական նամակն եմ կարդում: Ոչ բռնություն, ոչ բերման ենթարկել, ոչ խուզարկություն: Կարծում եք ուրիշի հետ այսպե՞ս կվարվեին: Բնավ, երբեք: Գնահատում եմ:



Այո, ճիշտ է Աշոտ Ահարոնյանը, որ իմ վերջին «Բաց նամակ բոլորին» հոդվածից եզրակացրել է, որ ինձ դարձյալ տուգանել են երթևեկության կանոնները խախտելու համար: Նա ճիշտ է նաև այն հարցում, որ ես իմ ունեցած միակ հնարավորությամբ (իր խոսքով` թերթակայքային տարածքում) պարբերաբար անդրադառնում եմ տեխնիկական միջոցներով խախտումների արձանագրման խնդրին: Դարձյալ գնահատում եմ և շնորհակալ եմ: Լրագրողին, հավատացեք, շատ բան պետք չէ լավ զգալու համար:
Բայց մյուս կողմից էլ լրագրողի համար մահացու վիրավորանք է, երբ նրան մեղադրում են անհասկացողության մեջ այն էլ` ոստիկանությունից: Լսողն ի՞նչ կասի: Եվ, որպեսզի չխայտառակվեմ իմ հազարավոր ընթերցողների առաջ, որոշեցի պատասխանել:



Պատասխանել ավելի ջերմ ու սրտառուչ, քան գրել է իմ շատ սիրելի Աշոտ Ահարոնյանը:
Եվ այսպես` կարիք չկա ապշելու, թե «օրինակելի հետևողականությամբ» չեմ ընդունում, որ չտուգանվելու համար պիտի խախտում չանեմ: Եթե ցանկություն առաջանա աչքի անցկացնել Էդիկ Անդրեասյանի խախտումների պատմությունը, ապա կտեսնեք, որ քանիցս Ոստիկանությունը ընդունել է իր սխալը և հօգուտ Էդիկ Անդրեասյանի որոշումներ կայացրել, ընդ որում` ոչ մի անգամ չբարեհաճելով ներողություն խնդրել: Սա ասում եմ, սիրելի Աշոտ, որպեսզի ավելորդ անգամ չծանրանամ Ձեր այն մեղադրանքի վրա, որ վաղուց եմ մեքենա վարում, բայց կանոնները չգիտեմ: Ձեր գայիշնիկների 90 տոկոսին աչքերս փակ դաս կտամ և օֆ չեմ անի: Նրանցից շատերն են ինձ ճանաչում, դեռ հետս խոսելիս էլ «հոպար» են ասում, գիտեի՞ք: Ինչպես տեսնում եք, ես ապշելու ավելի շատ պատճառներ ունեմ:



Չեմ կարող չհիանալ իմ բարեկամի փայլուն հրապարակախոսությամբ. «Տուգանելը գրպան մտնել չի, այլ հաջորդ խախտումը (տուգանքից շատ ավելի ծանր հետևանքներով) կանխելու միջոց»: Ես հասկանում եմ, որ սա մեծարգո ոստիկանապետի մտքերից է քաղված, բայց չեմ կարող ըմբռնել, թե ինչ աղետալի հետևանքների կարող է հասցնել, օրինակ, կարմիր գծերի մեջ կանգնելն ու չվճարելը, մեքենայի ստվերով հոծ գիծը հատելը: Եվ հետո անհասկանալի է, թե այդ խղճուկ տուգանքներով ինչպես են կարգի հրավիրելու այն հաբռգածներին, որոնք փողին` փող, մարդուն մարդ չեն ասում ու քշում են ոնց պատահի, ոնց քեֆները տա:



Հարցի մյուս կողմն էլ կա` իսկ ի՞նչ է հանիրավի տուգանքը, եթե ոչ գրպան մտնել, իսկ ի՞նչ է մարդուն տուգանքի մասին չտեղեկացնելն ու ԴԱՀԿ-ին պաս տալը: Երևի` բարեկամությո՞ւն, ընկերությո՞ւն, կատա՞կ…
Աշոտ Ահարոնյանն ինձ խորհուրդ է տալիս` քշել սովորիր, որ հոնորարներդ քեզ մնան: Շնորհակալ եմ սրտացավության համար, բայց ուզում եմ ասել, որ էն կարգի ապուշ նյութերի համար, որոնք վերաբերվում են մեր կյանքի այլանդակություններին, թերթերը և մանավանդ կայքերը վաղուց է, ինչ հոնորար չեն տալիս: Որովհետև անիմաստ է թերթի սուղ միջոցներից փող տալ մի նյութի համար, երբ գիտես, որ նախագահը հրավիրելու է այդ այլանդակությունների հեղինակներին ու թատերական մեկ ներկայացման շրջանակներում է լուծելու հարցը:



Եվ վերջում հոնորարի մասին: Սիրելի Աշոտ Ահարոնյան ջան, երկու օր առաջ սկանդալ պայթեց, որ կառավարությունում մի հատուկ կազմակերպություն կա, որին բյուջեից փող են տալիս, որ մշտադիտարկումներ է անցկացնի «Ֆեյսբուքում» ու վճարի կառավարության, առանձին նախարարների ու նախարարությունների աշխատանքը լուսաբանող ստատուսչիկներին: Նույնիսկ միջինացված հոնորարն էր հայտնի` 15 հազար դրամ: Հիրավի ապշելու բան է: Եվ որպեսզի բանը բանից չանցնի, վարչապետը շտապեց ակտիվ ֆեյսբուքահայության հետ հանդիպել, խոսել դեսից դենից, կարևորել սոցիալական ցանցերի դերը, այսինքն` ջրել խայտառակ սկանդալի տպավորությունը: Ուզում եմ հարցնել բարեկամաբար` ի՞նչ արժե, օրինակ, այսպիսի բարեկամական նամակը, որ գրել եք ինձ: Մարդ ես, մեկ էլ տեսար` ես էլ գրեմ կառավարության համար, որ հոնորարներս հերիքեն Ոստիկանության և մյուս պատժիչ գերատեսչությունների տուգանքները վճարելուն:



Լավագույն բարեմաղթանքներով`
Էդիկ Անդրեասյան